ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 31

1 Այլազգիները պատերազմ մղեցին Իսրայէլի դէմ, եւ իսրայէլացիները այլազգիների առաջ փախուստի դիմելով՝ վիրաւոր ընկան Գեղբուա լերան վրայ։
2 Այլազգիները հետապնդելով Սաւուղին ու նրա որդիներին՝ սպանեցին Սաւուղի որդիներին՝ Յովնաթանին, Ամինադաբին ու Մեղքիսաւէին։
3 Պատերազմը Սաւուղի դէմ սաստկացաւ, կորովի աղեղնաւորները գտան նրան, եւ նա վիրաւորուեց կողոսկրից ներքեւ։
4 Սաւուղն ասաց իր կապարճակրին. Սուրդ մերկացրո՛ւ եւ դրանով ինձ մահացու խոցի՛ր։ Չլինի, թէ անթլփատները գան, ինձ խոցոտեն ու ծաղր ու ծանակի ենթարկեն։ Կապարճակիրը չուզեց այդ անել, քանզի սաստիկ վախեցել էր։
5 Սաւուղն առաւ իր սուրը եւ իրեն նետեց դրա վրայ։ Երբ կապարճակիրը տեսաւ, թէ Սաւուղը մեռաւ, ինքը եւս իրեն նետեց սրի վրայ ու նրա հետ մեռաւ։
6 Մեռան Սաւուղը, իր երեք որդիներն ու իր կապարճակիրը. նրա բոլոր մարդիկ նոյն օրը միասին մեռան։
7 Երբ հովտի այն կողմում ու Յորդանան գետի այն կողմում գտնուող իսրայէլացիները տեսան, թէ իսրայէլացիները փախան, եւ թէ մեռան Սաւուղն ու իր որդիները, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին։ Այլազգիները եկան ու բնակուեցին դրանց մէջ։
8 Հետեւեալ օրը այլազգիները եկան դիակները կողոպտելու։ Նրանք գտան Գեղբուա լերան վրայ ընկած Սաւուղին ու նրա երեք որդիներին։
9 Նրան շուռ տուեցին, վերցրին զէնքերը եւ կտրեցին գլուխը։ Նրանք աւետաբերներ ուղարկեցին այլազգիների երկրի չորս կողմը՝ յայտնելու այս մասին իրենց կռատներին ու ժողովրդին։
10 Սաւուղի զէնքերը դրեցին Աստարտիոնի տանը եւ
11 սպանուածների մարմինները կախեցին Բեթսանի պարսպից։
12 Երբ գաղաադացիների Յաբիս բնակավայրի բնակիչները լսեցին այն մասին, թէ ինչ էին արել այլազգիները Սաւուղին,
13 բոլոր զօրեղ մարդիկ վեր կացան, ամբողջ գիշեր գնացին, Բեթսանի պարսպից վերցրին Սաւուղի ու նրա որդի Յովնաթանի մարմինները, Յաբիս բերեցին դրանք եւ այնտեղ այրեցին։
14 Այնուհետեւ նրանց ոսկորներն առնելով՝ թաղեցին Յաբիսի դաշտում եւ եօթը օր ծոմ պահեցին։