ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 12

1 Եփրեմի որդիները հաւաքուեցին, եկան Սեփենա եւ ասացին Յեփթայէին. Ինչո՞ւ ամոնացիների դէմ պատերազմի ելար եւ մեզ չկանչեցիր, որ քեզ հետ գնայինք։ Հիմա մենք կրակով կ՚այրենք քո տունը եւ քեզ էլ՝ հետը։
2 Յեփթայէն նրանց ասաց. Ես եւ իմ ժողովուրդը զրկուած մարդիկ էինք եւ ամոնացիները խիստ նեղում էին ինձ։ Ես բողոքով դիմեցի ձեզ, բայց դուք ինձ չազատեցիք նրանց ձեռքից։
3 Տեսնելով, որ ոչ ոք չի ազատում ինձ, ինքս ինձ վտանգի ենթարկեցի, գնացի ամոնացիների դէմ, եւ Տէրը նրանց իմ ձեռքը մատնեց։ Հիմա ինչո՞ւ էք դուք ելել այսօր իմ դէմ պատերազմելու։
4 Եւ Յեփթայէն հաւաքեց Գաղաադի բոլոր տղամարդկանց ու պատերազմ մղեց Եփրեմի դէմ։ Գաղաադի մարդիկ ջարդեցին եփրեմեաններին, որովհետեւ եփրեմեանների ազատուածներն ասել էին, թէ՝ Դուք, գաղաադացիներ, Եփրեմի եւ Մանասէի միջեւ Եփրեմի փախստականներ էք։
5 Գաղաադացիները եփրեմեաններից գրաւեցին Յորդանան գետի կիրճերը, եւ երբ եփրեմեանների փախստականներն ասում էին՝ Թող անցնենք, Գաղաադի մարդիկ նրանց ասում էին. Մի՞թէ դուք էլ եփրեմեան էք։ Նրանք ասում էին. Նրանցից չենք։
6 Նրանց ասում էին. Մեզ մի նշան տուէ՛ք, ասացէ՛ք՝ հասկ, հասկ։ Բայց նրանց չէր յաջողւում այդպէս ասել, ուստի բռնում եւ կոտորում էին նրանց Յորդանան գետի անցումներում։ Այդ ժամանակ եփրեմեաններից քառասուներկու հազար մարդ զոհուեց։
7 Յեփթայէն վեց տարի դատաւորութիւն արեց Իսրայէլում. գաղաադացի Յեփթայէն մեռաւ եւ թաղուեց իր քաղաքում՝ Գաղաադում։
8 Նրանից յետոյ Իսրայէլում դատաւորութիւն արեց բեթղեհէմացի Եսեբոնը։
9 Նա երեսուն տղայ ունէր եւ երեսուն աղջիկ։ Աղջիկներին մարդու տուեց, իսկ տղաների համար երեսուն կին բերեց դրսից։ Նա Իսրայէլում դատաւորութիւն արեց եօթը տարի։
10 Եսեբոնը մեռաւ եւ թաղուեց Բեթղեհէմում։
11 Նրանից յետոյ Իսրայէլում տասը տարի դատաւորութիւն արեց զաբուղոնացի Ելոնը։
12 Զաբուղոնացի Ելոնը մեռաւ եւ թաղուեց Եղիմում՝ Զաբուղոնի երկրում։
13 Նրանից յետոյ Իսրայէլում դատաւոր եղաւ փարաթոնացի Աբդոնը՝ Ելլէքի որդին։
14 Նա քառասուն որդի եւ երեսուն թոռներ ունէր, որոնք հեծնում էին եօթանասուն աւանակներ։ Նա Իսրայէլում դատաւորութիւն արեց ութ տարի։
15 Փարաթոնացի Աբդոնը՝ Ելլէքի որդին, մեռաւ եւ թաղուեց Եփրաթոնում, Եփրեմի երկրում, Ամաղէկի լերան վրայ։