ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 11

1 Գաղաադացի Յեփթայէն հզօր եւ ուժեղ մարդ էր։ Նա որդին էր մի պոռնիկ կնոջ, որը Գաղաադից ունեցաւ Յեփթայէին։
2 Գաղաադի կինը նրա համար որդիներ ծնեց, եւ երբ կնոջ որդիները զօրացան, վռնդեցին Յեփթայէին եւ ասացին նրան. Դու մեր հօր տան մէջ ժառանգութիւն չպիտի ունենաս, որովհետեւ պոռնիկ կնոջ որդի ես։
3 Յեփթայէն փախաւ իր եղբայրների երեսից եւ բնակուեց Տոբ երկրում։ Յեփթայէի մօտ հաւաքւում էին դատարկապորտ մարդիկ եւ շրջում էին նրա հետ։
4 Որոշ ժամանակից յետոյ ամոնացիները պատերազմեցին իսրայէլացիների դէմ։
5 Երբ ամոնացիները պատերազմում էին Իսրայէլի դէմ, Գաղաադի ծերերը գնացին, որ Յեփթայէին Տոբ երկրից վերցնեն։
6 Նրանք ասացին Յեփթայէին. Ե՛կ եւ մեզ համար զօրավար եղիր, եւ ամոնացիների դէմ պատերազմ տանք։
7 Յեփթայէն Գաղաադի ծերերին ասաց. Չէ՞ որ դուք ինձ ատեցիք, հանեցիք իմ հօր տնից եւ հեռացրիք ինձ ձեզնից։ Հիմա, երբ նեղութեան մէջ էք, ինչո՞ւ էք եկել ինձ մօտ։
8 Գաղաադի ծերերն ասացին Յեփթայէին. Այդպէս չէ, մենք քեզ մօտ ենք եկել, որ մեզ հետ գնաս, եւ պատերազմ տանք ամոնացիների դէմ, եւ մեզ՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս գլխաւոր լինես։
9 Յեփթայէն ասաց Գաղաադի ծերերին. Եթէ դուք ինձ վերադարձնէք ամոնացիների դէմ պատերազմելու, եւ Տէրը նրանց իմ ձեռքը մատնի, ես իշխան կը դառնա՞մ։
10 Գաղաադի ծերերն ասացին Յեփթայէին. Տէրը թող մեր մէջ վկայ լինի, որ մենք քո խօսքի համաձայն կ՚անենք։
11 Յեփթայէն Գաղաադի ծերերի հետ գնաց, եւ ժողովուրդը նրան իր վրայ գլխաւոր եւ առաջնորդ կարգեց։ Յեփթայէն Տիրոջ առաջ Մասեփայում ասաց իր այս բոլոր խօսքերը։
12 Յեփթայէն ամոնացիների թագաւորի մօտ պատգամաւորներ ուղարկեց եւ ասաց. Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, որ եկել ես ինձ մօտ պատերազմելու իմ երկրում։
13 Ամոնացիների թագաւորը Յեփթայէի պատգամաւորներին ասաց. Ինչո՞ւ Իսրայէլը գրաւեց իմ երկիրը Եգիպտոսից դուրս գալու ժամանակ՝ Առնոնից մինչեւ Յաբոկ եւ մինչեւ Յորդանան գետը։ Հիմա խաղաղութեամբ այն վերադարձրո՛ւ ինձ, եւ ես կը գնամ։ Պատգամաւորները վերադարձան Յեփթայէի մօտ։
14 Յեփթայէն նորից պատգամաւորներ ուղարկեց ամոնացիների արքայի մօտ
15 եւ ասաց նրան. Այսպէս են ասում Իսրայէլը եւ Յեփթայէն. Եգիպտոսից դուրս գալիս Իսրայէլը չգրաւեց Մովաբի երկիրն ու ամոնացիների երկիրը,
16 այլ Իսրայէլն անապատով գնաց մինչեւ Կարմիր ծովը եւ եկաւ մինչեւ Կադէս։
17 Իսրայէլը պատգամաւորներ ուղարկեց Եդոմի արքայի մօտ եւ ասաց. ՛՛Թող անցնեմ քո երկրով, բայց Եդոմի արքան չլսեց՛՛։ Մովաբի արքայի մօտ էլ պատգամաւորներ ուղարկեց, բայց նա էլ չկամեցաւ։ Եւ Իսրայէլը մնաց Կադէսում,
18 շրջեց անապատում, պտոյտ տուեց Եդոմի երկրով եւ Մովաբի երկրով, եկաւ Մովաբի երկրի արեւելեան կողմով եւ բանակատեղի դրեց Առնոնի այն կողմում, բայց Մովաբի սահմանները չմտաւ, որովհետեւ Մովաբի սահմանն Առնոնն էր։
19 Իսրայէլը պատգամաւորներ ուղարկեց ամորհացիների Սեհոն արքայի մօտ, որ Եսեբոնի եւ ամորհացիների թագաւորն էր, եւ Իսրայէլը նրան ասաց. ՛՛Թող անցնեմ քո երկրով մինչեւ իմ տեղը՛՛։
20 Եւ Սեհոնը չկամեցաւ, որ Իսրայէլն անցնի իր սահմաններով։ Սեհոնը հաւաքեց իր ամբողջ ժողովրդին, բանակատեղի դրեց Ասսայում եւ պատերազմեց Իսրայէլի դէմ։
21 Իսրայէլի Տէր Աստուածը Սեհոնին եւ նրա ամբողջ ժողովրդին իսրայէլացիների ձեռքը մատնեց, եւ ջարդեցին նրանց,
22 եւ Իսրայէլը ժառանգեց այդ երկրում ապրող ամորհացիների երկիրը, ամորհացիների բոլոր սահմանները Առնոնից մինչեւ Յաբոկ եւ անապատից մինչեւ Յորդանան գետը։
23 Արդ, Իսրայէլի Տէր Աստուածը ամորհացիներին վերացրել է Իսրայէլի իր ժողովրդի առջեւից, դո՞ւ պիտի ժառանգես այն։
24 Չէ՞ որ դու պիտի ժառանգես քո աստծու՝ Քամոսի քեզ ժառանգութիւն տուածը, մենք էլ պիտի ժառանգենք այն ամէնը, ինչ մեր Տէր Աստուածը ժառանգութիւն տուեց մեզ։
25 Արդ, դու Սեպփորի որդի Բաղակից՝ Մովաբի արքայից լա՞ւ ես. միթէ նա վի՞ճեց իսրայէլացիների հետ կամ պատերազմե՞ց նրանց դէմ.
26 Իսրայէլը երեք հարիւր տարի ապրում է Եսեբոնում եւ նրա աւաններում, Արոյերում եւ նրա աւաններում ու Յորդանան գետի ափերի բոլոր քաղաքներում։ Ինչո՞ւ չազատեցին դրանք այնքան ժամանակ։
27 Ես քո դէմ չեմ մեղանչել, իսկ դու իմ դէմ չարիք ես գործում՝ պատերազմելով իմ դէմ։ Իսրայէլացիների եւ ամոնացիների միջեւ դատաւոր եղող Տէրը թող այսօր դատաստան անի։
28 Բայց ամոնացիների արքան չանսաց Յեփթայէի յղած խօսքերին։
29 Եւ Տիրոջ հոգին հակուեց Յեփթայէի կողմը։ Նա Գաղաադից, Մանասէից եւ Գաղաադի Դիտանոցից անցաւ ու Գաղաադի Դիտանոցից գնաց ամոնացիների կողմը։
30 Յեփթայէն Տիրոջը ուխտ արեց եւ ասաց. Եթէ ամոնացիներին իմ ձեռքը մատնես,
31 եւ ես խաղաղութեամբ վերադառնամ ամոնացիների մօտից, իմ տան դռնից ինձ ընդառաջ դուրս եկողին Տիրոջը ողջակէզ կը մատուցեմ։
32 Եւ Յեփթայէն գնաց ամոնացիների դէմ պատերազմելու, եւ Տէրը նրանց մատնեց նրա ձեռքը։
33 Նա ջարդեց նրանց Արոյերից մինչեւ Սեմենիթի սահմանը, ջարդեց քսան քաղաք՝ մինչեւ այգեստանների Յաբէլը խիստ մեծ կոտորած տալով։ Ամոնացիները փախան իսրայէլացիների առաջից։
34 Յեփթայէն եկաւ Մասեփա, իր տունը, եւ ահա նրա աղջիկը նրան ընդառաջ ելաւ թմբուկներով եւ պարերով։ Նա նրա միակ սիրելի զաւակն էր, եւ նրանից բացի նա ուրիշ տղայ կամ աղջիկ չունէր։
35 Երբ նրան տեսաւ, պատառոտեց իր զգեստները եւ ասաց. Վա՜յ ինձ, աղջի՛կս, դու ինձ ընկճեցիր, փորձանքի մէջ գցեցիր, որովհետեւ քեզ համար պարտաւորութիւն ստանձնեցի Տիրոջ առաջ եւ չեմ կարող խօսքս ետ առնել։
36 Աղջիկը նրան ասաց. Եթէ ինձ համար պարտաւորութիւն ես ստանձնել Տիրոջ առաջ, արա՛ ինձ հետ այն, ինչ դուրս է եկել քո բերանից այն բանի փոխարէն, ինչ արեց Տէրը քեզ համար՝ վրէժ լուծելով քո թշնամիներից՝ ամոնացիներից։
37 Եւ աղջիկն իր հօրն ասաց. Միայն այս բա՛նն արա ինձ համար. թո՛յլ տուր, որ ես երկու ամիս գնամ ման գամ լեռների վրայ եւ իմ ընկերուհիների հետ ողբամ իմ կուսութիւնը։
38 Եւ հայրն ասաց. Գնա՛։ Եւ արձակեց նրան երկու ամիս։ Աղջիկը իր ընկերուհիների հետ գնաց եւ լեռների վրայ ողբաց իր կուսութիւնը։
39 Երբ լրացաւ երկու ամիսը, վերադարձաւ իր հօր մօտ, եւ հայրը կատարեց իր արած ուխտը. աղջիկը տղամարդ չէր ճանաչել։ Եւ Իսրայէլի մէջ սովորութիւն դարձաւ ողբալ Յեփթայէի աղջկան.
40 սահմանուած օրերին, տարուայ մէջ չորս օր, Իսրայէլի աղջիկները հաւաքւում էին ողբալու գաղաադացի Յեփթայէի աղջկան։