ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 7

1 Կարիաթարիմցիները եկան, այնտեղից հանեցին Տիրոջ ուխտի տապանակը եւ այն տարան Ամինադաբի տունը, որը բլրի վրայ էր։ Նրա որդի Եղիազարին սրբագործեցին, որ պահպանի Տիրոջ ուխտի տապանակը։
2 Տապանակը Կարիաթարիմում դնելու օրից յետոյ բազում օրեր անցան, քսան տարի, եւ ամբողջ Իսրայէլը հայեացքը չէր կտրում Տիրոջից։
3 Սամուէլը խօսելով Իսրայէլի ամբողջ ժողովրդի հետ՝ ասաց. Եթէ դուք ձեր ամբողջ սրտով դարձ էք կատարել դէպի Տէրը, ապա ձեր միջից վերացրէ՛ք օտար աստուածներն ու անտառները, ձեր հոգիները թող ենթարկուեն Տիրոջը, միայն նրա՛ն ծառայեցէք, եւ նա ձեզ կը փրկի այլազգիների ձեռքից։
4 Եւ իսրայէլացիները Բահաղիմներին ու Աստարոթի անտառները հեռու վանեցին եւ միայն Տիրոջը ծառայեցին։
5 Սամուէլն ասաց. Բոլոր իսրայէլացիներին հաւաքեցէ՛ք Մասեփաթում, եւ ես ձեզ համար աղօթելու եմ Տիրոջը։
6 Հաւաքուեցին Մասեփաթում, ջուր հանեցին ու թափեցին գետին, Տիրոջ առջեւ, այդ օրը ծոմ պահեցին եւ ասացին. Մեղանչել ենք Տիրոջ առաջ։ Եւ Սամուէլը Մասեփաթում դատեց իսրայէլացիներին։
7 Երբ այլազգիները լսեցին, թէ իսրայէլացիները հաւաքուել են Մասեփաթում, նրանց իշխանները յարձակուեցին Իսրայէլի վրայ։ Իսրայէլացիներն այդ լուրը լսելով՝ վախեցան այլազգիներից։
8 Իսրայէլացիներն ասացին Սամուէլին. Մի՛ դադարիր աղաղակելուց քո Տէր Աստծուն մեզ համար, որ այլազգիների ձեռքից փրկի մեզ։
9 Սամուէլն առաւ մի ծծկեր գառնուկ եւ ամբողջ ժողովրդի մասնակցութեամբ նրան ողջակէզ արեց Տիրոջը։ Սամուէլը դիմեց Տիրոջը Իսրայէլի համար, եւ Տէրը լսեց նրան։
10 Մինչ Սամուէլը ողջակէզ էր մատուցում, այլազգիները մօտեցան, որ պատերազմեն Իսրայէլի դէմ։ Այդ ժամանակ Տէրը բարձր ձայնով որոտաց այլազգիների վրայ, եւ նրանք շփոթուելով փախան իսրայէլացիների առջեւից։
11 Իսրայէլացիները Մասեփաթից ելան, հարուածեցին այլազգիներին ու կոտորեցին նրանց մինչեւ Բեթքորի սահմանները։
12 Սամուէլը մի քար վերցնելով՝ կանգնեցրեց Մասեփաթի ու հին Բեթսանի միջեւ եւ այն կոչեց Աբենեզեր, այսինքն՝ Օգնականի քար՝ ասելով. Մինչեւ այս վայրը Տէրը մեզ օգնեց։
13 Տէրն այլազգիներին խեղճացրեց, եւ նրանք այլեւս Իսրայէլի սահմանների վրայ չյարձակուեցին։ Սամուէլի ապրած բոլոր օրերին Տիրոջ ձեռքը ծանրացած էր այլազգիների վրայ։
14 Այն քաղաքները, որ այլազգիները գրաւել էին իսրայէլացիներից, Ասկաղոնից մինչեւ Գէթ, վերադարձրին ու յանձնեցին Իսրայէլին, եւ Իսրայէլի սահմանները ազատուեցին այլազգիների ձեռքից։ Իսրայէլի ու ամորհացիների միջեւ խաղաղութիւն տիրեց։
15 Իր կեանքի բոլոր օրերին Սամուէլը դատաւորութիւն արեց իսրայէլացիներին։
16 Նա ամէն տարի գնում էր Բեթէլ, Գաղաադ եւ Մասեփաթ, շրջում էր Իսրայէլի բոլոր սրբագործուած վայրերում եւ դատաւորութիւն անում։
17 Վերադառնալով Արիմաթեմ, որտեղ իր տունն էր, նա այնտեղ դատաւորութիւն արեց իսրայէլացիներին ու Տիրոջ համար զոհասեղան շինեց։