ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 13

1 Իսրայէլացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, եւ Տէրը նրանց քառասուն տարի այլազգիների ձեռքը մատնեց։
2 Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից, նրա անունը Մանովէ էր։ Նրա կինը ամուլ էր եւ զաւակ չէր ունենում։
3 Տիրոջ հրեշտակը երեւաց այս կնոջը եւ ասաց նրան. Ահա դու ամուլ ես եւ երեխայ չես ունեցել, բայց կը յղիանաս եւ որդի կը ծնես։
4 Արդ, զգո՛յշ եղիր, գինի եւ օղի չխմես եւ ոչ մի անմաքուր բան չուտես,
5 որովհետեւ ահա դու պիտի յղիանաս եւ մի որդի ծնես։ Նրա գլխին ածելի չպիտի դիպչի, որովհետեւ մանուկը Աստծու ուխտաւոր պիտի լինի հէնց մօր արգանդից. նա պիտի սկսի փրկել Իսրայէլը այլազգիներից։
6 Կինը մտաւ իր տունը եւ ասաց իր ամուսնուն. Աստծու մարդը եկաւ ինձ մօտ, նա Աստծու հրեշտակի նման վեհատեսիլ էր։ Ես նրան հարցրի, թէ որտեղից է, նա ինձ իր անունը չասաց։
7 Նա ինձ ասաց. Ահա դու պիտի յղիանաս եւ մի որդի ծնես, հիմա գինի եւ օղի չխմես եւ ոչ մի անմաքուր բան չուտես, որովհետեւ մանուկը Աստծու ուխտաւոր պիտի լինի հէնց իր մօր արգանդից մինչեւ իր մահուան օրը։
8 Մանովէն Տիրոջն աղաչեց եւ ասաց. Աղաչում եմ, Տէ՛ր, Աստծու այն մարդը, որին դու ուղարկեցիր մեզ մօտ, թող դարձեալ գայ մեզ մօտ եւ սովորեցնի, թէ ինչ անենք այն մանկանը, որ պիտի ծնուի։
9 Աստուած լսեց Մանովէի ձայնը, եւ Աստծու հրեշտակը նորից եկաւ նրա կնոջ մօտ, երբ նա նստել էր հանդում։ Նրա ամուսին Մանովէն նրա մօտ չէր։
10 Կինն շտապ գնաց պատմեց իր ամուսնուն եւ ասաց նրան. Ահա երեւաց ինձ այն մարդը, որ այն օրը եկել էր ինձ մօտ։
11 Մանովէն վեր կացաւ, գնաց իր կնոջ հետ, եկաւ այն մարդու մօտ եւ ասաց նրան. Դո՞ւ ես այն մարդը, որ խօսել է այս կնոջ հետ։ Հրեշտակն ասաց. Ես եմ։
12 Մանովէն ասաց. Արդ, երբ քո խօսքերը կատարուեն, ինչպիսի՞ն պէտք է լինեն մանկան կեանքի կանոններն ու գործերը։
13 Տիրոջ հրեշտակն ասաց Մանովէին. Թող նա զգուշանայ այն ամենից, որ ասացի այդ կնոջը.
14 որթատունկից ելած ոչ մի բան թող չուտի, գինի եւ օղի չխմի, ոչ մի անմաքուր բան չուտի, թող զգուշանայ այն ամենից, որ պատուիրեցի։
15 Մանովէն ասաց հրեշտակին. Թող որ քեզ մի փոքր ժամանակ մեզ մօտ պահենք եւ մի ուլ պատրաստենք ու դնենք քո առաջ։
16 Տիրոջ հրեշտակը Մանովէին ասաց. Եթէ ինձ պահես էլ, քո հացից չեմ ուտի, իսկ եթէ ուլը ողջակէզ պիտի անես, Տիրո՛ջը մատուցիր այն։ Մանովէն չիմացաւ, թէ նա Տիրոջ հրեշտակն է։
17 Մանովէն ասաց Տիրոջ հրեշտակին. Ի՞նչ է քո անունը, ասա՛, որ երբ քո խօսքը կատարուի, փառաւորենք քեզ։
18 Տիրոջ հրեշտակն ասաց նրան. Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը, դա մի սքանչելի անուն է։
19 Մանովէն վերցրեց զոհաբերուելիք ուլը եւ քարի վրայ մատուցեց սքանչելագործ Տիրոջը. Մանովէն եւ նրա կինը նայում էին։
20 Երբ բոցը զոհասեղանից դէպի երկինք բարձրացաւ, Տիրոջ հրեշտակն էլ բարձրացաւ զոհասեղանի բոցի հետ։ Մանովէն ու նրա կինը նայում էին եւ երեսի վրայ գետին ընկան։
21 Տիրոջ հրեշտակն այլեւս չերեւաց Մանովէին ու նրա կնոջը։ Այն ժամանակ Մանովէն իմացաւ, որ նա Տիրոջ հրեշտակն է։
22 Մանովէն ասաց իր կնոջը. Անպատճառ կը մեռնենք, որովհետեւ տեսանք Աստծուն։
23 Եւ նրա կինը նրան ասաց. Եթէ Տէրը ուզենար մեզ սպանել, մեր ձեռքից չէր ընդունի ողջակէզն ու զոհը եւ մեզ չէր յայտնի այդ ամէնը իր ժամանակին եւ այն մեզ լսելի չէր դարձնի։
24 Եւ կինը մի որդի ծնեց ու նրա անունը Սամփսոն դրեց։ Մանուկն աճեց, եւ Տէրը նրան օրհնեց։
25 Տիրոջ հոգին սկսեց շրջել նրա հետ Դանի բանակում, Սարաայի եւ Եսթաւուլի միջեւ։