ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 9

1 Բենիամինի որդիներից սերուած Կիս անունով մի ուժեղ մարդ կար, որ որդին էր Աբիէլի, եւ սա որդին՝ Արէդի, եւ սա թոռը՝ Բեքորաթի ու ծոռը՝ Ափիայի, որ յեմինացի մի մարդ էր։
2 Նա Սաւուղ անունով բարի ու թիկնեղ մի որդի ունէր։ Իսրայէլացիների մէջ նրանից բարետես մարդ չկար, բոլոր մարդիկ մէկ գլխով ցածր էին նրանից։
3 Մի անգամ կորան Սաւուղի հօր աւանակները։ Կիսն ասաց իր որդի Սաւուղին. Վերցրո՛ւ ծառաներից մէկին, եւ ելէ՛ք, գնացէ՛ք աւանակները փնտռելու։
4 Նրանք գնացին, անցան Եփրեմի լեռը, անցան Սարիսի երկիրը՝ չգտան աւանակները, անցան Սադիմի երկիրը՝ չկային աւանակները, անցան յեմինացիների երկիրը՝ եւ չգտան։
5 Երբ հասան Սիփ, Սաւուղն ասաց իր հետ եկած ծառային. Արի՛ վերադառնանք։ Կարող է հայրս, աւանակները մոռացած, մե՛զ համար անհանգստանայ։
6 Ծառան ասաց նրան. Այս քաղաքում է ապրում Աստծու մարդը։ Նա պատուաւոր մարդ է եւ ինչ որ ասում է, անպայման կատարւում է։
7 Արի՛ գնանք նրա մօտ, թերեւս մեզ ցոյց տայ այն ճանապարհը, որով պէտք է գնանք։ Սաւուղն ասաց իր հետ եկած ծառային. Եթէ գնանք, ի՞նչ տանենք Աստծու մարդուն, չէ՞ որ մեր ամաններից հացը պակասել է, եւ մի աւելի բան չունենք, որ տանենք Աստծու մարդուն։
8 Ծառան նորից պատասխան տալով Սաւուղին՝ ասաց. Ես ունեմ քառորդ սիկղ արծաթ։ Այն կը տաս Աստծու մարդուն, եւ նա ցոյց կը տայ մեր ճանապարհը։
9 (Հին ժամանակներում երբ իսրայէլացիները գնում էին Աստծուց խորհուրդ հայցելու, այսպէս էին ասում. Եկէ՛ք գնանք տեսանողի մօտ, որովհետեւ հին ժամանակներում ժողովուրդը մարգարէին տեսանող էր անուանում)։
10 Սաւուղն իր ծառային ասաց. Ճիշտ ես ասում, արի՛ գնանք։
11 Եւ նրանք գնացին այն քաղաքը, ուր գտնւում էր Աստծու մարդը։ Մինչ նրանք բարձրանում էին դէպի քաղաք տանող զառիվերը, նրանց հանդիպեցին աղջիկներ, որոնք ջուր հանելու էին եկել։
12 Նրանք հարցրին աղջիկներին. Այստե՞ղ է ապրում տեսանողը։ Աղջիկները պատասխան տալով՝ ասացին. Այստեղ է, ահա ձեր առջեւն է, սակայն շտապեցէ՛ք, նա միայն այսօրուայ համար է եկել քաղաք, որովհետեւ ժողովուրդն այսօր է Բամայում զոհ անում։
13 Եթէ հիմա մտնէք քաղաք, նրան կը գտնէք այնտեղ, որովհետեւ դեռ չի գնացել Բամա՝ ուտելու, եւ ժողովուրդը չի ուտի, մինչեւ որ նա չգայ, որովհետեւ նա օրհնում է զոհը, ու դրանից յետոյ հիւրերն ուտում են։
14 Արդ, շո՛ւտ գնացէք, որ նրան հիմա այնտեղ գտնէք։ Նրանք գնացին քաղաք եւ երբ մտան քաղաքամէջ, Սամուէլն էլ Բամա բարձրանալիս հանդիպեց նրանց։
15 Սաւուղի գնալուց մի օր առաջ Տէրը Սամուէլին յայտնել էր նրա մասին ու ասել. Վաղը այսինչ ժամին Բենիամինի երկրից մի մարդ պիտի ուղարկեմ քեզ մօտ, որ նրան Իսրայէլի իմ ժողովրդի վրայ իշխան օծես։
16 Նա իմ ժողովրդին պիտի փրկի այլազգիների ձեռքից, քանզի ականատես եղայ ժողովրդիս տառապանքներին, եւ նրա աղաղակը ինձ հասաւ։
17 Սամուէլը տեսաւ Սաւուղին, եւ Տէրն ասաց նրան. Ահաւասիկ սա է այն մարդը, որի մասին ասել եմ քեզ, թէ՝ Նա է ղեկավարելու իմ ժողովրդին։
18 Սաւուղը քաղաքամիջում մօտենալով Սամուէլին՝ հարցրեց. Ասա՛ ինձ, ո՞րն է տեսանողի տունը։
19 Պատասխան տուեց Սամուէլը եւ ասաց Սաւուղին. Տեսանողը ես ինքս եմ։ Իմ առջեւից գնալով բարձրացի՛ր Բամա։ Այսօր ինձ հետ կ՚ուտես, իսկ վաղը քեզ կ՚արձակեմ, եւ ամէն ինչ, որ սրտումդ կայ, կը պատմեմ քեզ։
20 Երեք օր առաջ կորցրած քո աւանակների համար մի՛ մտածիր, քանզի դրանք գտնուել են։
21 Եւ ո՞ւմ է պատկանում Իսրայէլի փառքը, եթէ ոչ քեզ եւ քո հօր ամբողջ տոհմին։ Պատասխան տուեց Սաւուղն՝ ասելով. Չէ՞ որ ես Իսրայէլի ամենափոքր ազգատոհմին պատկանող մի յեմինացու որդի եմ, եւ Բենիամինի ցեղի մէջ իմ տոհմը ամենակրտսերն է։ Ինչո՞ւ ես ինձ այդ բաներն ասում։
22 Սամուէլը Սաւուղին ու նրա ծառային տարաւ ճաշասրահ, նրանց նստեցրեց շուրջ երեսուն հիւրերի ամենավերին շարքում։
23 Սամուէլն ասաց խոհարարին. Բե՛ր ինձ այն բաժինը, որ քեզ տուի ու պատուիրեցի, որ քեզ մօտ պահես։
24 Խոհարարը եփեց ազդրը՝ վրայի մսով եւ այն դրեց Սաւուղի առջեւ։ Սամուէլն ասաց Սաւուղին. Ահաւասիկ այս է մնացել, առջեւդ դի՛ր ու կե՛ր, որ դա քեզ համար վկայութիւն լինի ժողովրդի առաջ, եւ կրծի՛ր։ Այդ օրը Սաւուղը Սամուէլի հետ կերաւ։
25 Նա Բամայից իջաւ քաղաք։ Սաւուղի համար տանիքի վրայ անկողին գցեցին, ու նա քնեց։
26 Երբ առաւօտեան նրանք զարթնեցին, Սամուէլը Սաւուղին տանիքից կանչելով՝ ասաց. Ե՛կ, արձակելու եմ քեզ։ Սաւուղն իջաւ, եւ ինքն ու Սամուէլը տնից դուրս եկան։
27 Երբ նրանք հասան քաղաքի սահմանին, Սամուէլն ասաց Սաւուղին. Ասա՛ քո ծառային, որ մեզանից առաջ անցնի։ Եւ նա առաջ անցաւ։ Սամուէլն ասաց Սաւուղին. Դու այսօր այստեղ կը մնաս, որ լսես Տիրոջ պատգամները։