ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 27

1 Դաւիթն իր մտքում ասաց. Վերջապէս ես մի օր Սաւուղի ձեռքով կորչելու եմ։ Այլազգիների երկիրը փախչելուց լաւ բան չկայ։ Եթէ պատահի, որ Սաւուղն ինձ փնտռի Իսրայէլի բոլոր սահմաններում, դարձեալ նրա ձեռքից կ՚ազատուեմ։
2 Դաւիթը վեր կացաւ, եւ ինքն ու իր հետ եղող վեց հարիւր մարդիկ անցան գնացին Գէթի արքայ Մովաքի որդի Անքուսի մօտ։
3 Ինքը Դաւիթն ու իր մարդիկ, ամէն մէկն իր ընտանիքով, եւ Դաւիթն էլ իր երկու կանանց՝ Աքինովամ Յեզրայէլացու եւ Նաբաղ Կարմեղացու կին Աբիգեայի հետ բնակուեցին Գէթում, Անքուսի մօտ։
4 Երբ Սաւուղին տեղեկացրին, թէ Դաւիթը փախել է Գէթ, նա այլեւս չհետապնդեց նրան։
5 Դաւիթն ասաց Անքուսին. Եթէ քո ծառան քո առաջ շնորհ է գտել, ինձ տե՛ղ տուր երկրի քաղաքներից մէկում, որ այնտեղ մնամ. ինչո՞ւ քո ծառան քեզ հետ նստի թագաւորանիստ քաղաքում։
6 Այն ժամանակ Անքուսը նրան տուեց Սիկեղակը, եւ այդ պատճառով Սիկեղակը Հրէաստանի արքաներին է պատկանել։ Այդպէս է մինչեւ օրս։
7 Դաւիթը այլազգիների երկրում բնակուեց չորս ամիս։
8 Դաւիթն ու նրա մարդիկ ելնում ու ասպատակում էին բոլոր գեսերացիների, գեզերացիների ու ամաղէկացիների վրայ, որոնք բնակւում էին Գեղամսուրի ապահով պարսպապատ քաղաքներից մինչեւ Եգիպտոս։
9 Դաւիթը հարուածեց այդ երկիրը եւ ողջ չթողեց ո՛չ տղամարդ եւ ո՛չ կին։ Նա աւար էր առնում ոչխարների հօտեր, արջառներ, աւանակներ, ուղտեր եւ հագուստ-կապուստ ու վերադառնում Անքուսի մօտ։
10 Անքուսը հարցրեց Դաւթին. Ո՞ր կողմն արշաւեցիք այսօր։ Դաւիթը պատասխանեց Անքուսին. Հրէաստանի հարաւային կողմերը եւ Հերամլի ու Կենեզի կողմերը։
11 Տղամարդ ու կին ողջ չթողեցի, որ Գէթ բերեմ, որպէսզի, Գէթ գալով, մեր մասին լուր չբերեն, թէ՝ Այս բոլորը Դաւիթն է արել։ Եւ այս էր Դաւթի սովորութիւնը, քանի դեռ նա բնակւում էր այլազգիների երկրում։
12 Անքուսը Դաւթին շատ էր վստահում՝ ասելով. Այս մարդը Իսրայէլի իր ժողովրդի մօտ իրեն վարկաբեկել է. թող ինձ մօտ մինչեւ վերջ ծառայ լինի։