ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 21

1 Դաւիթը եկաւ Նոմբա, Աքիմելէք քահանայի մօտ։ Աքիմելէքը նրան տեսնելով՝ զարհուրեց ու ասաց. Ինչո՞ւ ես մենակ, ինչո՞ւ ոչ ոք չկայ քեզ հետ։
2 Դաւիթն ասաց Աքիմելէք քահանային. Արքան այսօր ինձ մի գործ է յանձնարարել եւ ասել է ինձ. Ոչ ոք չիմանայ, թէ ինչու եմ քեզ ուղարկում եւ թէ ինչ եմ պատուիրել քեզ։ Ես իմ ծառաներին յանձնարարել եմ մնալ այն տեղում, որ կոչւում է փելմոնի ելմոնի, այսինքն՝ Աստծու հաւատարմութիւն։
3 Արդ, եթէ հինգ նկանակ ունես քո ձեռքի տակ, տո՛ւր ինձ։ Կամ էլ իմ պէտքերի համար տո՛ւր, ինչքան որ կայ։
4 Աստծու քահանան պատասխան տալով՝ ասաց Դաւթին. Ես անմաքուր հաց չունեմ, ունեմ սուրբ հաց։ Եթէ քո ծառաները կանանց չեն մերձեցել, թող ուտեն։
5 Դաւիթը պատասխանեց քահանային՝ ասելով. Կանանցից հեռու ենք մնացել երէկուանից ու նախորդ օրուանից։ Ճանապարհ ընկնելու ժամանակ իմ ծառաները մաքրուել են, բայց այս ճանապարհը պիղծ է, այդ պատճառով այսօր դա պիտի մաքրուի իմ գործով։
6 Աքիմելէք քահանան տուեց նրան առաջաւորութեան հացից, քանի որ այնտեղ սովորական հաց չկար, այլ միայն՝ առաջաւորութեան հաց, որ վերցրել էին Տիրոջ առաջից՝ այդ օրը դրանց փոխարէն տաք հաց դնելու համար։
7 Այն օրն այդտեղ էր գտնւում Սաւուղի ծառաներից մէկը, որը Տիրոջ առջեւ դիւահարութեամբ էր բռնուած։ Նրա անունն էր Դովեկ Ասորի։ Նա Սաւուղի ջորիներն էր արածեցնում։
8 Դաւիթն ասաց Աքիմելէքին. Այստեղ ձեռքիդ տակ գեղարդ կամ սուր կա՞յ։ Իմ սուրն ու զէնք ու զրահը հետս չեմ վերցրել, քանի որ արքայի գործը շտապ էր։
9 Քահանան ասաց. Ահա այլազգի փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Եղա հովտում։ Դա շորով փաթաթուած ու դրուած է վակասի յետեւը։ Եթէ ուզում ես, վերցրո՛ւ, քանզի, բացի դրանից, այստեղ ոչինչ չկայ։ Դաւիթն ասաց. Դրա նմանը չկայ, տո՛ւր ինձ այն։ Եւ նա դա տուեց նրան։
10 Դաւիթն այդ օրը ելաւ ու փախաւ Սաւուղի առաջից եւ եկաւ Գէթի արքայ Անքուսի մօտ։
11 Անքուսի ծառաներն ասացին նրան. Սա Դաւիթը չէ՞, այն երկրի թագաւորը։ Սրա համար չէ՞, որ պար բռնող կանայք երգում էին ու ասում. Սաւուղը հազար սպանեց, իսկ Դաւիթը՝ հազարաւորներ։
12 Դաւիթն այս խօսքերը պահեց իր յիշողութեան մէջ եւ սաստիկ վախեցաւ Գէթի արքայ Անքուսից։
13 Նա իր դէմքն այլակերպեց, այդ օրը նրանց առջեւ խելագար ձեւացաւ։ Նա նուագում պարում էր քաղաքի դռների մօտ, լորձունքները ծորեցնում իր մօրուքի վրայ, գլուխկոնծի տալիս։
14 Անքուսն ասաց իր ծառաներին. Դուք տեսնում էք, որ այս մարդը դիւահար է։
15 Ինչո՞ւ էք նրան ինձ մօտ բերել։ Մի՞թէ ես դիւահարներին կարօտ եմ, որ նրան բերել էք ինձ մօտ, որպէսզի դիւահարութիւն անի։ Նա թող իմ տունը չմտնի։