ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 30

1 Երբ Դաւիթն ու նրա մարդիկ երրորդ օրը մտան Սիկեղակ, ամաղէկացիներն ասպատակել էին հարաւակողմը եւ Սիկեղակը։ Նրանք հարուածել էին Սիկեղակին ու հրի մատնել, գերեվարել էին կանանց եւ երկրում գտնուող բոլոր մարդկանց՝ փոքրից մինչեւ մեծը։
2 Թշնամին չէր սպանել տղամարդկանց եւ կանանց, այլ գերել էր ու գնացել իր ճանապարհով։
3 Դաւիթն ու իր մարդիկ երբ մտան քաղաք, տեսան, որ այն հրկիզուած է, իսկ իրենց կանայք, տղաներն ու աղջիկները՝ գերուած։
4 Դաւիթը եւ իր մարդիկ իրենց ձայնը բարձրացրին ու լաց եղան այնքան, որ նրանց վրայ լալու ուժ այլեւս չմնաց։
5 Գերուել էին նաեւ Դաւթի երկու կանայք՝ Աքինովամ Յեզրայելացին ու Կարմեղացի Նաբաղի կինը՝ Աբիգեան։
6 Դաւիթը մեծ տագնապի մէջ էր. ժողովուրդն ուզում էր նրան քարկոծել, որովհետեւ ամէն մէկի սիրտը կսկծում էր իր տղաների ու աղջիկների համար։
7 Դաւիթն ասաց Աքիմելէքի որդի Աբիաթար քահանային. Մօտեցրո՛ւ պարեգօտդ։ Աբիաթարը մօտեցրեց պարեգօտը Դաւթին։
8 Դաւիթը հարցրեց Տիրոջը եւ ասաց. Հետապնդե՞մ այդ ելուզակներին, կը հասնե՞մ նրանց։ Տէրն ասաց. Հետապնդի՛ր եւ անպայման կը հասնես ու բոլոր գերիներին կը փրկես։
9 Դաւիթն իր հետ վերցնելով վեց հարիւր մարդ՝ եկաւ մինչեւ Բոսորի հեղեղատը, իսկ ուժասպառ եղածները մնացին տեղում։
10 Դաւիթն այդ չորս հարիւր մարդկանցով հետապնդեց թշնամուն, իսկ երկու հարիւր մարդ էլ մնաց նստած Բոսորի հեղեղատի այն կողմը։
11 Նրանք դաշտում մի եգիպտացու գտան, բռնեցին ու բերեցին դաշտ, Դաւթի մօտ։ Նրան հաց տուեցին, ու նա կերաւ, ջուր խմեցրին, տուին նրան մի կտոր չոր թուզ, երկու ողկոյզ չամիչ։
12 Նա կերաւ եւ ուժ առաւ, քանզի երեք օր ու երեք գիշեր ո՛չ հաց էր կերել, ո՛չ ջուր խմել։
13 Դաւիթը ասաց. Դու ո՞ւմ մարդն ես, որտեղի՞ց ես։ Պատանեակն ասաց. Ես եգիպտացի եմ, մի ամաղէկացու ծառայ։ Տէրս ինձ լքեց, քանզի երրորդ օրն է, որ հիւանդ եմ։
14 Մենք ասպատակեցինք Քերեթի հարաւային կողմերը, Հրէաստանի կողմերը եւ Քաղէբի հարաւակողմը, իսկ Սիկեղակը հրի մատնեցինք։
15 Դաւիթն ասաց նրան. Ինձ այդ ելուզակների մօտ կ՚առաջնորդե՞ս։ Եգիպտացին ասաց նրան. Երդուի՛ր, որ ինձ չես սպանի, չես յանձնի իմ տիրոջ ձեռքը, եւ ես քեզ ելուզակների մօտ կ՚առաջնորդեմ։ Նա երդուեց նրան։
16 Եգիպտացին նրան այնտեղ տարաւ, եւ Դաւիթը տեսաւ, որ նրանք ցրուած էին ամբողջ դաշտում, ուտում ու խմում էին եւ այլազգիների ու Յուդայի երկրից վերցրած մեծամեծ աւարով ուրախութիւն անում։
17 Դաւիթը նրանց վրայ յարձակուեց եւ Արուսեակի երեւալուց մինչեւ երեկոյ ու միւս օրը կոտորեց նրանց այնպէս, որ ոչ մի տղամարդ չփրկուեց։ Միայն չորս հարիւր երիտասարդներ, ուղտերը հեծած, փախան։
18 Դաւիթն ազատեց այն բոլորին, որոնց գերեվարել էին ամաղէկացիները։ Նա փրկեց նաեւ իր երկու կանանց։
19 Նրանց ունեցածից ոչ մի բան չէր պակասել. փոքրից մինչեւ մեծը, տղաներին եւ աղջիկներին եւ այն ամէնը, ինչ առել էին նրանցից, Դաւիթը յետ բերեց։
20 Դաւիթն առաւ բոլոր հօտերն ու արջառները եւ տարաւ աւարի առջեւից։ Աւարի համար ասում էին. Սա Դաւթի աւարն է։
21 Դաւիթը եկաւ ուժասպառ եղած երկու հարիւր զինուորների մօտ, որոնք չէին կարողացել Դաւթի յետեւից գնալ եւ մնացել էին Բոսորի հեղեղատում։ Նրանք ընդառաջ գնացին Դաւթին ու նրա հետ եղած զօրքին։ Դաւիթը մօտեցաւ այդ երկու հարիւր զինուորներին, հարցուփորձ արեց նրանց առողջութեան մասին։
22 Դաւթի հետ պատերազմի գնացած դաժան ու անզգամ մարդիկ ասացին. Քանի որ սրանք մեզ հետ չեկան, ուստի մենք էլ մեր փրկած աւարից նրանց բաժին չենք հանի։ Միայն ամէն մէկը թող առնի իր կնոջն ու որդիներին եւ գնայ, հեռանայ։
23 Դաւիթն ասաց. Եթէ Տէրը թշնամուն յանձնել է մեր ձեռքը եւ մեզ պահել է, ուրեմն այդ բանը մի՛ արէք, եղբայրնե՛ր։ Չէ՞ որ Տէրը մեր ձեռքն է մատնել մեզ վրայ յարձակուած ելուզակներին։
24 Ո՞վ կը լսի ձեր խօսքերը, չէ՞ որ նրանք ձեզնից թոյլ չեն։ Պահապանների բաժինը հաւասար պէտք է լինի պատերազմի գնացողների բաժնին։
25 Աւարը հաւասարապէս պէտք է բաժանուի։ Եւ այդ օրուանից մինչեւ այսօր դա իբրեւ օրէնք ու իրաւունք կիրառւում է Իսրայէլի մէջ։
26 Դաւիթը եկաւ Սիկեղակ եւ աւարից ուղարկեց Յուդայի երկրի ծերերին ու իր ընկերներին՝ ասելով.
27 Ահա ձեզ Տիրոջ թշնամիների աւարից բաժին եմ հանում, ո՜վ Բեթէլի ու հարաւային Ռամաթի,
28 Եթերի ու Արոյերի, Եփթամոթի, Եսթամայի,
29 Երաքէլի եւ յերեմելացիների ու կինեցիների քաղաքների, Ռամայի,
30 Բորասանի ու Աթաքի, Քեբրոնի ու բոլոր այն վայրերի բնակիչներ,
31 ուր Դաւիթն ու իր մարդիկ արշաւել են։