ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 15

1 Մի քանի օր յետոյ, ցորենի հնձի օրերին Սամփսոնը մի ուլ վերցնելով՝ այցելեց իր կնոջը եւ ինքն իրեն ասաց. Մտնեմ սենեակ կնոջս մօտ։ Բայց կնոջ հայրը չթողեց, որ նրա մօտ մտնի։
2 Նրա հայրն ասաց. Ես կարծեցի, թէ դու ատեցիր նրան եւ նրան կնութեան տուի քո ընկերոջը։ Չէ՞ որ նրա կրտսեր քոյրը նրանից գեղեցիկ է, թող սա քեզ կին լինի նրա փոխարէն։
3 Սամփսոնն ասաց. Ես միանգամայն անմեղ կը լինեմ այլազգիներիդ առաջ, եթէ նրանց դէմ չարութիւն անեմ։
4 Եւ Սամփսոնը գնաց, երեք հարիւր աղուէս բռնեց։ Նա ջահեր վերցրեց եւ աղուէսներին կապեց միմեանց հետ՝ պոչ պոչի, ջահերը դրեց երկու պոչերի մէջտեղը եւ կապեց։
5 Նա ջահերը կրակով վառեց եւ արձակեց այլազգիների հնձի մէջ, այրեց ցորենի շեղջերը, առաջուց հնձուածները, դէզերն ու չհնձուած ցորենը, մինչեւ անգամ այգիներն ու ձիթենիները։
6 Այլազգիներն ասացին. Ո՞վ արեց այս բանը։ Եւ ասացին. Թամնացու փեսայ Սամփսոնը, որովհետեւ կնոջ հայրը նրա կնոջն առաւ եւ նրա ընկերոջը կնութեան տուեց։ Այլազգիները վեր կացան, կրակով այրեցին նրա կնոջ հօր տունը, կնոջը եւ կնոջ հօրը։
7 Սամփսոնը նրանց ասաց. Եթէ մի այդքան էլ անէք, դարձեալ չեմ հաշտուի, այլ ձեր ամէն մէկից իմ վրէժը պիտի լուծեմ։
8 Եւ մեծամեծ հարուածներով զարկեց նրանց սրունքներին ու մէջքին, եւ իջաւ բնակուեց Ետեմի քարայրում, հեղեղատի մօտ։
9 Այլազգիները վեր կացան, բանակատեղի դրին Յուդայի երկրի շուրջը եւ տարածուեցին Ելքիի շուրջբոլորը։
10 Յուդայի երկրի մարդիկ նրանց ասացին. Ինչո՞ւ էք եկել մեզ վրայ։ Այլազգիներն ասացին. Եկել ենք Սամփսոնին կապելու, որ նրա հետ վարուենք այնպէս, ինչպէս նա վարուեց մեզ հետ։
11 Եւ Յուդայի երկրից երեք հազար մարդ իջան Ետեմի քարայրն ու ասացին Սամփսոնին. Չգիտե՞ս, որ այլազգիներն իշխում են մեզ վրայ, ինչո՞ւ արեցիր այդ բանը մեզ հետ։ Սամփսոնը նրանց ասաց. Ինչպէս որ նրանք վարուեցին ինձ հետ, այդպէս էլ ես վարուեցի նրանց հետ։
12 Նրան ասացին. Եկել ենք քեզ կապելու եւ այլազգիների ձեռքը մատնելու։ Սամփսոնը նրանց ասաց. Երդուեցէ՛ք, որ չէք սպանի ինձ, տուէ՛ք ինձ նրանց ձեռքը, եւ դուք երբեք մի՛ հանդիպէք ինձ։
13 Նրանք երդուեցին նրան եւ ասացին. Ո՛չ, քեզ կը կապենք եւ կը տանք նրանց ձեռքը, բայց քեզ չենք սպանի։ Եւ նրան կապեցին երեք նոր պարաններով ու դուրս հանեցին քարայրից։
14 Նա եկաւ մինչեւ Ծնօտ կոչուած վայրը, այլազգիներն աղաղակեցին եւ ընթացան նրա դէմ յանդիման։ Տիրոջ հոգին աջակից եղաւ Սամփսոնին, նրա բազուկների վրայի պարանները դարձան կրակից այրուած թելի նման, եւ կապանքները հալուեցին թափուեցին նրա բազուկներից։
15 Նա գետին տապալուած էշի մի ծնօտ գտաւ, երկարեց իր ձեռքը, վերցրեց այն եւ դրանով հազար մարդ սպանեց։
16 Սամփսոնն ասաց. Էշի ծնօտով կը բնաջնջեմ նրանց, որովհետեւ էշի ծնօտով կոտորեցի հազար մարդ։
17 Եւ երբ իր խօսքը վերջացրեց, ծնօտը ձեռքից գցեց եւ այդ տեղն անուանեց Ծնօտի կոտորած։
18 Նա խիստ ծարաւեց, աղաղակեց Տիրոջն ու ասաց. Դու քո ծառայի ձեռքով յաջողեցրիր այս մեծ փրկութիւնը, իսկ հիմա ծարաւի՞ց պիտի մեռնեմ եւ անթլփատների ձե՞ռքն ընկնեմ։
19 Եւ Տէրը Ծնօտ կոչուող վայրում մի անցք բացեց, նրանից ջուր դուրս եկաւ, նա խմեց, ոգի առաւ եւ զովացաւ. այդ պատճառով դրա անունը դրեց Ծնօտի աղբիւր։ Եւ այն գոյութիւն ունի մինչեւ այսօր։
20 Սամփսոնը այլազգիների իշխանութեան օրօք Իսրայէլում քսան տարի դատաւոր եղաւ։