ԵԶԵԿԻԷԼ. Chapter 47

1 Նա ինձ բերեց տաճարի դռան առաջ։ Ահա տաճարի արեւելեան կողմի վարագոյրների տակից ջուր էր դուրս գալիս եւ հոսում դէպի արեւելք, որովհետեւ տաճարի ճակատային մասը դէպի արեւելք էր նայում. իսկ ջուրը գալիս էր տաճարի հիւսիսային կողմից՝ աջից դէպի զոհասեղանի կողմը։
2 Ինձ դուրս բերեց հիւսիսային դռնով ու դրսից պտտեցրեց արտաքին դռան չորս կողմը, որ արեւելք էր նայում։ Ահա ջուրը հոսում էր աջ կողմից։
3 Երբ դուրս եկայ, մարդը ելաւ իմ դիմաց. ձեռքին չափ ունէր։ Իր չափով հազար ձողաչափ չափեց ու անցաւ ջրի, յորդ ջրի միջով։
4 Դարձեալ հազար ձողաչափ չափեց իր չափով ու անցաւ ջրի միջով։ Ջուրը մինչեւ նրա երանքներն էր հասնում։ Նա հազար ձողաչափ չափեց իր չափով ու անցաւ ջրի միջով։ Ջուրը մինչեւ գօտկատեղն էր հասնում։
5 Իր չափով նա հազար ձողաչափ չափեց հոսանքը ու չէր կարողանում անցնել, որովհետեւ ջուրը հեղեղի յորձանք էր տալիս, որի միջով ոչ ոք չէր կարող անցնել։
6 Նա ասաց ինձ. Տեսա՞ր, մարդո՛ւ որդի։ Ու ինձ յետ դարձրեց, տարաւ գետի ափը։
7 Երբ շրջում էի այնտեղ, ահա գետափին, այս ու այն կողմերին, բազմաթիւ տնկած ծառեր տեսայ։
8 Նա ասաց ինձ. Այս ջուրը, որ դէպի արեւելք՝ գալիլիացիների կողմն է դուրս գալիս, իջնում է Արաբիա ու գալիս է մինչեւ ծով՝ ջրերի ելքը, եւ ջրերը դարձնում բուժիչ։
9 Ամէն շնչաւոր էակ, բոլոր նրանք, որոնց վրայ այս գետը գայ, ապրելու են։ Այնտեղ շատ ձուկ է բազմանալու, որովհետեւ այս ջուրը հասնելով այնտեղ՝ լինելու է բուժիչ։ Կենդանանալու եւ ապրելու է ամէն ոք, ում վրայ հասնի այս գետը։
10 Նրա մէջ կանգնելու են ձկնորսներ՝ Ենգադիայից մինչեւ Ենգադիք։ Ուռկանները գցելու տեղեր են լինելու. նրա ձկներն էլ մեծ ծովի ձկների պէս շատ, խիստ շատ են լինելու։
11 Բայց նրա դուրս գալու, ծանծաղելու եւ յորդելու տեղերում ջրերը առողջարար չեն լինելու, այլ թողնուելու են աղ ունենալու համար։
12 Գետի մօտերքը, ափերի այս ու այն կողմերում, պտղատու ծառեր են բուսնելու, որոնք չեն ծերանալու, պտուղն էլ նրանց վրայից չի պակասելու։ Հէնց սկզբից էլ դալար ճիւղեր են արձակելու, որովհետեւ գետի ջրերը սուրբ վայրերից են դուրս գալիս։ Նրանց պտուղը սնունդ է լինելու, տերեւը՝ բուժիչ։
13 Այսպէս է ասում Տէր Աստուած. Սրանք են երկիրը ժառանգելու այն սահմանները, նաեւ այն յաւելեալ բաժինը, որ ժառանգութիւն են թողնելու իսրայէլացիների տասներկու սերունդներին։
14 Այն ժառանգութիւն է ստանալու ամէն ոք, եղբօր պէս, որովհետեւ ես, ձեռքս բարձրացրած, երդուել էի ձեր հայրերին յանձնել այն։ Եւ այժմ երկիրը ձեզ է հասնում որպէս ժառանգութեան բաժին։
15 Սրանք են երկրի սահմանները դէպի հիւսիս. Մեծ ծովից, որ իջնում
16 ու բաժանում է դէպի Հելլադայի, Եմաթի, Բերոթի, Սաբարսիմի ճանապարհը, Դամասկոսի ու Եմաթի սահմանների միջեւ, - լինելու են Աւնանի բնակավայրերը, որ աւրանցիների սահմաններում են։
17 Սրանք են հիւսիսային սահմանները, որ գտնւում են ծովի կողմից, Աւնանի հանգրուանից, Դամասկոսի սահմաններից եւ Եմաթից հիւսիս՝ արեւելքի դէմ-դիմաց։
18 Դրանք ընկած են աւրանցիների եւ Դամասկոսի միջեւ, գաղաադացիների եւ Իսրայէլի միջեւ, իսկ Յորդանան գետը արեւելեան կողմից սահման է ծովի եւ Արմաւաստանի միջեւ։ Սա արեւելքն է։
19 Հարաւային սահմաններն անցնում են Թեմանի հարաւով, Արմաւաստանից մինչեւ Մարիբոթ Կադէսի ջրերը, որ թափւում են Մեծ ծովը։ Սա հարաւային բաժինն է, հարաւի կողմից։
20 Եւ Մեծ ծովի այս բաժինը, որի սահմանը հասնում է մինչեւ Եմաթի ճանապարհի դիմաց, մինչեւ նրա մուտքը, - հէնց սա էլ Եմաթի արեւմուտքն է։
21 Դուք երկիրը բաժանելու էք նրանց միջեւ.
22 վիճակ կը գցէք Իսրայէլի ցեղերի՝ ձեր եւ եկուորների ու ձեր մէջ գտնուող պանդուխտների միջեւ, որոնք ձեր մէջ զաւակներ են ունեցել։ Իսրայէլի զաւակների մէջ սրանք ձեզ համար երկրածինների պէս են լինելու. ձեզ հետ են ապրելու, ժառանգութիւնից են օգտուելու Իսրայէլի ցեղերի մէջ։
23 Նրանք ձեր մէջ գտնուող պանդուխտների պէս պանդուխտներ են լինելու, եւ դուք նրանց ժառանգութիւն էք տալու, - ասում է Տէր Աստուած։