ԵԶԵԿԻԷԼ. Chapter 40

1 Մեր գերութեան քսանհինգերորդ տարում, առաջին ամսին, ամսուայ տասնմէկերորդ օրը, քաղաքի գրաւման տասնչորսերորդ տարում, Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ։
2 Աստուածային տեսիլքի մէջ նա ինձ բերեց Իսրայէլի երկիրն ու դրեց մի չափազանց բարձր լերան վրայ, իսկ դրա վրայ, դէմ-յանդիման կար քաղաքի պէս մի շինուածք։ Ինձ ներս տարաւ։
3 Ահա մի մարդ կար այնտեղ, որի տեսքը փայլուն պղնձի նման էր։ Ձեռքին շինարարի լար ու չափաձող ունէր։ Ինքն էլ կանգնած էր դռան վրայ։
4 Մարդն ասաց ինձ. Տեսար դու, մարդո՛ւ որդի։ Արդ, աչքերովդ նայի՛ր, ականջներովդ լսի՛ր եւ մտքումդ հաստա՛տ պահիր այն ամէնը, ինչ քեզ ցոյց եմ տալու, որովհետեւ քեզ ցոյց տալու համար եմ այստեղ եկել։ Եւ ինչ որ ինքդ տեսնես՝ ցոյց եմ տալու Իսրայէլի տանը։
5 Ահա տաճարի շուրջը տեսայ փողոցնեա։ Մարդու ձեռքին կար մի չափաձող վեց կանգուն ու մէկ թիզ երկարութեամբ։ Պարսպի լայնութիւնը նա չափեց մէկ ձողի հաւասար, բարձրութիւնն էլ՝ մէկ ձողի հաւասար։
6 Մտաւ այն դռնից, որ արեւելք էր նայում եւ ունէր եօթը աստիճաններ։ Չափեց դռան չորս կողմում եղած վեցական կամարների խուցերը. մէկ խուցի երկարութիւնը մէկ ձողի հաւասար էր, լայնութիւնն էլ՝ մէկ ձողի հաւասար. խուցերի միջի կամարները վեց կանգուն էին։
7 Երկրորդ խուցը լայնքով հաւասար էր մէկ ձողի, երկայնքով էլ՝ մէկ ձողի հաւասար. կամարը հինգ կանգուն էր։
8 Երրորդ խուցն էլ երկայնքով հաւասար էր մէկ ձողի, լայնքով էլ՝ հաւասար մէկ ձողի. դռան կամարը, գագաթի մօտ, ութ կանգուն էր։
9 Կամարներն էլ երկու կանգուն էին, եւ դրանք ներքին դռան կամարներն էին։
10 Դռան խուցերն իրար դիմաց էին, երեքն այս կողմից, երեքը՝ միւս։ Երեքն էլ մի չափի էին, կամարներն էլ՝ մի չափի՝ այս եւ միւս կողմերից։
11 Դռան մուտքի լայնութիւնը չափեց տասը կանգուն, երկարութիւնը՝ տասներեք կանգուն։
12 Դէմ-դիմաց գտնուող խուցերի թռիչքը մի կանգուն էր. մի կանգուն՝ այս կողմից, մի կանգուն՝ միւս կողմից։ Երկու կողմերի խուցերը վեցական կանգուն էին։
13 Դուռը չափեց խուցի մի պատից միւսը. լայնքով քսանհինգ կանգուն էր. դուռը դռան վրայ էր։
14 Դռան կամարի թռիչքը, դռան շուրջը գտնուող խուցերի հետ, վաթսուն կանգուն էր։
15 Արտաքին գաւթից մինչեւ ներքին դուռը կամարի թռիչքը յիսուն կանգուն էր։
16 Նեղ լուսամուտներ կային ինչպէս խուցերի վրայ, այնպէս էլ գաւթի ներքին դռան կամարներին՝ չորս կողմը։ Նաեւ լուսամուտներ միւս կամարներին՝ ներսից ու դրսից։ Կամարների վերեւում, այս ու այն կողմերից, արմաւենիներ կային։
17 Նա ինձ ներքին գաւիթը տարաւ։ Ահա տեսայ դահլիճներ՝ սիւներով շրջանակուած, որոնք շինուած էին սրահների շուրջը։ Շրջանակաձեւ սիւների միջեւ երեսուն դահլիճներ կային։
18 Սիւներն իրար դիմաց էին, դռների երկայնքով,
19 նաեւ շրջանակաձեւ սիւներ կային ներսում։ Նա չափեց գաւթի լայնքը արտաքին դռնից մինչեւ ներքին դուռը, որ արեւելք էր նայում. հարիւր կանգուն էր։
20 Նա ինձ հիւսիսային կողմը տարաւ։ Ահա մի դուռ տեսայ, որ նայում էր արտաքին գաւթի հիւսիսին։ Չափեց նրա երկարութիւնն ու լայնութիւնը,
21 նրա այս ու այն կողմը գտնուող խուցերը, կամարը, սիւնազարդ սրահներն ու արմաւենիները. եւ այն արեւելք նայող դռան չափն ունէր. յիսուն կանգուն երկարութիւնն էր, քսանհինգ կանգուն՝ լայնութիւնը։
22 Նրա լուսամուտները, կամարներն ու արմաւենիները արեւելք նայող դռան համեմատ էին։ Եօթը աստիճաններ էին ելնում դէպի նա. ներսից կամարակապ էր։
23 Ներքին գաւթի դուռը նայում էր հիւսիսային դռանը, արեւելք նայող դռան նման։ Նա գաւիթը չափեց դռնից դուռ. հարիւր կանգուն էր։
24 Նա ինձ հարաւային կողմը տարաւ։ Ահա մի դուռ տեսայ, որ հարաւ էր նայում։ Չափեց այն, նաեւ խուցերը, սիւնազարդ սրահները, կամարները, որոնք նոյն չափն ունէին, ինչպէս միւսները։
25 Նրա լուսամուտներն ու շրջանակաձեւ կամարներն էլ առաջինի լուսամուտների ու կամարների նման էին. երկարութիւնը՝ յիսուն կանգուն էր, լայնութիւնը՝ քսանհինգ կանգուն։
26 Դուռը եօթը աստիճաններ ունէր, ներսում՝ կամարներ եւ արմաւենիներ այս ու այն կողմերից՝ սիւնազարդ սրահների վրայ։
27 Ներքին դուռը գաւթի դռան դիմաց էր եւ դէպի հարաւ էր նայում։ Գաւիթը նա դռնից դուռ չափեց. հարաւային կողմից լայնութիւնը հարիւր կանգուն էր։
28 Ինձ տարաւ ներքին դռան գաւիթը, որ հարաւային կողմն էր նայում. չափեց հարաւ նայող դուռը, որ նոյն չափն ունէր.
29 նոյն չափին էին նաեւ խուցերը, կամարներն ու սիւնազարդ սրահները։ Նրա շրջանակաձեւ լուսամուտների ու կամարների երկարութիւնը յիսուն կանգուն էր, լայնութիւնը՝ քսանհինգ։
30 Նրա շուրջը կամարներ էին, յիսուն կանգուն երկարութեամբ ու քսանհինգ կանգուն լայնութեամբ։
31 Կամարներ կային եւ արտաքին գաւթում, կամարների վրայ՝ արմաւենիներ եւ սանդուղք եօթը աստիճաններով։
32 Ինձ տարաւ դէպի այն դուռը, որ արեւելեան ճանապարհին էր նայում։ Այն ունէր նախորդի չափը։
33 Չափեց նաեւ խուցերն ու կամարները, լուսամուտներն ու չորս կողմի կամարները. երկարութիւնը յիսուն կանգուն էր, լայնութիւնը՝ քսանհինգ։
34 Կամարներ կային ներսի գաւթում, արմաւենիներ՝ կամարների վրայ, այս ու այն կողմերից, նաեւ եօթը աստիճաններ։
35 Ինձ տարաւ դէպի հիւսիսային դուռը։ Նոյն չափով չափեց
36 խուցերը, կամարներն ու սիւնազարդ սրահները, չորս կողմի լուսամուտներն ու կամարները. երկարութիւնը յիսուն կանգուն էր, լայնութիւնը՝ քսանհինգ։
37 Կամարներ կային արտաքին դռան վրայ, արմաւենիներ՝ կամարների վրայ, այս ու այն կողմից, նաեւ ութ աստիճաններ։
38 Նրա թէ՛ սրահները, թէ՛ նրանց մուտքերն ու կամարները երկրորդ դռան դիմաց էին, ուր ողջակէզներն էին լուանում։
39 Դռան կամարի տակ սեղաններ կային, երկուսն այս կողմում, երկուսը՝ միւս, որպէսզի դրանց վրայ մորթէին թէ՛ մեղքերի եւ թէ՛ յանցանքների համար զոհագործուող ողջակէզները։
40 Ողջակէզները լուանալու ջրի խողովակի հարաւային կողմը, այն դռան մուտքին, որ հիւսիս էր նայում, երկու սեղաններ կային, որ արեւելք էին նայում։ Իսկ երկրորդ դռան հարաւային կողմից, դռան կամարների դիմաց, նոյնպէս երկու սեղաններ կային։
41 Արեւելեան կողմում՝ ութ սեղաններ, չորսը մի կողմում, չորսը՝ միւս, հարաւային դռան դիմաց։ Այնտեղ՝ ողջակիզման ութ սեղանների վրայ էին մորթում զոհերն ու ողջակէզները։
42 Կոփածոյ քարերից էին ողջակիզման չորս սեղանները, կանգուն ու կէս երկարութեամբ, կանգուն ու կէս լայնութեամբ եւ կանգուն ու կէս բարձրութեամբ, որպէսզի դրանց վրայ դնէին գործիքը, որով մորթում էին զոհերն ու ողջակէզները։
43 Ներսից, չորսբոլորը, թզաչափ քանդակուած եզրեր կային եւ սեղանի վրայ ծածկ՝ անձրեւից ու տապից պատսպարելու համար։
44 Ինձ տարաւ ներքին գաւիթը։ Ներքին գաւիթն ունէր երկու պատշգամբ, մէկը հարաւային դռան կողմը, որ հիւսիս էր նայում եւ հարաւ դուրս բերում, միւսը՝ հիւսիսային դռան կողմը, որ հարաւ էր նայում ու հիւսիս դուրս բերում։
45 Նա ասաց ինձ. Այս պատշգամբը, որ հարաւային կողմն է նայում, այն քահանաների համար է, որոնք տաճարի պահպանութիւնն են կատարում,
46 իսկ հիւսիս նայող պատշգամբը՝ այն քահանաների համար, որոնք խորանի ծառայութիւնն են կատարում։ Դրանք Սադոկի որդիներն են, ղեւտացիների ցեղից, որոնք կարող են մօտենալ՝ Տիրոջը պաշտամունք մատուցելու։
47 Նա չափեց գաւիթը. երկարութիւնը հարիւր կանգուն էր, լայնութիւնն էլ՝ հարիւր կանգուն. այն քառակողմ էր։ Տաճարի դիմաց խորանն էր։
48 Ինձ տարաւ դէպի տաճարի սիւնազարդ սրահը։ Չափեց սիւնազարդ սրահի լայնութիւնը. մի կողմից հինգ կանգուն էր, միւս կողմից՝ հինգ կանգուն, մուտքի լայնութիւնը՝ տասնչորս կանգուն, դռան գլխի խոյակներն այս ու այն կողմերից՝ երեքական կանգուն։
49 Սիւնազարդ սրահի բարձրութիւնը քսան կանգուն էր, նրա լայնութիւնը՝ տասնմէկ։ Տասը աստիճաններով էին բարձրանում այնտեղ. այս ու այն կողմերից երկու սիւներ ունէր։