ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 5

1 Այլազգիները Աստծու տապանակը վերցրին ու այն Աբենեզերից տարան Ազոտոս։
2 Այլազգիները Տիրոջ տապանակը դրեցին Դագոնի տաճարը եւ կանգնեցրին Դագոնի կողքին։
3 Յաջորդ օրը վաղ առաւօտեան զարթնեցին ազոտացիները, մտան Դագոնի տաճարը եւ տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջեւ երեսնիվայր ընկած է։ Նրանք բարձրացրին Դագոնը եւ դրեցին իր տեղը։ Տիրոջ ձեռքը բարձրացաւ ազոտացիների վրայ։ Նա չարչարեց Ազոտոսի ամբողջ տարածքում ապրող մարդկանց, թութքով հիւանդացրեց նրանց։
4 Երբ յաջորդ առաւօտ նորից կանուխ զարթնեցին, տեսան, որ Դագոնը Տիրոջ ուխտի տապանակի առջեւ երեսնիվայր ընկած է, Դագոնի գլուխն ու ոտքի երկու թաթերը ջարդուած են ու գետնին ցրուած, ձեռքի երկու դաստակները ընկած են դռան սեմին. Դագոնի միայն իրանն էր մնացել։
5 Այդ պատճառով է, որ Դագոնի քրմերն ու բոլոր նրանք, ովքեր մտնում են Դագոնի տաճարը, մինչեւ օրս Ազոտոսի Դագոնի տաճարի սեմին ոտք չեն դնում, այլ ցատկելով վրայից են անցնում։
6 Եւ Տիրոջ ձեռքը բարձրացաւ Ազոտոսի վրայ, թութքով հիւանդացրեց նրանց, նրանց դաշտերում վխտալ տուեց մկներին, եւ քաղաքում մահառիթ սոսկում առաջացաւ։
7 Այս դէպքը տեսնելով՝ Ազոտոսի բնակիչներն ասացին. Աստծու տապանակը թող չմնայ մեզ մօտ, քանզի նրա ձեռքը բարձրացաւ մեր եւ մեր աստծու՝ Դագոնի վրայ։
8 Նրանք մարդ ուղարկեցին եւ այլազգիների բոլոր իշխաններին իրենց մօտ հաւաքելով՝ ասացին. Ինչ անենք Իսրայէլի Աստծու տապանակը։ Գէթացիները ասացին. Իսրայէլի Աստծու տապանակը թող մեզ մօտ փոխադրուի։ Եւ Աստծու տապանակը փոխադրուեց Գէթ։
9 Երբոր տապանակը այնտեղ փոխադրուեց, Տիրոջ ձեռքը բարձրացաւ այդ քաղաքի վրայ, շատ մեծ խռովութիւն բարձրացաւ, Տէրը քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչեւ մեծերը, չարչարեց, նրանց հիւանդացրեց թութքով, եւ Գէթացիները թութքով տառապեցին։
10 Աստծու տապանակը ուղարկեցին Ասկաղոն։ Երբ Աստծու տապանակը մտաւ Ասկաղոն, ասկաղոնացիները բողոք բարձրացրին՝ ասելով. Ինչո՞ւ Իսրայէլի Աստծու տապանակը մեզ մօտ բերեցիք, որ մեզ եւ մեր ժողովրդին սպանէք։
11 Մարդ ուղարկեցին, հաւաքեցին այլազգիների բոլոր իշխաններին ու ասացին. Իսրայէլի Աստծու տապանակը յե՛տ ուղարկեցէք, թող մնայ իր տեղում, որ մեզ ու մեր ժողովրդին չկոտորի։ Մի մահառիթ սոսկում էր պատել ամբողջ քաղաքն այն բանից յետոյ, երբ Իսրայէլի Աստծու տապանակը այնտեղ էր մտել։
12 Մահից ազատուելով կենդանի մնացած մարդիկ թութքով էին տառապում, եւ քաղաքի աղաղակը երկինք բարձրացաւ։