ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 6

1 Տիրոջ տապանակը եօթը ամիս մնաց այլազգիների երկրում։ Նրանց երկրում Տէրը վխտալ տուեց մկներին։
2 Այլազգիներն իրենց քրմերին, գուշակներին եւ կախարդներին կանչեցին ու ասացին. Ի՞նչ անենք Տիրոջ տապանակը, մեզ խորհուրդ տուէ՛ք, թէ ինչպէ՞ս այն իր տեղն ուղարկենք։
3 Նրանք ասացին. Եթէ Իսրայէլի Տէր Աստծու ուխտի տապանակը ուղարկէք, այն դատարկ մի՛ ուղարկէք, այլ անպատճառ պատուհասի վերացման զոհաբերութիւն արէ՛ք նրան։ Այն ժամանակ կը բուժուէք, Տէրը կը ների ձեզ, եւ գուցէ թէ նրա պատժող ձեռքը վերանայ ձեզանից։
4 Նրանք ասացին. Պատուհասի վերացման ինչպիսի՞ զոհաբերութիւն մատուցենք։ Նրանք պատասխանեցին. Այլազգիների իշխանների թուի համեմատ յետոյքի ոսկէ հինգ քանդակներ կերտեցէ՛ք եւ ոսկէ հինգ մկներ ձուլեցէ՛ք, քանզի նոյն այդ հարուածներն են իջել ձեզ, ձեր իշխանների ու ձեր ժողովրդի վրայ։
5 Արդ, կերտեցէ՛ք ձեր յետոյքների քանդակները, ձեր երկիրն ապականող մկների արձանիկները եւ փառաւորեցէ՛ք Տիրոջը, որ նա վերացնի իր ձեռքը ձեր, ձեր աստուածների ու ձեր երկրի վրայից։
6 Ինչո՞ւ էք ձեր սրտերը կարծրացնում այնպէս, ինչպէս Եգիպտոսն ու փարաւոնն էին կարծրացրել իրենց սրտերը։ Չէ՞ որ Աստուած նախ յաղթեց եգիպտացիներին եւ յետոյ միայն իսրայէլացիներին ազատ արձակեց, որ գնան։ Արդ, տախտակ վերցրէ՛ք եւ մի նոր սայլ պատրաստեցէ՛ք։
7 Բերէ՛ք անդրանկածին երկու երինջ, որոնք դեռ ձագ չեն բերել։ Երինջները սայլին լծեցէ՛ք, իսկ յետեւից եկող հորթերին գոմում փակեցէ՛ք։
8 Վերցրէ՛ք Տիրոջ տապանակը եւ այն դրէ՛ք սայլի վրայ, իսկ պատուհասի վերացման համար մատուցուող ոսկէ ընծաները դրէ՛ք քուրձէ տոպրակի մէջ, դրա կողքին։
9 Հրեցէ՛ք սայլը եւ թողէ՛ք, որ գնայ։ Հետեւեցէ՛ք եւ տեսէ՛ք. եթէ դէպի իր սահմանը՝ Բեթսամիւս է գնում, ուրեմն մեզ մեծամեծ չարիքներով պատժողը Տէրն է, իսկ եթէ՝ ոչ, իմացէ՛ք, որ Տիրոջ ձեռքը չէ, որ մեզ պատուհասել է, այլ եղած պատիժները պատահական են։
10 Այլազգիներն այդպէս էլ արեցին։ Նրանք բերեցին անդրանկածին երկու երինջ, դրանք լծեցին սայլին, իսկ դրանց հորթերը պահեցին գոմում։
11 Սայլի վրայ դրեցին Տիրոջ տապանակը, քուրձէ տոպրակի մէջ դրուած մկների ու իրենց յետոյքների ոսկէ քանդակները։
12 Երինջները ուղիղ Բեթսամիւսի ճանապարհը բռնեցին. նրանք ջանում էին առանց աջ ու ձախ խոտորուելու մի շաւիղով գնալ։ Այլազգիների իշխանները մինչեւ Բեթսամիւսի սահմանը գնում էին նրանց յետեւից։
13 Բեթսամիւսի բնակիչները հովիտներում ցորեն էին հնձում։ Նրանք իրենց հայեացքը բարձրացնելով՝ տեսան Տիրոջ ուխտի տապանակը եւ նրա համար ուրախացան։
14 Սայլը մտաւ բեթսամիւսացի Օսէի դաշտը։ Այնտեղ՝ սայլի կանգնած տեղում, մի մեծ քար կանգնեցրին, սայլի փայտերը կոտրեցին, իսկ երինջները Տիրոջը ողջակէզ մատուցեցին։
15 Ղեւտացիները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը, քուրձէ տոպրակն ու դրա միջի ոսկէ քանդակները եւ դրեցին մեծ քարի վրայ։ Բեթսամիւսացիները այդ օրը ողջակէզներ ու զոհեր մատուցեցին Տիրոջը։
16 Այլազգիների հինգ իշխանները այս բանը տեսնելուց յետոյ նոյն օրը վերադարձան Ակկարոն։
17 Պատուհասի վերացման համար այլազգիների ընծայած ոսկէ քանդակներից մէկը Ազոտոսի համար էր, մէկը՝ Գազայի համար, մէկն՝ Ասկաղոնի, մէկը՝ Գէթի, մէկն էլ՝ Ակկարոնի համար,
18 իսկ ոսկէ մկները այլազգիների հինգ իշխաններին պատկանող բոլոր քաղաքների թուի համեմատ էին, որոնք պարսպապատ քաղաքներից հասնում էին մինչեւ փերեզացիների աւանները, մինչեւ այն քարը, որի վրայ դրեցին Տիրոջ ուխտի տապանակը, որը մինչեւ այսօր էլ կայ բեթսամիւսացի Օսէի դաշտում։ Յեքոնէի որդիները, սակայն, բեթսամիւսացիների նման չուրախացան, որ տեսել են Տիրոջ ուխտի տապանակը։
19 Տէրը նրանցից յիսուն հազար եօթանասուն մարդ կոտորեց։ Ժողովուրդը սգի մէջ էր, քանզի Տէրը ժողովրդին մեծամեծ հարուածներ էր հասցրել։
20 Բեթսամիւսացի մարդիկ ասացին. Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Տէր Աստծու առաջ, եւ մեզանից ո՞ւմ մօտ կը գնայ Տիրոջ ուխտի տապանակը։
21 Եւ Կարիաթարիմի բնակիչների մօտ պատգամաւորներ ուղարկեցին, որ նրանց ասեն. Այլազգիները վերադարձրին Տիրոջ ուխտի տապանակը, եկէ՛ք եւ այն ձեզ մօտ տարէ՛ք։