ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 14

1 Սամփսոնն իջաւ Թամնաթա եւ Թամնաթայում այլազգիների աղջիկների մէջ մի կին տեսաւ, որը հաճելի թուաց նրան։
2 Նա գնաց պատմեց իր հօրն ու մօրը եւ ասաց. Թամնաթայում այլազգիների աղջիկների մէջ մի կին տեսայ. արդ, նրան ինձ համար կի՛ն առէք։
3 Նրա հայրն ու մայրը ասացին նրան. Մի՞թէ կին չկայ քո եղբայրների աղջիկների եւ իմ ամբողջ ժողովրդի մէջ, որ գնաս կին առնես անթլփատ այլազգիներից։ Սամփսոնն ասաց իր հօրը. Նրան բե՛ր ինձ համար, որովհետեւ նա հաճելի է իմ աչքին։
4 Նրա հայրն ու մայրը չգիտէին, որ դա Տիրոջից է, որպէսզի նա վրէժ լուծի այլազգիներից։ Այն ժամանակ այլազգիներն իշխում էին Իսրայէլի վրայ։
5 Սամփսոնն իր հօր եւ մօր հետ իջաւ Թամնաթա. Սամփսոնը ճանապարհը շեղեց Թամնաթայի այգեստանի մէջ եւ տեսաւ, որ ահա առիւծի մի կորիւն է մռնչում իր դիմաց։
6 Տիրոջ հոգին աջակցեց նրան, եւ նա պատառեց առիւծին ինչպէս մի ուլի, մինչ նրա ձեռքին զէնք չկար։
7 Նա իր արածը չպատմեց իր հօրն ու մօրը։ Նրանք եկան, խօսեցին կնոջ հետ, եւ կինը հաճելի թուաց Սամփսոնին։
8 Մի քանի օր յետոյ, երբ ետ դարձաւ այդ աղջկան կնութեան առնելու, ճանապարհը շեղեց առիւծի դիակը տեսնելու համար եւ տեսաւ, որ առիւծի բերանի մէջ մեղուների մի պարս եւ մեղր կար։
9 Նա առաւ այն իր բերանը եւ ուտելով գնաց իր հօր եւ մօր մօտ, նրանց էլ տուեց, եւ նրանք կերան։ Բայց նրանց չասաց, թէ մեղրը առիւծի բերանից է հանել։
10 Նրա հայրն իջաւ այն կնոջ մօտ, եւ Սամփսոնն այնտեղ եօթը օր հարսանիք արեց, որովհետեւ երիտասարդներն այդպէս էին անում։
11 Նրանք զարհուրելով Սամփսոնից՝ նրա մօտ երեսուն ընկեր կարգեցին, որոնք նրա մօտ մնացին։
12 Սամփսոնը նրանց ասաց. Հիմա ես ձեզ մի հանելուկ կ՚ասեմ. եթէ խնջոյքի այս եօթը օրուայ ընթացքում այն լուծէք եւ գտնէք, ես ձեզ կը տամ երեսուն սաւան եւ երեսուն տօնական զգեստներ։
13 Իսկ եթէ չկարողանաք լուծել, դուք կը տաք ինձ երեսուն սաւան եւ երեսուն տօնական զգեստներ։ Նրան ասացին. Առաջարկի՛ր մեզ քո հանելուկը, եւ լսենք այն։
14 Եւ նրանց ասաց. Ուտողից կերակուր դուրս եկաւ, եւ հզօրից քաղցրութիւն դուրս եկաւ։ Նրա հանելուկը չկարողացան լուծել երեք օրուայ ընթացքում։
15 Չորրորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. Խաբի՛ր քո մարդուն, որ հանելուկը քեզ բացատրի, թէ չէ քեզ եւ քո հօր տունը կ՚այրենք։ Մեզ կողոպտելո՞ւ համար կանչեցիր այստեղ։
16 Սամփսոնի կինը լաց եղաւ ամուսնու մօտ եւ ասաց նրան. Դու ատել ես ինձ եւ չես սիրել, որովհետեւ այն հանելուկը, որ առաջարկել ես իմ ժողովրդի որդիներին, ինձ չես յայտնել։ Սամփսոնը նրան ասաց. Իմ հօրն ու մօրը չեմ յայտնել, հիմա քե՞զ պիտի յայտնեմ։
17 Եւ խնջոյքի եօթը օրերին կինը լաց եղաւ նրա մօտ։ Եօթներորդ օրը Սամփսոնը յայտնեց նրան, որովհետեւ նա թախանձում էր։ Կինն էլ յայտնեց իր ժողովրդի զաւակներին։
18 Եօթներորդ օրը արեւամուտից առաջ քաղաքի մարդիկ ասացին Սամփսոնին. Ի՞նչն է մեղրից քաղցր եւ ի՞նչն է առիւծից հզօր։ Սամփսոնը նրանց ասաց. Եթէ դուք իմ երինջով չհերկէիք, իմ հանելուկի պատասխանը չէիք գտնի։
19 Տիրոջ հոգին աջակցեց Սամփսոնին, նա իջաւ Ասկաղոն, այնտեղ երեսուն մարդ սպանեց եւ նրանց տօնական զգեստներն առաւ եւ տուեց հանելուկը լուծողներին։ Սամփսոնը սաստիկ բարկացաւ եւ գնաց իր հօր տուն,
20 իսկ Սամփսոնի կինն ամուսնացաւ նրա կնքահօր հետ, որ նրա ընկերն էր։