ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 19

1 Սաւուղը խօսեց իր Յովնաթան որդու եւ իր բոլոր ծառաների հետ՝ Դաւթին սպանելու համար։
2 Սաւուղի որդի Յովնաթանը, սակայն, շատ էր սիրում Դաւթին եւ այս բանը հաղորդեց նրան՝ ասելով. Իմ հայրը մտադիր է քեզ սպանել, ուստի զգո՛յշ եղիր վաղն առաւօտեան, թաքնուի՛ր ու նստի՛ր թաքստոցում։
3 Ես դուրս կը գամ ու կը կանգնեմ հօրս մօտ, այն դաշտում, ուր դու կը լինես։ Ես իմ հօր հետ կը խօսեմ քո մասին, կը տեսնեմ, թէ ինչ կ՚ասի եւ կը յայտնեմ քեզ։
4 Եւ Յովնաթանը Դաւթի մասին նպաստաւոր խօսքեր ասելով իր հօրը՝ Սաւուղին, աւելացրեց. Թող արքան իր ծառայ Դաւթի դէմ մեղք չգործի, քանզի նա ոչ մի մեղք չի գործել քո դէմ։ Նա քո նկատմամբ բարի շատ գործեր է կատարել։
5 Նա իր անձը վտանգի ենթարկելով՝ սպանել է այլազգուն՝ Գողիաթին, Տէրը մեծ փրկութիւն է շնորհել, եւ ամբողջ Իսրայէլն այդ տեսնելով՝ ուրախացել է։ Ինչո՞ւ Դաւթին ի զուր սպանելով անմեղ արեան մեղքի տակ մտնես։
6 Սաւուղն անսաց Յովնաթանի խօսքին ու երդուեց՝ ասելով. Կենդանի է Տէրը. նա չպիտի մեռնի։
7 Յովնաթանը կանչեց Դաւթին եւ հաղորդեց նրան այս բոլոր խօսքերը։ Յովնաթանը Դաւթին տարաւ Սաւուղի մօտ, եւ նա Դաւթին վերաբերուեց այնպէս, ինչպէս նախկինում։
8 Դարձեալ պատերազմ եղաւ, ու Դաւիթը դուրս եկաւ այլազգիների դէմ պատերազմի։ Նա նրանց շատ մեծ ջարդ տուեց, եւ նրանք փախան նրա առջեւից։
9 Տիրոջ չար ոգին իջաւ Սաւուղի վրայ. սա, գեղարդը ձեռքին, իր տանը նստած էր, իսկ Դաւիթը քնար էր նուագում։
10 Սաւուղը փորձեց Դաւթին գեղարդով պատին գամել, սակայն նա Սաւուղի հարուածից խոյս տուեց. գեղարդը պատին խրուեց, իսկ Դաւիթը փախչելով ազատուեց։
11 Այդ գիշեր Սաւուղը մարդ ուղարկեց Դաւթի տունը, որ հետեւեն եւ առաւօտեան սպանեն նրան։ Դաւթի կին Մեղքողն այդ մասին նրան յայտնելով՝ ասաց. Եթէ այս գիշեր ինքդ քեզ չփրկես, վաղը կը մեռնես։
12 Մեղքողը Դաւթին պատուհանից իջեցրեց, եւ սա փախչելով փրկուեց։
13 Մեղքողը մի խրտուիլակ բերեց ու դրեց մահճի վրայ, նաեւ այծի լեարդ ու սնարին՝ մազի կծիկ եւ ծածկոցով ծածկեց։
14 Սաւուղը մարդ ուղարկեց Դաւթին բռնելու. եկան ասացին Սաւուղին, թէ նա հիւանդ է։
15 Դարձեալ մարդ ուղարկեց Դաւթի յետեւից՝ ասելով. Մահիճով հանդերձ նրան ինձ մօտ բերէ՛ք, որ սպանեմ։
16 Մարդիկ եկան եւ տեսան, որ մահճի մէջ խրտուիլակ էր դրուած, այծի լեարդ եւ սնարին՝ մազի կծիկ։
17 Սաւուղն ասաց Մեղքողին. Ինչո՞ւ ինձ այսպէս խաբեցիր, իմ թշնամուն բաց թողեցիր, եւ նա փրկուեց։ Մեղքողն ասաց Սաւուղին. Ինքն ասաց, թէ՝ Արձակի՛ր ինձ, ապա թէ ոչ՝ քեզ կը սպանեմ։
18 Դաւիթը փախչելով փրկուեց, եկաւ Արիմաթէմ, Սամուէլի մօտ, նրան պատմեց ամէն ինչ, որ Սաւուղն արել էր իր նկատմամբ։ Սամուէլն ու Դաւիթը գնացին ու բնակուեցին Ռամայի Նաւաթ բնակավայրում։
19 Սաւուղին իմաց տուեցին, թէ՝ Ահա Դաւիթը Ռամայի Նաւաթ բնակավայրում է։
20 Սաւուղը մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դաւթին, բայց երբ նրանք տեսան մարգարէութիւն անող մարգարէների ժողովն ու նրանց ղեկավարող Սամուէլին, Աստծու հոգին Սաւուղի մարդկանց վրայ իջաւ, եւ նրանք էլ մարգարէացան։
21 Սաւուղին պատմեցին եղելութիւնը, նա այլ մարդկանց ուղարկեց, եւ սրանք եւս մարգարէացան։ Սաւուղը կրկին ուրիշ մարդկանց ուղարկեց, սրանք էլ մարգարէացան։
22 Սաւուղը խիստ բարկացաւ, ինքը գնաց Արիմաթէմ ու հասնելով մինչեւ Սոկքովի մեծ ջրհորը՝ հարցրեց. Ո՞ւր են Սամուէլն ու Դաւիթը։
23 Նրան ասացին. Ռամայի Նաւաթ բնակավայրում։ Նա այնտեղից գնաց Ռամայի Նաւաթ բնակավայրը, Աստծու հոգին իջաւ նրա վրայ, եւ նա ճանապարհը շարունակելով՝ մինչեւ Ռամայի Նաւաթ բնակավայրը հասնելը մարգարէութիւն էր անում։
24 Նա հանեց իր զգեստները ու նրանց առջեւ մարգարէանում էր։ Ամբողջ գիշեր ու ցերեկ նա մերկ ընկած էր գետնին։ Դրա համար են ասում, թէ՝ Սաւո՞ւղն էլ է մարգարէների մէջ։