ԵԶԵԿԻԷԼ. Chapter 29

1 Տասներորդ տարում, տասներորդ ամսին, ամսուայ առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2 Մարդո՛ւ որդի, երեսդ ուղղի՛ր եգիպտացիների արքայ Փարաւոնի դէմ, մարգարէացի՛ր նրա վրայ, ամբողջ Եգիպտոսի վրայ, խօսի՛ր ու ասա՛.
3 Այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես քո դէմ եմ, եգիպտացիների արքա՛յ Փարաւոն, ո՛վ վիշապդ մեծ, որ նստում ես գետերի միջեւ, որ ասում ես՝ ՚ Իմն են այս գետերը, ես եմ ստեղծել սրանք։
4 Սանձ եմ դնելու քո ծնօտներին, այդ գետի ձկները կպցնելու եմ թեւերիդ, միջիցդ քո այդ գետերը դուրս եմ բերելու, եւ գետիդ բոլոր ձկները կպչելու են թեւերիդ։
5 Արագօրէն ոչնչացնելու եմ քեզ, նաեւ գետիդ բոլոր ձկները։ Դու կ՚ընկնես դաշտի երեսին ու չես հաւաքուի, այլեւս չես ժողովուի, քանի որ քեզ որպէս կերակուր եմ տուել երկրի գազաններին ու երկնքի թռչուններին։
6 Եգիպտոսի բոլոր բնակիչները պիտի իմանան, որ ես եմ Տէրը, քանի որ Իսրայէլի այդ տան համար եղեգնեայ գաւազան եղար,
7 ու երբ քեզ վրայ յենւում էին, նրանց ձեռքն էիր խրւում, իսկ երբ մէկը ձեռքը քեզ էր մեկնում ու յենւում էր քեզ վրայ, այն ժամանակ ջարդւում էիր ու կոտրում նրանց բոլորի մէջքը։
8 Դրա համար այսպէս է ասում Տէր Աստուած. Ահա ես քո վրայ սուր եմ բերելու, քո միջից կորցնելու եմ մարդ ու անասուն,
9 եւ Եգիպտացիների այդ երկիրը լինելու է կորստեան մատնուած ու աւերակ։ Պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը։ Այն բանի համար, որ ասում էիր՝ ՚ Այս գետերն իմն են, ես եմ սրանք ստեղծել,
10 դրա համար էլ ահա ես կանգնած եմ քո եւ քո բոլոր գետերի դէմ, եւ Եգիպտացիների այդ երկիրն աւերածութեան, սրի ու կորստի եմ մատնելու Մակդոդից ու Սուհէնից մինչեւ եթովպացիների սահմանները։
11 Եգիպտոսի վրայով մարդու ոտք չի անցնելու, ոչ էլ անասունի կճղակ է գնալու նրա վրայով, քառասուն տարի մարդ չի ապրելու այնտեղ։
12 Այդ երկիրը կորստեան եմ մատնելու աւերակ երկրների մէջ, նրա քաղաքներն էլ՝ աւերուած քաղաքների մէջ։ Ու դրանք ապականութեան մէջ են լինելու քառասուն տարի։ Եգիպտացիներին ցրելու եմ ազգերի մէջ, նրանց սփռելու եմ երկրներով մէկ։
13 Այսպէս է ասում Տէր Աստուած. Քառասուն տարի յետոյ հաւաքելու եմ եգիպտացիներին այն ազգերի միջից, ուր ցրուած էին նրանք,
14 վերադարձնելու եմ եգիպտացիներին գերութիւնից ու բնակեցնելու եմ նրանց Պաթուրէսի երկրում, այն երկրում, որտեղից գերի էին քշուել։ Եւ այնտեղ գոյութիւն է ունենալու մէկ իշխանութիւն, որ լինելու է բոլոր իշխանութիւններից աւելի խեղճացած։
15 Այն լինելու է ամենանկունն ու չի իշխելու ազգերի վրայ։ Նրանց սակաւաթիւ եմ դարձնելու, որպէսզի ազգերի մէջ այլեւս չբազմանան։
16 Իսրայէլի տան ապաւէնը չեն լինելու այլեւս՝ յիշելով իրենց անօրէնութիւնը, ու չեն գնալու իրենց սրտի ուզածով։ Պէտք է իմանան, որ ես եմ Ամենակալ Տէրը։
17 Դարձեալ Եգիպտոսի մասին։ Քսանեօթներորդ տարում, առաջին ամսին, առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
18 Մարդո՛ւ որդի, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան չարչարեց իր զօրքերին եւ ուղարկեց Տիւրոսի վրայ։ Բոլոր գլուխները ճաղատացել էին, բոլոր ուսերը՝ քերծուել։ Տիւրոսի դէմ ինձ մատուցած ծառայութեան համար ինքն էլ, զօրքերն էլ վարձ չեն ստացել։
19 Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. Ահա ես բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային եմ տալու Եգիպտացիների երկիրը, եւ նա գերեվարելու է նրա մարդկանց բազմութիւնը, աւարի է մատնելու երկիրը, կողոպտելու նրա ունեցուածքը. եւ դա լինելու է նրա զօրքի վարձը։
20 Տիւրոսում ինձ մատուցած ծառայութեան փոխարէն նրան եմ տալու Եգիպտացիների երկիրը, տալու եմ այն ամենի դիմաց, ինչ արել է ինձ համար։
21 Այսպէս է ասում Տէր Աստուած. Այն օրը, երբ ամբողջ Իսրայէլի տան եղջիւրը բարձրանայ, քո բերանն եմ դնելու իմ խօսքը։ Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը։