ԵԶԵԿԻԷԼ. Chapter 46

1 Այսպէս է ասում Տէր Աստուած. Ներքին գաւթի դուռը, որ արեւելք է նայում, վեց լուր օրերին փակ կը լինի, իսկ շաբաթ օրը կը բացուի։ Ամսագլխի օրն էլ կը բացուի։
2 Առաջնորդը կը մտնի արտաքին կամարի դռնով ու կը կանգնի դռան սեմին։ Քահանաները նրա համար ողջակիզում կը կատարեն, զոհ կը մատուցեն նրա փրկութեան համար։ Ինքը կ՚երկրպագի դռան սեմին ու դուրս կը գայ։
3 Մինչեւ երեկոյ դուռը չի փակուի։ Երկրի ժողովուրդն էլ շաբաթ օրերն ու ամսագլուխներին կ՚երկրպագի դռան մուտքի առաջ, Տիրոջ առաջ։
4 Եւ այն ողջակէզները, որ շաբաթ օրերը առաջնորդը կը մատուցի Տիրոջը, կը լինեն՝ առանց արատի վեց գառ,
5 եփուած մաննա՝ խոյի ու գառների հետ, զոհեր ու նուէրներ՝ ըստ իր սրտի ուզածի, եւ մէկ քսեստ իւղ՝ հացի հետ։
6 Իսկ ամսամտի օրը կը մատուցի առանց արատի մի զուարակ, որ լինի հորթեր ծնած կովի ձագ (վեց գառներն ու խոյն էլ պէտք է լինեն առանց արատի)։
7 Կը մատուցի նաեւ ազնիւ ալիւր՝ զուարակի հետ, ազնիւ ալիւր ու մաննա՝ խոյի ու գառների հետ, ինչպէս որ ինքը կը կամենար տալ, ազնիւ ալիւրի հետ էլ՝ իւղ։
8 Առաջնորդը մտնելիս՝ կամարի դռնով կը մտնի, նոյն դռնով էլ դուրս կը գայ։
9 Իսկ երբ երկրի ժողովուրդը տօներին մտնի Տիրոջ առաջ երկրպագելու, ով հիւսիսային դռնով մտնի, հարաւային դռնով դուրս կը գայ, իսկ ով հարաւային դռնով մտնի, հիւսիսային դռնով դուրս կը գայ։ Չի վերադառնայ այն դռնով, որով մտել էր, այլ հակառակ դռնով դուրս կը գայ։
10 Առաջնորդն էլ, նրանց մէջ, մտնելիս՝ նրանց հետ կը մտնի, ելնելիս էլ նրանց հետ դուրս կը գայ։
11 Տօներին ու հաւաքոյթներին կը լինի՝ եփուած մաննա զուարակի հետ, մաննա՝ խոյի ու գառների հետ, ինչպէս ինքը կը կամենար տալ. մէկ քսեստ իւղ էլ՝ հացի հետ։
12 Ապա առաջնորդը Տիրոջը կը մատուցի խոստովանութեան ու կամաւոր փրկութեան ողջակէզները, իր համար բաց կ՚անի արեւելք նայող դուռը եւ կը մատուցի փրկութեան համար իր ողջակէզները նոյն ձեւով, ինչպէս կատարում էր շաբաթ օրերին։ Ապա դուրս կը գայ եւ իր ելնելուց յետոյ կը փակի դռները։
13 Նա Տիրոջը, որպէս ողջակէզ, կը մատուցի մէկ տարեկան առանց արատի մի ամլիկ գառ, եւ դա կ՚անի ամէն օր վաղ առաւօտեան։
14 Դրա հետ, վաղ առաւօտեան, կը մատուցի նաեւ մաննա արդուի չափի մէկ վեցերորդ մասով եւ քսեստի մէկ երրորդի չափով իւղ՝ ազնիւ ալիւրին խառնելու համար։ Մաննայի ընծայումը Տիրոջը յաւիտենական հրահանգ է.
15 ամէն օր վաղ առաւօտեան պէտք է մատուցուի գառը, մաննան ու իւղը, որպէս մշտնջենական ողջակէզ։
16 Այսպէս է ասում Տէր Աստուած. Եթէ իշխանն իր որդիներից որեւէ մէկին պարգեւ տայ իր ժառանգութիւնից, դա նրա որդիների ժառանգական կալուածքը կը լինի։
17 Իսկ եթէ իր ժառանգութիւնից պարգեւ տայ իր ծառաներից մէկին, դա նրանը կը լինի մինչեւ թողութեան տարին, ապա նորից կը վերադարձուի իշխանին։ Բայց նրա որդիների ժառանգութիւնը նրանցը կը լինի։
18 Առաջնորդը չպէտք է իր ժողովրդի ժառանգութիւնից վերցնի՝ նրան բռնադատելով, այլ իր կալուածքներից ու իր ժառանգութիւնից պէտք է աւանդ թողնի իր որդիներին, որպէսզի իմ ժողովուրդը չցրուի՝ իւրաքանչիւրն իր բնակավայրից։
19 Նա ինձ հարաւային դռնով տարաւ դէպի քահանաների սուրբ պատշգամբը, որ հիւսիս է նայում։ Եւ ահա մի առանձնացուա ծ տեղ կար։
20 Նա ասաց ինձ. Սա է այն տեղը, ուր քահանաները եփելու են զոհերի միսը՝ յանցանքների ու մեղքերի թողութեան համար։ Այնտեղ են եփելու նաեւ մաննան՝ ամենեւին դուրս չգալով արտաքին գաւիթը ժողովրդին սրբագործելու համար։
21 Նա ինձ դուրս բերեց արտաքին գաւիթը, պտտեցրեց գաւթի չորս բոլորը։ Ահա տեսայ գաւիթներ ու գաւիթներ՝ սրահի չորս կողմերին։
22 Փոքր գաւիթը քառասուն կանգուն երկարութիւն եւ երեսուն կանգուն լայնութիւն ունէր։ Չորսն էլ մի չափի էին, չորսի շուրջն էլ պատշգամբներ կային։
23 Խոհանոցներ էլ կային պատշգամբի տակ, չորս կողմերին։
24 Նա ինձ ասաց. Սրանք խոհանոցներ են, ուր տաճարի սպասաւորները ժողովրդի մատուցած զոհերի միսն են եփում։