ԵԶԵԿԻԷԼ. Chapter 5

1 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, յեսանով սրուած սուսեր ա՛ռ՝ վարսավիրների ածելուց աւելի սուր, ձե՛ռքդ առ այն, քաշի՛ր գլխիդ ու մօրուքիդ վրայով, ապա կշեռքն ա՛ռ ու կշռի՛ր այդ մազերը։
2 Մազի մէկ չորրորդ մասը հրով կ՚այրես քաղաքի մէջ, երբ լրանան արգելափակմանդ օրերը, մէկ չորրորդ մասն էլ սրով կը կտրատես կը փռես քաղաքի շուրջը, իսկ մէկ չորրորդ մասն էլ քամուն կը տաս. ես սուր կը քաշեմ դրանց յետեւից։
3 Դրանցից մի փոքր մաս կ՚առնես, կը ծրարես ու կը դնես թիկնոցիդ մէջ։
4 Դրանցից էլի կը վերցնես կը գցես կրակի մէջ, կ՚այրես դրանք կրակի մէջ, եւ այնտեղից կրակ դուրս կը գայ։
5 Ու կ՚ասես բոլոր իսրայէլացիներին. Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այս այն Երուսաղէմն է, որ դրել եմ հեթանոսների եւ նրանց շուրջը գտնուող երկրների մէջ։
6 Քանի որ իմ դրած կանոնները փոխեցին հեթանոսների անիրաւութեան հետ, իմ հրամանները՝ իրենց շուրջը գտնուող երկրների օրէնքների հետ, մերժեցին իմ օրէնքներն ու իմ օրէնքներով չշարժուեցին, -
7 դրա համար այսպէս է ասում Ամենակալ Տէրը. Քանի որ պատճառները գալիս են այն ազգերից, որոնք ձեր շուրջն են, եւ դուք իմ օրէնքներով չշարժուեցիք, իմ դրած կանոնները չկատարեցիք, չգործեցիք նաեւ ըստ ձեր շուրջը գտնուող հեթանոսների օրէնքների, -
8 ուստի Ամենակալ Տէրն այսպէս է ասում. ահա ես ձեզ դէմ եմ ու ձեր դատաստանը պիտի անեմ ազգերի առաջ
9 եւ ձեր պղծութիւնների պատճառով ձեզ պիտի անեմ այն, ինչ երբեք չեմ արել ու այլեւս դրա պէս ոչինչ չեմ անելու։
10 Դրա համար, Երուսաղէ՛մ, քո մէջ հայրերը պիտի ուտեն որդիներին, որդիներն էլ՝ հայրերին։ Քո դատաստանն եմ անելու եւ չորս հողմերին եմ ցրելու քո բոլոր մնացորդներին։
11 Քանի ես կենդանի եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ նրա համար, որ իմ սրբութիւնները պղծեցիք ձեր բոլոր գարշելի կուռքերով ու պիղծ պաշտամունքներով, - ես մերժելու եմ ձեզ, աչքս էլ ձեզ չի խնայելու, ոչ էլ ողորմելու եմ ձեզ։
12 Ձեր մէկ չորրորդ մասը համաճարակից է սպառուելու, քո մէջ մէկ չորրորդ մասը սովից է մեռնելու, միւս չորրորդ մասը չորս հողմերին եմ ցրելու, իսկ մէկ չորրորդ մասն էլ ձեր շուրջը սրից է ընկնելու. սուր եմ քաշելու նրանց յետեւից։
13 Եւ այսպէս նրանց վրայ իմ բարկութիւնը յագուրդ է ստանալու, ու ես մխիթարուելու եմ։ Եւ պէտք է իմանան, որ ես՝ Տէրս, խօսեցի իմ վրէժխնդրութեամբ՝ յագուրդ տալու համար իրենց վրայ իմ բարկութեան։
14 Երուսաղէ՛մ, ես քեզ անապատի եմ վերածելու, քեզ դարձնելու եմ քո շուրջը գտնուող հեթանոսների նախատինքի առարկան, քո շուրջը եղող գիւղերն էլ աւերակների եմ վերածելու բոլոր անցորդների աչքերի առաջ,
15 եւ դուք ողբալի ու եղկելի էք լինելու, ծաղր ու ցուցանք՝ ձեր շուրջը եղող ազգերի մէջ, երբ ես սրտմտութեամբ ու վրէժխնդրութեան ցասումով ձեզ հետ դատաստան տեսնեմ։
16 Ես՝ Տէրս եմ ասում սա. երբ ես սովի չար նետերս արձակեմ ձեզ վրայ՝ կ՚ոչնչանաք։ Դրանք կ՚արձակեմ ձեզ վրայ, սով կը բերեմ ձեր գլխին, կը վերացնեմ ձեր հացի պաշարը,
17 ձեր դէմ սով ու վայրի գազաններ կ՚ուղարկեմ եւ կը պատժեմ ձեզ. մահն ու արիւնը կ՚անցնեն ձեր վրայով, ձեր շուրջն էլ սրածութիւն կ՚անեմ, որովհետեւ ես՝ Տէրս եմ ասում դա։