ԵԶԵԿԻԷԼ. Chapter 28

1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, ասա՛ Տիւրոսի իշխանին. Այսպէս է ասում Տէր Աստուած. հակառակ նրան, որ գոռոզացաւ քո սիրտն, ու ասացիր՝ ՚ Աստուած եմ ես, աստուածային բնակութեամբ ապրեցի ծովի սրտում, սակայն մարդ ես դու, ոչ թէ Աստուած, թէեւ սիրտդ ներկայացնում ես իբրեւ Աստծու սիրտ։
3 Մի՞թէ դու աւելի իմաստուն ես, քան Դանիէլը, կամ մի՞թէ իմաստուններ են քեզ խրատել իրենց հանճարով։
4 Մի՞թէ քո իմաստութեամբ կամ խելքով ես քեզ համար հարստութիւն դիզել եւ իբրեւ գանձ ստացել ոսկի ու արծաթ։
5 Կամ քո իմաստութեան եւ առեւտրիդ շատութեա՞մբ ես մեծացրել հարստութիւնդ, ու սիրտդ քո հարստութեա՞մբ է փառաւորուել։
6 Ուստի այսպէս է ասում Տէր Աստուածը. Քանի որ քո սիրտը որպէս Աստծու սիրտ ես ներկայացրել,
7 դրա համար ահա ես օտար դաժան ազգեր եմ բերելու քո դէմ, եւ նրանք իրենց թուրն են իջեցնելու քեզ վրայ, քո գեղեցիկ իմաստութեան վրայ եւ քո գեղեցկութիւնը կորստեան են մատնելու,
8 կործանելու են քեզ, ու մահացու խոցուածների մահով ես մեռնելու ծովի սրտում։
9 Մի՞թէ արիւնարբուներիդ առաջ ասելու եւ կրկնելու ես՝ Աստուած եմ ես։ Բայց մարդ ես դու, ոչ թէ Աստուած։
10 Եւ քո սպանուածների ու անթլփատ մեռելների առաջ ես մեռնելու օտարների ձեռքով, որովհետեւ ես խօսեցի, - ասում է Ամենակալ Տէրը։
11 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. Մարդո՛ւ որդի, ո՛ղբ ասա Տիւրոսի իշխանի վրայ եւ ասա՛ նրան.
12 Այսպէս է ասում Տէր Աստուած. դու կատարեալ իմաստութեան նմուշ ես եղել, գեղեցկութեան պսակ,
13 եղել ես Աստծու դրախտի գգուանքներում, քեզ վրայ կապել բոլոր թանկարժէք քարերը՝ սարդիոն ու տպազիոն, զմրուխտ ու կարկեհան, շափիւղայ ու յասպիս, արծաթ ու ոսկի, սուտակ, ակաթ, մեղեսիկ, ոսկեքար, բիւրեղ, եղնգաքար. ոսկով ես լցրել քո մէջ գտնուած գանձարաններն ու շտեմարանները։
14 Այն օրից, երբ ստեղծուել ես ու զգեստաւորուել՝ քերովբէին օծելիս, քեզ Աստծու սուրբ լերանն եմ յանձնել, եւ հրէ քարերի մէջ ես յայտնուել։
15 Անարատ ես եղել քո օրերում, ստեղծուելուցդ ի վեր, մինչեւ որ անիրաւութիւններ են երեւան եկել քո մէջ։
16 Քո առեւտրի շատութիւնից՝ անիրաւութիւններով ես լցրել շտեմարաններդ. մեղանչել ու խփուել ես։ Վարսաւոր քերովբէն իջեցրել է քեզ Աստծու լեռից, հրէ քարերի միջից։
17 Քո գեղեցկութեան մէջ՝ սիրտդ գոռոզացել է, իմաստութիւնդ ապականուել՝ քո գեղեցկութեամբ հանդերձ։ Քո մեղքերի շատութեան համար գետին եմ գցել քեզ, խայտառակել քեզ թագաւորների առաջ։
18 Քո մեղքերի շատութեամբ ու առեւտրիդ խարդախութեամբ պղծել ես սրբավայրերդ։ Կրակ եմ հանելու քո միջից, նա էլ ճարակելու է քեզ. քո երկրում, բոլոր ականատեսների առաջ մոխիր եմ դարձնելու քեզ։
19 Ու բոլոր նրանք, որ քեզ ճանաչեն ազգերի մէջ, տրտմելու են քեզ համար, որովհետեւ կորստեան ես մատնուել ու այլեւս յաւիտեան գոյութիւն չես ունենալու։
20 Սիդոնի դէմ։ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
21 Մարդո՛ւ որդի, երեսդ ուղղի՛ր Սիդոնի կողմը, մարգարէացի՛ր նրա մասին ու ասա՛.
22 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ահա ես քո դէմ եմ, Սիդո՛ն։ Փառաւորուելու եմ քո մէջ։ Պիտի իմանաս, որ ես եմ Տէրը, երբ քո դատաստանն անեմ։ Եւ ես սրբանալու եմ քո մէջ։
23 Քեզ վրայ համաճարակ եմ ուղարկելու, քո հրապարակներին՝ արիւն։ Ու սպանուածներ են ընկնելու քո մէջ, սրերով են շրջապատելու քեզ։ Եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը։
24 Իսրայէլի տանն այլեւս դառն տատասկներ չեն լինելու, ոչ էլ ցաւոտ փշեր այն բոլոր մարդկանց կողմից, որոնք չորս կողմից անարգեցին նրանց։ Եւ պէտք է իմանան, որ ես եմ Ամենակալ Տէրը։
25 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Հաւաքելու եմ Իսրայէլի տունն այն ազգերի միջից, ուր նրանք ցրուել էին։ Սրբանալու եմ նրանց մէջ, ազգերի ու ժողովուրդների առաջ։ Նրանք բնակուելու են իրենց երկրում, որ տուել եմ իմ ծառայ Յակոբին։ Այնտեղ ապրելու են ապահով.
26 տներ են շինելու եւ այգիներ տնկելու, ապրելու են ապահով, երբ դատաստան տեսնեմ այն բոլորի հետ, որոնք չորս կողմից անարգեցին նրանց։ Եւ պիտի իմանան, որ ես եմ նրանց Տէր Աստուածը, նրանց հայրերի Աստուածը։
27 Եգիպտոսի ու եգիպտացիների արքայ Փարաւոնի մասին