ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 19

1 Այն օրերին, երբ Իսրայէլում թագաւոր չկար, Եփրեմի լերան կողմերում մի ղեւտացի պանդուխտ մարդ կար. այդ մարդն իր հարճը դարձրեց Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից մի կնոջ։
2 Նրա հարճը նրանից խորշեց եւ գնաց իր հօր տունը՝ Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքը եւ այնտեղ մնաց երեք ամիս։
3 Նրա մարդը վեր կացաւ գնաց նրա ետեւից, որ քաղցրութեամբ խօսի, հաշտեցնի նրան իր հետ եւ նորից ետ բերի իր մօտ։ Նրա հետ էին իր ծառան եւ մի զոյգ էշ։ Գնացին մինչեւ նրա հօր տունը։ Երբ աղջկայ հայրը նրան տեսաւ, ելաւ նրան ընդառաջ։
4 Նրա աները՝ աղջկայ հայրը, ներս տարաւ նրան, եւ նա նրա մօտ մնաց երեք օր։ Կերան, խմեցին եւ գիշերեցին այնտեղ։
5 Չորրորդ օրը, երբ առաւօտը կանուխ վեր կացան, նրանք ոտքի ելան, որ գնան։ Աղջկայ հայրն ասաց իր փեսային. Սիրտդ պնդացրո՛ւ մի կտոր հացով, յետոյ կը գնաք։
6 Նստեցին, կերան եւ խմեցին երկուսը միասին։ Աղջկայ հայրն ասաց իր փեսային. Այս գիշեր էլ այստեղ մնա՛, եւ թող սիրտդ զուարթանայ։
7 Մարդը վեր կացաւ, որ գնայ, բայց նրա աները ստիպեց նրան, եւ նա մնաց ու գիշերեց այնտեղ։
8 Հինգերորդ օրը կանուխ վեր կացաւ, որ գնայ. աղջկայ հայրն ասաց. Սիրտդ պնդացրո՛ւ հացով եւ զբօսնի՛ր մինչեւ օրը վերջանայ։ Եւ կերան ու խմեցին երկուսով։
9 Մարդը վեր կացաւ, որ իր հարճի եւ ծառայի հետ գնայ։ Բայց աղջկայ հայրն ասաց նրան. Ահա օրը երեկոյ դարձաւ, այստե՛ղ գիշերիր, թող սիրտդ զուարթանայ, վաղը կանուխ ճանապարհ կ՚ընկնես եւ կը գնաս քո տունը։
10 Բայց մարդը չկամեցաւ այնտեղ գիշերել, վեր կացաւ ու գնաց։ Եկաւ հասաւ մինչեւ Յեբուսի դիմաց, այսինքն՝ Երուսաղէմ. նրա հետ էին մի զոյգ համետած էշ եւ իր հարճը։
11 Երբ նրանք Յեբուսի դիմացն էին, օրը տարաժամել էր։ Ծառան իր տիրոջն ասաց. Ե՛կ թեքուենք դէպի յեբուսացիների քաղաքը եւ այնտեղ գիշերենք։
12 Տէրը նրան ասաց. Ճանապարհը չշեղենք դէպի օտարազգիների քաղաքը, որտեղ իսրայէլացիներ չկան, այլ անցնենք մինչեւ Գաբաա։
13 Եւ իր ծառային ասաց. Ե՛կ մօտենանք այդ տեղերից մէկին եւ գիշերենք այնտեղ՝ Գաբաայում կամ Հռամայում։ Եւ անցան գնացին։
14 Երբ մօտեցան Գաբաային, որ Բենիամինի երկիրն է, արեգակը մայր մտաւ։
15 Ճանապարհը շեղեցին, որ մտնեն Գաբաա եւ գիշերեն այնտեղ։ Նա մտաւ ու նստեց քաղաքի հրապարակում, բայց ոչ մի մարդ չկար, որ նրանց իր տունն առնէր գիշերելու համար։
16 Եւ ահա երեկոյեան հանդից, իր գործից մի ծեր մարդ էր գալիս։ Այդ մարդը Եփրեմի լեռից էր եւ պանդուխտ էր Գաբաայում, իսկ այնտեղի մարդիկ Բենիամինի ցեղի որդիներ էին։
17 Բարձրացնելով իր աչքերը՝ քաղաքի հրապարակում նա տեսաւ ուղեւոր մարդուն։ Ծեր մարդն ասաց. Ո՞ւր ես գնում եւ որտեղի՞ց ես գալիս։
18 Նա ասաց նրան. Մենք Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքից գնում ենք մինչեւ Եփրեմի լերան կողմերը, որովհետեւ ես այնտեղացի եմ։ Ես գնացի մինչեւ Յուդայի երկրի Բեթղեհէմ քաղաքը, իսկ հիմա իմ հօր տունն եմ գնում, եւ չկայ մի մարդ, որ մեզ իր տունը ընդունի։
19 Մեր էշերի համար յարդ եւ խոտ, իսկ ինձ եւ այս աղջկայ ու ծառայի համար հաց եւ գինի կայ. քո ծառաները ոչ մի բանի պակասութիւն չունեն։
20 Ծեր մարդն ասաց. Խաղաղութիւն քեզ, քո ամէն պակասութիւնն ինձ վրայ լինի, բայց դու այդ հրապարակում մի՛ գիշերիր։
21 Եւ նրան տարաւ իր տունը, էշերին խոտ տուեց, նրանք լուացին իրենց ոտքերը, կերան եւ խմեցին։
22 Երբ նրանց սրտերը զուարթանում էին, քաղաքի բնակիչները՝ անօրէն մարդիկ, շրջապատեցին տունը, բախեցին դրսի դուռը եւ խօսելով այդ ծեր մարդու՝ տան տիրոջ հետ, ասացին. Հանի՛ր քո տունը մտած այդ մարդուն, որ նրա հետ յարաբերութիւն ունենանք։
23 Այն մարդը՝ տան տէրը, գնաց նրանց մօտ եւ ասաց. Ո՛չ, եղբայրնե՛ր, անզգամութիւն մի՛ արէք, այդ մարդն իմ տունը մտնելուց յետոյ այդ անզգամութիւնը մի՛ արէք։
24 Ահա իմ կոյս աղջիկը եւ այդ մարդու հարճը. նրանց դուրս հանեմ, լլկեցէ՛ք նրանց, արէ՛ք նրանց հետ այն, ինչ հաճելի է ձեզ, բայց այս մարդու հետ այդ անզգամութիւնը մի՛ արէք։
25 Բայց մարդիկ չուզեցին լսել։ Եւ այդ մարդն առաւ իր հարճին ու դուրս հանեց։ Նրանք կենակցեցին նրա հետ եւ լլկեցին նրան ամբողջ գիշերը մինչեւ առաւօտ եւ առաւօտը բացուելիս բաց թողեցին նրան։
26 Առաւօտեան կինը եկաւ, ընկաւ այն մարդու տան դռան շեմին, որտեղ իր տէրն էր, եւ հոգին փչեց։
27 Առաւօտեան նրա տէրը վեր կացաւ, բացեց տան դուռը, դուրս եկաւ, որ գնայ իր ճանապարհը եւ տեսաւ, որ իր հարճն ընկած էր դռան մօտ, ձեռքերը շեմի վրայ։
28 Եւ նրան ասաց. Վե՛ր կաց գնանք։ Նա պատասխան չտուեց, որովհետեւ մեռած էր։ Մարդը նրան վերցրեց դրեց էշի վրայ, վեր կացաւ եւ գնաց իր տեղը։
29 Երբ մտաւ իր տունը, վերցրեց սուրը, բռնեց իր հարճին եւ ոսկորներն էլ կտրատելով՝ բաժանեց տասներկու մասի եւ դրանք ուղարկեց Իսրայէլի բոլոր ցեղերին։
30 Բոլոր տեսնողներն ասում էին, թէ այդպիսի բան ո՛չ եղել է եւ ո՛չ էլ տեսնուել Եգիպտոսից իսրայէլացիների դուրս գալու օրերից մինչեւ այսօր։ Հիմա դրա մասին խորհուրդ արէ՛ք եւ ասացէ՛ք, թէ ինչ պէտք է անել։