ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 6

1 Իսրայէլացիները Տիրոջ առաջ չարիք գործեցին, եւ Տէրը նրանց եօթը տարի մադիամացիների ձեռքը մատնեց.
2 եւ մադիամացիների ձեռքը ծանրացաւ Իսրայէլի վրայ։ Իսրայէլացիները մադիամացիների պատճառով իրենց համար ապաստաններ շինեցին լեռներում, քարայրներում եւ ամրոցներում։
3 Երբ իսրայէլացիները վարուցանք էին անում, մադիամացիները, ամաղէկացիները եւ Արեւելքի բնակիչները ելնում, յարձակւում էին նրանց վրայ,
4 բանակատեղի էին դնում նրանց մօտ եւ փչացնում հողի բերքը մինչեւ Գազայի սահմանները։ Իսրայէլին հանգիստ չէին տալիս, չէին թողնում ո՛չ ոչխար, ո՛չ արջառ, ո՛չ էշ։
5 Նրանք իրենց ոչխարներով վեր էին կենում, բերում էին իրենց վրանները եւ մորեխի պէս բազմութեամբ վրայ էին հասնում։ Նրանց եւ նրանց ուղտերին թիւ չկար։ Հասնում էին Իսրայէլի երկիրը՝ այն աւերելու համար։
6 Եւ Իսրայէլը մադիամացիների պատճառով շատ աղքատացաւ։ Իսրայէլացիները աղաղակեցին Տիրոջը։
7 Եւ երբ Իսրայէլացիները մադիամացիների պատճառով աղաղակեցին Տիրոջը,
8 Տէրն իսրայէլացիների մօտ մարգարէ ուղարկեց եւ ասաց նրանց. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ես եմ, որ հանեցի ձեզ Եգիպտոսից, ձեզ դուրս բերի ծառայութեան տնից,
9 փրկեցի ձեզ եգիպտացիների ձեռքից եւ բոլոր ձեզ նեղողների ձեռքից, քշեցի նրանց ձեր առաջից եւ նրանց երկիրը ձեզ տուի։
10 Եւ ձեզ ասացի.՛ ՛Ես եմ ձեր Տէր Աստուածը, մի՛ վախեցէք ամորհացիների աստուածներից, որոնց երկրում դուք բնակւում էք՛՛, բայց դուք չլսեցիք իմ խօսքը։
11 Եւ Տիրոջ հրեշտակը եկաւ ու նստեց Եսրէի հօր՝ Յովասի կաղնու տակ, որը Եփրայում էր գտնւում։ Նրա որդի Գեդէոնը կալում ցորեն էր կալսում՝ փախուստ տալով մադիամացիներից։
12 Տիրոջ հրեշտակը երեւաց նրան եւ ասաց. Տէրը քեզ հետ է, ով զօրաւոր կտրիճ։
13 Գեդէոնը նրան ասաց. Աղաչում եմ քեզ, Տէ՛ր իմ, եթէ Տէրը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր չարիքները եկան մեզ վրայ, ո՞ւր են նրա բոլոր զարմանահրաշ գործերը, որ պատմեցին մեզ մեր հայրերը՝ ասելով. Չէ՞ որ Տէրը մեզ հանեց Եգիպտոսից, եւ հիմա ինչո՞ւ է նա մեզ լքել ու մադիամացիների ձեռքը մատնել։
14 Տիրոջ հրեշտակը նայեց նրան ու ասաց. Գնա՛ քո այդ զօրութեամբ եւ փրկի՛ր Իսրայէլը մադիամացիների ձեռքից։ Չէ՞ որ ահա ես եմ ուղարկում քեզ։
15 Գեդէոնը նրան ասաց. Աղաչում եմ քեզ, Տէ՛ր իմ, ինչո՞վ փրկեմ ես Իսրայէլը. ահա իմ հազարաւոր մարդիկ ամենից աղքատն են Մանասէի ցեղի մէջ, եւ ես իմ հօր տան կրտսերն եմ։
16 Տիրոջ հրեշտակը նրան ասաց. Տէրը քեզ հետ է, եւ դու մադիամացիներին կը ջարդես, ինչպէս մէկ մարդու։
17 Գեդէոնն ասաց. Եթէ ես քո աչքի առաջ շնորհ եմ գտել, ինձ մի նշան ցո՛յց տուր, որ դու ես ինձ հետ խօսում,
18 մի՛ գնա այստեղից, մինչեւ որ քեզ մօտ գամ եւ իմ զոհը բերեմ ու դնեմ քո առաջ։ Նա ասաց. Ես եմ, եւ կը նստեմ այստեղ, մինչեւ որ ետ դառնաս ինձ մօտ։
19 Գեդէոնը ներս մտաւ, այծերի հօտից մի ուլ մորթեց եւ մէկ արդու ալիւրից բաղարջ պատրաստեց, միսը դրեց ափսէի վրայ, արգանակը կճուճի մէջ ածեց, դրեց նրա առաջ կաղնու տակ եւ երկրպագութիւն արեց։
20 Տիրոջ հրեշտակը նրան ասաց. Վերցրո՛ւ դու այդ միսն ու բաղարջ հացը, դի՛ր այս քարի վրայ, իսկ արգանակը վրա՛ն թափիր։ Եւ նա այդպէս արեց։
21 Տիրոջ հրեշտակն իր ձեռքի գաւազանի ծայրը մեկնեց եւ հասցրեց մսին ու բաղարջին։ Քարից կրակ դուրս եկաւ ու լափեց բաղարջ հացերը. եւ Տիրոջ հրեշտակը հեռացաւ նրա աչքից։
22 Գեդէոնը տեսաւ, որ նա Տիրոջ հրեշտակն է, եւ ասաց. Ո՜հ, ո՜հ, Տէ՛ր, Տէ՛ր, տեսայ ես Տիրոջ հրեշտակին երես առ երես։
23 Տէրը նրան ասաց. Խաղաղութիւն քեզ, մի՛ վախեցիր, չես մեռնի։
24 Եւ Գեդէոնն այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց, այն կոչեց Տիրոջը խաղաղութիւն։ Դա այնտեղ է մինչեւ այսօր։ Եւ մինչդեռ ինքն այնտեղ էր իր հօրը՝ Եսրէին պատկանող Եփրայում,
25 այդ գիշեր Տէրը նրան ասաց. Ա՛ռ դու քո հօր պարարտ եզն ու եօթը տարեկան երկրորդ եզը եւ քանդի՛ր քո հօրը պատկանող Բահաղի զոհասեղանը, կտրտի՛ր նրա մօտ եղած անտառը
26 եւ զոհասեղան շինի՛ր քո Տէր Աստծու համար, որը քեզ երեւաց Մանոզ լերան գլխին, պատերազմի տեղում. վերցրո՛ւ երկրորդ եզը եւ ողջակէ՛զ արա քո կտրտած անտառի փայտերով։
27 Գեդէոնն իր ծառաներից տասներեք մարդ առաւ եւ արեց այնպէս, ինչպէս նրան ասաց Տէրը։ Եւ որովհետեւ իր հօր տնեցիներից ու քաղաքի մարդկանցից վախեցաւ ցերեկն անելու այդ բանը, գիշերն արեց։
28 Առաւօտը կանուխ քաղաքի մարդիկ վեր կացան եւ տեսան, որ կործանուած է Բահաղի զոհասեղանը, նրա մօտի անտառը կտրտուած է, եւ պարարտ եզը ողջակէզ է արուած նոր շինուած զոհասեղանի վրայ։
29 Եւ իրար ասացին. Ո՞վ արեց այս բանը։ Պրպտեցին, քննեցին եւ ասացին, թէ այդ բանը Յովասի որդի Գեդէոնն է արել։
30 Քաղաքի մարդիկ ասացին Յովասին. Դո՛ւրս հանիր քո որդուն, նա պէտք է մեռնի, որովհետեւ կործանել է Բահաղի զոհասեղանը եւ կտրտել է նրա մօտի անտառը։
31 Յովասն իր դէմ ելած մարդկանց ասաց. Միթէ դո՞ւք պէտք է պաշտպանէք այժմ Բահաղի դատը, եւ կամ դո՞ւք պէտք է ազատէք նրան։ Ով որ նրան վնասել է, կը մեռնի մինչեւ առաւօտ։ Եթէ նա Աստուած է, թող ինքը լուծի իր վրէժը, քանի որ կործանել են նրա զոհասեղանը։
32 Եւ այդ օրը նրան անուանեց Յերոբոաղ, այսինքն՝ Բահաղի դատաստան, որովհետեւ քանդել էր նրա զոհասեղանը։
33 Իսկ բոլոր մադիամացիները, ամաղէկացիները եւ Արեւելքի բոլոր բնակիչները հաւաքուեցին միասին եւ եկան, բանակատեղի դրին Յեզրայէլի հովիտներում։
34 Տիրոջ հոգին զօրացրեց Գեդէոնին, նա եղջերափող փչեց, եւ Աբիեզերի ցեղի մարդիկ նրան խրախուսելով գնացին նրա ետեւից։
35 Մանասէի ամբողջ ցեղին պատգամաւորներ ուղարկեց, կանչեց, եւ սրանք էլ գնացին նրա ետեւից։ Պատգամաւորներ ուղարկեց նաեւ Ասերի, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի ցեղերին, եւ սրանք էլ ելան նրան ընդառաջ։
36 Գեդէոնն ասաց Աստծուն. Եթէ փրկելու ես Իսրայէլն իմ ձեռքով, ինչպէս որ ասել ես,
37 ահա ես կալի մէջ խուզած բուրդ կը դնեմ. եթէ միայն խուզած բրդի վրայ անձրեւ լինի, իսկ ամբողջ գետինը՝ չոր, կ՚իմանամ, որ Իսրայէլն ազատելու ես իմ ձեռքով, ինչպէս որ ասել ես։
38 Այդպէս էլ եղաւ. յաջորդ օրն առաւօտ կանուխ Գեդէոնը վեր կացաւ, քամեց բուրդը, եւ բրդից մի կոնք լիքը ջուր թափուեց։
39 Գեդէոնն ասաց Աստծուն. Թող քո բարկութիւնը չբորբոքուի ինձ վրայ, մի անգամ եւս խօսեմ եւ մի անգամ էլ բրդով փորձեմ։ Այս անգամ թող միայն բրդի վրայ չորութիւն լինի, իսկ ամբողջ գետնի վրայ՝ անձրեւ։
40 Եւ այն գիշերն Աստուած այդպէս արեց. միայն բրդի վրայ չորութիւն եղաւ, իսկ ամբողջ գետնի վրայ՝ անձրեւ։