ԵԶԵԿԻԷԼ. Chapter 17

1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2 Մարդո՛ւ որդի, մի պատմութի՛ւն պատմիր, մի առա՛կ բեր Իսրայէլի այդ տան մասին եւ ասա՛.
3 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Մի արծիւ կար, մեծ, լայնատարած թեւերով, մագիլներով լեցուն։ Մտածեց Լիբանան մտնել, ընտիր-ընտիր մայրիներից մատաղ տունկեր վերցրեց
4 ու քանանացիների երկիրը տարաւ, դրանք տնկեց պարսպապատ քաղաքում։
5 Վերցրեց նաեւ երկրի սերմից, մանր-մանր ցանեց դաշտի երեսին, կարգադրեց, որ առատօրէն ջրեն այդ դաշտը։
6 Բուսաւ ու եղաւ վտիտ, տեսքով փոքր որթատունկ. վրան ոստեր երեւացին։ Նրա արմատները տակն էին։ Որթատունկը մեծացաւ, ողկոյզներ տուեց, իր շիւերն արձակեց։
7 Ապա երեւաց մի ուրիշ մեծ արծիւ՝ մեծաթեւ ու բազմամագիլ։ Եւ ահա այս որթատունկը սրան փաթաթուեց, արմատները սրա կողմը ձգուեցին, ճիւղերն էլ՝ սրա տակ։ Ուղարկեց, որ այդ ամբողջ տունկը ջրեն։
8 Գեղեցիկ դաշտում առատ ջրով պիտի ուռճացուէր՝ ոստեր արձակելու, պտղաբերելու եւ մեծ որթատունկ դառնալու համար։
9 Այս մասին ասա՛. Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Արդեօք որթատունկն ուռճանալո՞ւ է։ Չէ՞ որ նրա նուրբ արմատներն ու պտուղները նեխելու են, ու նրա ոստերը՝ չորանալու։ Ո՛չ մեծ բազուկ է պէտք գալու եւ ո՛չ էլ շատ մարդ՝ ձեռք գցելու եւ այն արմատախիլ անելու համար։
10 Արդ, որթատունկն ուռճանալո՞ւ է։ Չի՛ փարթամանալու։ Չէ՞ որ խորշակը երբ մօտենայ, չորանալու է ամբողջ բոյսը՝ իր ոստերով։
11 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
12 Մարդո՛ւ որդի, ասա Իսրայէլի այդ տանը՝ դառնացնողների տանը. չգիտէ՞ք, թէ այդ ի՛նչ բան էր, որ ձեզ ասացի։ Երբ բաբելացիների թագաւորը Երուսաղէմ գայ, սրա թագաւորին ու իշխաններին պիտի վերցնի ու տանի նրանց իր մօտ՝ Բաբելոն։
13 Թագաւորի զաւակներից մէկին պիտի առնի, ուխտ պիտի դնի նրա հետ եւ նրան հաւատարմութեան երդում անել պիտի տայ։ Երկրի իշխաններին էլ պիտի վերացնի, որպէսզի թագաւորութիւնը տկարանայ,
14 բոլորովին ոտքի չկանգնի, նրա ուխտը պահի ու հաւատարիմ մնայ դրան։
15 Պիտի ապստամբի նրա դէմ՝ սուրհանդակներ ուղարկելով Եգիպտոս, որպէսզի իրեն ձիեր ու բազում զօրք տան։ Բայց յաջողութիւն ունենալո՞ւ է։ Փրկուելո՞ւ է նա, ով այսպիսի հակառակ բաներ է անում, դրժում է ուխտը։ Փրկուելո՞ւ է։
16 Վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - որ ճիշտ այն տեղում, ուր թագաւորը նրան թագաւոր դարձրեց, ուր անարգեց ինձ տուած հաւատարմութեան երդումը եւ դրժեց նրա հետ իմ կնքած ուխտը՝ հէնց Բաբելոնում մեռնելու է։
17 Ոչ էլ Փարաւոնն իր մեծ զօրութեամբ, բազում գնդերով պատերազմելու է նրա դէմ։ Բաբելոնի թագաւորը պատնէշներ ու մարտկոցներ է սարքելու, որպէսզի ոչնչացնի շատերին այն բանի համար,
18 որ անարգեց երդումը, դրժեց ուխտը։ Եւ ահա մատնել եմ նրա՝ Բաբելոնի թագաւորի ձեռքը, այս բոլորը բերել եմ նրա գլխին։ Մի՞թէ փրկուելու է։
19 Այս մասին ասա՛. Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Վկայ եմ ես, -ասում է Ամենակալ Տէրը, - ըստ իմ ուխտի, որ դրժել է, եւ ըստ իմ երդման, որ անարգել է, հատուցել եմ տալու նրան։
20 Նետելու եմ նրա վրայ ուռկանս, եւ նա բռնուելու պաշարուելու է իմ կողմից։ Բերելու եմ նրան Բաբելոն, այնտեղ էլ դատաստան եմ տեսնելու հետը այն անիրաւութիւնների համար, որ գործել է իմ նկատմամբ։
21 Նաեւ բոլոր խուսափածները նրա բոլոր պատերազմներում սրով են ընկնելու, իսկ բոլոր մնացորդներին չորս հողմերին եմ ցրելու։ Եւ պէտք է իմանաք, որ ես՝ Տէրս եմ ասել։
22 Այս մասին այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Բարձրաւանդակի ընտիր-ընտիր մայրիներից մէկն առնելու եմ, դրա կատարի ճիւղերից վերցնելու եւ խորն եմ տնկելու բարձր լերան վրայ
23 եւ այն կախելու եմ Իսրայէլի բարձր, երեւացող լեռից։ Տնկելու եմ, եւ ոստեր է արձակելու այն, պտուղ է տալու, դառնալու է մի մեծ մայրի։ Նրա տակ հանգստանալու, նրա հովանու տակ օթեւանելու են բոլոր գազաններն ու թռչունները։ Նրա ճիւղերը հաստատ են մնալու նրա վրայ։
24 Եւ դաշտի բոլոր ծառերը պէտք է իմանան, որ ես՝ Տէրս եմ որ խոնարհեցնում եմ բարձրացած ծառը կամ բարձրացնում խոնարհուած ծառը, չորացնում եմ դալար ծառը կամ դալարեցնում չորացած ծառը։ Ես՝ Տէրս եմ ասել սա, եւ անելու եմ։