ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 17

1 Եփրեմի լերան վրայ Միքա անունով մի մարդ կար։
2 Նա իր մօրն ասաց. Այն հազար հարիւր արծաթը, որ վերցուել է քեզնից, եւ որի համար անէծք տուիր եւ ասացիր իմ ականջին, թէ՝ Այն արծաթն ինձ մօտ է, ես եմ վերցրել այն։ Նրա մայրն ասաց. Որդեա՛կ իմ, օրհնեալ լինես Տիրոջից։
3 Եւ նա իր մօրը վերադարձրեց հազար հարիւր արծաթը։ Նրա մայրն ասաց. Այն արծաթը ես իմ ձեռքով նուիրել եմ Տիրոջը՝ առանձին ձուլածոյ կուռք շինելու համար։ Հիմա այն քեզ եմ վերադարձնում։
4 Իսկ Միքան այդ արծաթը մօրը վերադարձրեց։ Մայրն առաւ երկու հարիւր արծաթ, այն տուեց ձուլողին, նա էլ ձուլածոյ կուռք շինեց դրանից, որը մնաց Միքայի տանը։
5 Միքայի տունը նրա համար աստծու տուն եղաւ։ Եւ նա եփուդ ու թերափ շինեց. ձեռնադրեց իր որդիներից մէկին, եւ սա նրա համար քահանայ եղաւ։
6 Այդ օրերին Իսրայէլում թագաւոր չկար, եւ ամէն մարդ անում էր այն, ինչ հաճելի էր իր աչքին։
7 Յուդայի ազգատոհմից, Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից, մի պատանի կար, որ ղեւտացի էր եւ այնտեղ էր բնակւում։
8 Այս մարդը Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից գնաց պանդխտելու որեւէ տեղ՝ ապաստան գտնելու համար։ Նա ճանապարհորդելով եկաւ մինչեւ Եփրեմի լեռը եւ մինչեւ Միքայի տունը։
9 Միքան նրան ասաց. Ո՞րտեղից ես գալիս։ Նա ասաց. Ես ղեւտացի եմ, Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից, գնում եմ պանդխտելու որեւէ տեղ՝ ապաստան գտնելու համար։
10 Միքան նրան ասաց. Մնա՛ ինձ մօտ, ինձ համար հայր եւ քահանայ եղի՛ր, եւ ես քեզ ամէն տարի տասը արծաթ, մի զոյգ զգեստ եւ ուտելիք կը տամ, որով կ՚ապրես։
11 Ղեւտացին գնաց եւ ապաստանեց այդ մարդու մօտ։ Այս պատանին նրա համար եղաւ ինչպէս իր որդիներից մէկը։
12 Միքան ղեւտացուն ձեռնադրեց, եւ պատանին նրա համար քահանայ եղաւ եւ ապրում էր Միքայի տանը։
13 Միքան ասաց. Հիմա գիտեմ, որ Տէրն ինձ բարիք արեց, քանի որ այս ղեւտացին ինձ համար քահանայ եղաւ։ Այն օրերին Իսրայէլում թագաւոր չկար։