ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 4

1 Իսրայէլացիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ։ Սամեգարը մեռաւ։
2 Տէրը նրանց մատնեց քանանացիների արքայ Յաբինի ձեռքը, որը թագաւորում էր Ասորում։ Նրա զօրագլուխը Սիսարան էր, որը բնակւում էր Ազգերի Արիսոթում։
3 Իսրայէլացիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, որովհետեւ Յաբինը ինը հարիւր երկաթէ կառքեր ունէր եւ քսան տարի սաստիկ նեղում էր իսրայէլացիներին։
4 Այն ժամանակ Իսրայէլում դատաւորութիւն էր անում մարգարէուհի Դեբորան՝ Լաբիդոթի կինը։
5 Նա բնակւում էր արմաւենու տակ, Ռամայի եւ Բեթէլի միջեւ, Եփրեմի լերան վրայ։ Իսրայէլացիները նրա մօտ էին գնում դատաստանի համար։
6 Դեբորան մարդ ուղարկեց եւ Նեփթաղիմի Կադէսից կանչեց Բարակին՝ Աբինէէմի որդուն եւ նրան ասաց. Չէ՞ որ Իսրայէլի Տէր Աստուածը քեզ հրաման տուեց, որ գնաս Թաբոր լեռը, քեզ հետ վերցնես Նեփթաղիմի որդիներից եւ Զաբուղոնի որդիներից տասը հազար մարդ
7 եւ տանես քեզ հետ Կիսոնի հեղեղատը, Յաբինի զօրագլուխ Սիսարայի, նրա զօրքերի ու նրա կառքերի դէմ, եւ Տէրը նրանց քո ձեռքը կը մատնի։
8 Բարակը նրան ասաց. Եթէ ինձ հետ գաս, կը գնամ, իսկ եթէ չգաս ինձ հետ, չեմ գնայ, որովհետեւ ես չգիտեմ այն օրը, երբ Տէրն իր հրեշտակի միջոցով կ՚աջակցի ինձ։
9 Դեբորան նրան ասաց. Անշուշտ կը գնամ քեզ հետ, բայց իմացի՛ր, որ քաջութիւնը քոնը չի լինի քո գնացած ճանապարհին, որովհետեւ Տէրը մի կնոջ ձեռքը կը մատնի Սիսարային։ Դեբորան վեր կացաւ ու Բարակի հետ գնաց Կադէս։
10 Բարակը Զաբուղոնին եւ Նեփթաղիմին հրաւիրեց Կադէս։ Տասը հազար մարդ նրա ետեւից գնացին. Դեբորան նոյնպէս գնաց նրա հետ։
11 Կինեցիների մերձաւորները բաժանուել էին կինեցիներից՝ Մովսէսի աներոջ Յոբաբի որդիներից, եւ իրենց վրանը կանգնեցրել էին Հանգուցեալների կաղնու մերձակայքում, Կադէսի մօտ։
12 Սիսարային իմաց տուին, որ Աբինէեմի որդի Բարակը ելել է Թաբոր լեռը։
13 Սիսարան իր բոլոր կառքերը՝ ինը հարիւր երկաթէ կառքեր եւ իր հետ եղող բոլոր զօրքերը Ազգերի Արիսոթից Կիսոնի հեղեղատում հաւաքեց։
14 Դեբորան ասաց Բարակին. Վե՛ր կաց, որովհետեւ սա է այն օրը, որ Տէրը Սիսարային քո ձեռքը մատնեց։ Ահա Տէրն է քո առաջ։ Բարակն իջաւ Թաբոր լեռից, եւ նրա ետեւից՝ տասը հազար մարդ։
15 Տէրը զարհուրեցրեց Սիսարային եւ նրա բոլոր կառքերն ու նրա ամբողջ բանակը խորտակեց Բարակի առաջ սրի բերանով։ Սիսարան իջաւ իր կառքից եւ հետիոտն փախաւ։
16 Բարակը, կառքերն ու բանակը հետապնդելով, գնաց մինչեւ Ազգերի անտառը։ Սիսարայի ամբողջ բանակն ընկաւ սրի բերանով, եւ ոչ ոք չմնաց կենդանի։
17 Սիսարան հետիոտն փախաւ գնաց կինեցի Քաբերի կնոջ՝ Յայէլի վրանը, որովհետեւ Ասորի արքայ Յաբինի եւ կինեցի Քաբերի տան միջեւ խաղաղութիւն էր։
18 Յայէլն ընդառաջ ելաւ Սիսարային եւ ասաց նրան. Դէպի ինձ շո՛ւռ արի, տէ՛ր իմ, շո՛ւռ արի եւ մի՛ վախեցիր։ Եւ նա գնաց վրանը՝ նրա մօտ. եւ կինը նրան ծածկեց նրա ծածկոցով։
19 Սիսարան ասաց նրան. Մի քիչ խմելու ջուր տո՛ւր ինձ, ծարաւ եմ։ Եւ նա բաց արեց կաթի տիկը, խմեցրեց նրան եւ ծածկեց նրա երեսը։
20 Սիսարան նրան ասաց. Կանգնի՛ր դու վրանի դռան մօտ, եւ եթէ մէկը քեզ մօտ գայ եւ քեզ հարցնի ու ասի, թէ՝ այդտեղ մարդ կա՞յ, կ՚ասես, թէ՝ չկայ։
21 Եւ կինը ծածկեց նրան նրա ծածկոցով։ Ապա Քաբերի կին Յայէլն առաւ վրանի ցիցը, բռնեց մուրճն իր ձեռքին, կամացուկ մտաւ նրա մօտ, ցիցը մխեց նրա ծնօտի մէջ եւ նրան գետնին գամեց։ Նա տապալուեց նրա ոտքերի առաջ եւ հոգին փչեց։
22 Եւ ահա Բարակը, հետապնդելով, գալիս էր Սիսարայի ետեւից։ Յայէլը նրան ընդառաջ ելաւ եւ ասաց նրան. Ե՛կ այստեղ, քեզ ցոյց տամ այն մարդուն, որին փնտռում ես։ Նա մտաւ նրա մօտ, եւ ահա Սիսարան ընկած մեռած էր՝ ցիցը նրա քունքի մէջ։
23 Տէր Աստուած այդ օրը իսրայէլացիների առաջ նուաստացրեց քանանացիների Յաբին թագաւորին։
24 Եւ իսրայէլացիների ձեռքը գնալով զօրանում էր քանանացիների Յաբին արքայի վրայ, մինչեւ որ նրանց բնաջինջ արեցին։