ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 20

1 Դաւիթը Ռամայի Նաւաթ բնակավայրից փախաւ եկաւ Յովնաթանի մօտ ու ասաց նրան. Ի՞նչ եմ արել, ո՞րն է յանցանքս, ի՞նչ մեղք եմ գործել քո հօր դէմ, որ մտադրուել է ինձ սպանել։
2 Յովնաթանը նրան ասաց. Քա՛ւ լիցի, դու չպիտի մեռնես։ Հայրս ոչ մի մեծ կամ փոքր գործ չի բռնում առանց ինձ յայտնելու, եւ ինչպէ՞ս կարող է հայրս այդ բանն ինձնից թաքցնել։
3 Այդպիսի բան չկայ։ Պատասխան տուեց Դաւիթը Յովնաթանին՝ ասելով. Քո հայրը լաւ գիտի, որ ես շնորհ եմ գտել քո աչքում, եւ դրա համար էլ կը մտածի, թէ Յովնաթանն այդ մասին թող չիմանայ, թէ չէ դժգոհ կը լինի։ Բայց վկայ է Տէրը, եւ վկայ ես դու, որ, ինչպէս ասացի, ինձ մի քայլ է բաժանում հօրդ նիւթած մահից։
4 Յովնաթանն ասաց Դաւթին. Դու ինչ որ կը կամենաս, ես կ՚անեմ քեզ համար։
5 Դաւիթն ասաց Յովնաթանին. Ահա վաղը նորալուսին է, ես պէտք է արքայի հետ նստէի հաց ուտելու, սակայն ինձ թո՛ղ, որ մինչեւ երրորդ օրուայ երեկոն դաշտում թաքնուեմ։
6 Եթէ հայրդ իմ մասին հարցնի, կ՚ասես, թէ՝ Դաւիթն իր քաղաքը՝ Բեթղեհէմ գնալու արտօնութիւն խնդրեց ինձանից, քանզի այնտեղ ամբողջ ազգատոհմի զոհաբերութեան օրն է։
7 Եթէ ասի՝ Լաւ է, ապա քո ծառայի համար խաղաղութիւն է, իսկ եթէ խիստ պատասխան տայ, իմացի՛ր, որ նա չար գործ է նիւթել։
8 Դու ողորմի՛ր քո ծառային, քանզի ինձ հետ Տիրոջն ուխտ ես դրել, եւ եթէ քո ծառան որեւէ յանցանք ունի, դու ինքդ սպանի՛ր ինձ. ինչո՞ւ անպայման ինձ յանձնես քո հօր ձեռքը։
9 Յովնաթանն ասաց. Քա՛ւ լիցի։ Եթէ ես իմանամ, որ հայրս քո դէմ չարիք է նիւթել, քո քաղաքում իսկ քեզ կը յայտնեմ։
10 Դաւիթն ասաց Յովնաթանին. Ո՞վ պէտք է ինձ յայտնի, թէ քո հայրը խստութեամբ է պատասխանել։
11 Յովնաթանը Դաւթին ասաց. Գնա՛ ու սպասի՛ր դաշտում։ Եւ երկուսով դաշտ գնացին։
12 Յովնաթանն ասաց Դաւթին. Երդւում եմ Իսրայէլի Տէր Աստուծով, որ երբ իմ հօրը երեք անգամ քննելով տեսնեմ, թէ նա արդեօք բարի՞ է Դաւթի նկատմամբ, թէ չար, դաշտ՝ քեզ մօտ մարդ կ՚ուղարկեմ։
13 Տէրը Յովնաթանին այսպէս եւ սրանից աւելին թող անի, եթէ չբացայայտեմ հօրս չարութիւնը քո հանդէպ եւ քեզ չյայտնեմ։ Այդ դէպքում քեզ կ՚արձակեմ, որ գնաս խաղաղութեամբ, եւ Տէրը քեզ հետ լինի, ինչպէս իմ հօր հետ էր։
14 Իսկ եթէ ես կենդանի մնամ, դու ինձ գթասրտութիւն ցոյց տո՛ւր.
15 եթէ մեռնեմ, քո գթասրտութիւնը իմ տնից չկտրես յաւիտեան։ Նոյնիսկ այն ժամանակ, երբ Տէրը Դաւթի թշնամիներին երկրի երեսից ջնջի,
16 Յովնաթանի անունը համարում պէտք է ունենայ Դաւթի տանը, եւ Տէրը Դաւթի թշնամիներից պէտք է վրէժ առնի։
17 Յովնաթանը Դաւթին կրկին երդուեցրեց իր սիրով, քանզի նրան իր անձի պէս էր սիրում։
18 Յովնաթանը նրան ասաց. Վաղը նորալուսին է։ Քեզ պիտի փնտռեն։ Քո տեղը դատարկ տեսնելով՝ քո մասին պիտի հարցնեն։
19 Երեք օր կը մնաս, ապա կը գաս այն վայրը, ուր թաքնուել էիր գործի օրը։ Կը նստես Երգաբ կոչուող քարի մօտ։
20 Ես երեք նետ կ՚արձակեմ, իբրեւ թէ նպատակակէտի վրայ,
21 ու կ՚ուղարկեմ պատանեակին՝ ասելով. Գնա՛ նետերը գտի՛ր։ Եթէ ասեմ պատանեակին՝ Քեզանից այս կողմ է նետը, այս կողմում փնտռի՛ր, կը գաս. նշանակում է խաղաղութիւն է քեզ համար, եւ ոչ մի վտանգ չկայ, վկայ է Տէրը։
22 Իսկ եթէ ասեմ պատանեակին՝ Քեզանից այն կողմ է նետը, գնա՛, քանզի Տէրն է քեզ արձակել։
23 Իմ ու քո ասածների համար Տէրը վկայ է իմ ու քո միջեւ յաւիտեան։
24 Դաւիթը թաքնուեց դաշտում։ Նորալուսին եկաւ, եւ արքան սենեակ մտաւ հաց ուտելու։
25 Արքան, ըստ սովորութեան, նստեց պատի մօտ դրուած աթոռին։ Յովնաթանը վեր կացաւ։ Աբենները նստել էր Սաւուղի մօտ, իսկ Դաւթի տեղը դատարկ էր։
26 Այդ օրը Սաւուղը ոչինչ չասաց, որովհետեւ մտածեց, թէ նրան մի բան է պատահել, երեւի մաքուր չէ կամ չի մաքրուել։
27 Հետեւեալ օրը, նորալուսնի երկրորդ օրն էլ Դաւթի տեղը դատարկ էր։ Սաւուղն ասաց իր որդի Յովնաթանին. Յեսսէի որդին ինչո՞ւ երէկ եւ այսօր սեղան նստելու չեկաւ։
28 Յովնաթանը պատասխանեց Սաւուղին. Նա ինձնից արտօնութիւն խնդրեց ու գնաց իր քաղաքը՝ Բեթղեհէմ։
29 Նա ասաց. Արձակի՛ր ինձ, քանզի այդ քաղաքում մեր ազգատոհմը զոհ է մատուցելու։ Եղբայրներս ինձ կանչել են, եւ եթէ հիմա քո աչքին շնորհ եմ գտել, գնամ տեսնեմ իմ եղբայրներին։ Այս պատճառով նա արքայի սեղանին չի եկել։
30 Սաւուղը բարկացաւ Յովնաթանի վրայ եւ ասաց նրան. Պոռնկորդի՛, մատնի՛չ, միթէ չգիտե՞մ, որ դու դաշնակից ես Յեսսէի որդուն։ Դա ամօթ ու խայտառակութիւն է քեզ համար եւ քո մօր սեռական մերկութեան համար։
31 Ինչքան ժամանակ որ Յեսսէի որդին կենդանի է, քո թագաւորութիւնը հաստատուն չի լինի։ Հիմա մա՛րդ ուղարկիր ու պատանի Դաւթին բերել տո՛ւր, քանզի նա մահապարտ է։
32 Յովնաթանը պատասխան տուեց իր հայր Սաւուղին՝ ասելով. Ինչո՞ւ պէտք է մեռնի, ի՞նչ է արել նա։
33 Եւ Սաւուղը Յովնաթանի վրայ բարձրացրեց գեղարդը, որ նրան սպանի։ Յովնաթանն իմանալով, որ հայրը Դաւթին սպանելու չար որոշում է կայացրել, խիստ զայրանալով՝
34 սեղանից վեր կացաւ եւ նորալուսնի երկրորդ օրը հաց չկերաւ։ Նա տխրեց Դաւթի համար, քանզի հայրը Դաւթին անարգել էր։
35 Առաւօտեան Յովնաթանը դաշտ գնաց, ինչպէս որ պայմանաւորուել էին ինքն ու Դաւիթը։
36 Նրա հետ մի փոքրիկ պատանի կար։ Նա ասաց պատանեակին. Վազիր գտի՛ր այն նետերը, որ ես պիտի արձակեմ։ Նա նետեր արձակեց, եւ պատանին վազեց, որ դրանք բերի։
37 Երբ պատանեակը գնաց մինչեւ այն տեղը, ուր Յովնաթանը նետեր էր արձակել,
38 Յովնաթանը կանչեց պատանեակի յետեւից՝ ասելով. Նետը քեզնից այն կողմ է։ Ապա Յովնաթանը պատանեակի յետեւից կանչեց. Շտա՛պ արի, մի՛ կանգնիր։
39 Յովնաթանի պատանին նետերը հաւաքեց ու բերեց իր տիրոջը։ Պատանեակը, սակայն, ոչինչ չգիտէր, եւ միայն Յովնաթանն ու Դաւիթը գիտէին այդ բանը։
40 Յովնաթանն իր գործիքները տուեց պատանեակին՝ ասելով նրան. Գնա մտի՛ր քաղաք։
41 Տղան գնաց, իսկ Դաւիթն Երգաբ կոչուող քարից դուրս եկաւ, իր երեսի վրայ գետին ընկաւ եւ նրան երեք անգամ երկրպագութիւն արեց։ Նրանք իրար համբուրեցին, եւ ամէն մէկն իր ընկերոջ համար երկար ժամանակ լաց եղաւ։
42 Յովնաթանն ասաց Դաւթին. Գնա՛ խաղաղութեամբ, ինչպէս որ մենք Տիրոջ անուամբ երդուեցինք՝ ասելով, որ Տէրը յաւիտեան վկայ լինի իմ ու քո միջեւ եւ իմ զաւակի ու քո զաւակի միջեւ։
43 Դաւիթը վեր կացաւ ու գնաց, իսկ Յովնաթանը մտաւ քաղաք։