ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 8

1 Եփրեմի մարդիկ Գեդէոնին ասացին. Այս ի՞նչ բան է, որ արեցիր մեզ հետ. մեզ չկանչեցիր, երբ մադիամացիների դէմ պատերազմելու գնացիր։ Եւ նրա հետ սաստիկ վիճեցին։
2 Նա նրանց ասաց. Ես հիմա ի՞նչ եմ արել ձեր արածի համեմատ. մի՞թէ Եփրեմի ճռաքաղը Աբիեզերի խաղողաքաղից լաւ չէ.
3 Տէրը ձեր ձեռքը մատնեց մադիամացիների իշխաններին՝ Օրեբին եւ Զեբին. ես ի՞նչ կարողացայ անել ձեզ հետ համեմատած։ Երբ նա այս խօսքն ասաց, նրանց հոգին հանգստացաւ նրա նկատմամբ։
4 Գեդէոնը եկաւ Յորդանան գետը եւ իր հետ եղող երեք հարիւր մարդկանց հետ գետն անցաւ սպառուած եւ քաղցած։
5 Նա ասաց Սոքքոթի մարդկանց. Ուտելու հա՛ց տուէք այս զօրքին, որ ինձ հետ է, որովհետեւ նրանք քաղցած են, իսկ ես կը հետապնդեմ Զեբէիին ու Սաղմանային՝ մադիամացիների թագաւորներին։
6 Սոքքոթի իշխաններն ասացին. Մի՞թէ Զեբէիի եւ Սաղմանայի ձեռքն արդէն քո բռունցքի մէջ է, որ մենք քո զօրքին հաց տանք։
7 Գեդէոնն ասաց. Եթէ այդպէս չէ, ապա երբ Տէրը Զեբէիին ու Սաղմանային իմ ձեռքը տայ, ես ձեր մարմինները կը ծուատեմ անապատի փշերով եւ տատասկներով։
8 Այնտեղից նա գնաց Փանուէլ եւ նրանց հետ նոյն ձեւով խօսեց։ Փանուէլի մարդիկ նրան պատասխան տուեցին այնպէս, ինչպէս պատասխանել էին Սոքքոթի մարդիկ։
9 Գեդէոնը խօսեց Փանուէլի մարդկանց հետ եւ ասաց. Երբ ես նորից վերադառնամ խաղաղութեամբ, այդ աշտարակը պիտի քանդեմ։
10 Զեբէին եւ Սաղմանան Կարկարում էին գտնւում, եւ նրանց բանակը նրանց հետ էր. բոլորը մօտ տասնհինգ հազար մարդ, որ մնացել էին Արեւելքի բնակիչների ամբողջ բանակից, իսկ ընկածները հարիւր քսան հազար սրակոտոր եղած մարդիկ էին։
11 Գեդէոնը բարձրացաւ վրանաբնակների ճանապարհով, Նաբաէի արեւելեան կողմից, որ գտնւում է Նաբէի դիմաց, ու հարուածեց բանակին, որովհետեւ բանակն անհոգութեան մէջ էր։
12 Զեբէին եւ Սաղմանան փախան, իսկ նա հետապնդեց նրանց, ձերբակալեց մադիամացիների երկու թագաւորներին՝ Զեբէիին ու Սաղմանային, եւ նրանց ամբողջ բանակը տակնուվրայ արեց։
13 Յովասի որդի Գեդէոնը պատերազմից ետ դարձաւ Արէսի զառիվայրից։
14 Սոքքոթի մարդկանցից նա մի պատանեակ բռնեց եւ նրան հարցուփորձ արեց։ Սա նրա համար գրաւոր տուեց Սոքքոթի իշխանների ու ծերերի անունները՝ եօթանասունեօթը մարդու։
15 Գեդէոնը եկաւ Սոքքոթի իշխանների մօտ եւ ասաց նրանց. Ահա Զեբէին եւ Սաղմանան, որոնց համար ինձ նախատեցիք՝ ասելով. Մի՞թէ Զեբէիի եւ Սաղմանայի ձեռքն այժմ քո բռունցքի մէջ է, որ մենք սովից սպառուած քո մարդկանց հաց տանք։
16 Նա առաւ քաղաքի իշխաններին ու ծերերին եւ անապատից՝ փշեր ու տատասկներ եւ դրանցով ձաղկեց Սոքքոթի մարդկանց,
17 Փանուէլի աշտարակը կործանեց եւ կոտորեց քաղաքի մարդկանց։
18 Նա ասաց Զեբէիին եւ Սաղմանային. Ինչպիսի՞ք էին այն մարդիկ, որոնց կոտորեցիք Թաբորում։ Նրանք ասացին. Ինչպիսին դու ես, նոյնպիսին եւ նրանք էին՝ քեզ նման, եւ դու՝ նրանց նման։ Նրանց տեսքը թագաւորի որդիների նման էր։
19 Գեդէոնն ասաց. Նրանք իմ եղբայրները, իմ մօր որդիներն էին։ Եւ երդուեց նրանց ու ասաց. Կենդանի է Տէրը. եթէ դուք նրանց ողջ թողնէիք, ես ձեզ չէի սպանի։
20 Եւ իր անդրանիկ որդուն՝ Եթերին ասաց. Վե՛ր կաց, սպանի՛ր դրանց։ Բայց պատանին իր սուրը չհանեց, որովհետեւ վախեցաւ, քանի որ մանուկ էր։
21 Զեբէին եւ Սաղմանան ասացին. Վե՛ր կաց եւ դու ի՛նքդ զարկ մեզ, որովհետեւ մարդու ուժը իրեն համեմատ կը լինի։ Գեդէոնը վեր կացաւ, սպանեց Զեբէիին ու Սաղմանային եւ նրանց ուղտերի վզից մանեակներն առաւ։
22 Իսրայէլի մարդիկ Գեդէոնին ասացին. Իշխի՛ր մեզ վրայ դու եւ քո որդին ու քո որդու որդին, որովհետեւ դու մեզ փրկեցիր մադիամացիների ձեռքից։
23 Գեդէոնը նրանց ասաց. Ես ձեզ վրայ չեմ իշխի, եւ ոչ էլ իմ որդին կ՚իշխի ձեզ վրայ, Տէ՛րը թող իշխի ձեզ վրայ։
24 Ապա Գեդէոնը նրանց ասաց. Ձեզանից մի բան եմ խնդրում. ամէն մարդ իր աւարից մի գինդ թող տայ ինձ։ Նրանք ոսկի գինդեր ունէին, քանի որ իսմայէլացիներ էին։
25 Նրանք ասացին. Սիրով կը տանք։ Եւ փռեցին նրա հանդերձներն, ու ամէն մարդ իր աւարի ոսկի գինդերը այնտեղ գցեց։
26 Նրա խնդրած ոսկի գինդերի կշիռը հազար եօթը հարիւր սիկղ ոսկի եղաւ, բացի շռնչաններից, ապարանջաններից, պսակակալներից եւ ծիրանիներից, որոնք մադիամացիների թագաւորների վրայ կային, եւ բացի նրանց ուղտերի վզի ոսկի մանեակներից։
27 Գեդէոնը դրանցով եփուդ շինեց եւ դրեց այն իր Եփրա քաղաքում։ Ամբողջ Իսրայէլը նրան հետեւելով՝ այդ կուռքը պաշտեց, եւ դա Գեդէոնի ու նրա տան համար գայթակղութիւն եղաւ։
28 Այսպէս մադիամացիներն ենթարկուեցին իսրայէլացիներին եւ այլեւս իրենց գլուխները չբարձրացրին։ Գեդէոնի օրօք երկիրը հանգստացաւ քառասուն տարի։
29 Յովասի որդի Յերոբոաղը գնաց բնակուեց իր տանը։
30 Գեդէոնը եօթանասուն որդի էր սերնդագործել, որովհետեւ շատ կանայք ունէր։
31 Սիկիմում նրա ունեցած հարճն էլ նրա համար մի որդի ծնեց, եւ Գեդէոնը նրա անունը Աբիմելէք դրեց։
32 Յովասի որդի Գեդէոնը մեռաւ խոր ծերութեան հասակում եւ թաղուեց իր հօր՝ Յովասի գերեզմանում, Եսրէի հօրը պատկանող Եփրայում։
33 Երբ Գեդէոնը մեռաւ, իսրայէլացիները նորից բահաղիմեաններին հետեւելով՝ կուռքեր պաշտեցին եւ ուխտ դրին Բահաղ Բերիթի հետ, որ նա իրենց աստուածը դառնայ։
34 Իսրայէլացիները չյիշեցին իրենց Տէր Աստծուն, որ նրանց փրկեց իրենց շրջակայքի բոլոր թշնամիներից։ Նրանք Յերոբոաղի, այսինքն՝ Գեդէոնի տան հանդէպ երախտագէտ չեղան այն բոլոր բարեգործութիւնների դիմաց, որ նա արել էր Իսրայէլին։