ԵԶԵԿԻԷԼ. Chapter 42

1 Նա դուրս բերեց ինձ արտաքին գաւիթը, դէպի արեւելք, հիւսիսի դռան դէմ-դիմաց, ու ներս տարաւ ինձ։ Ես տեսայ հինգ պատշգամբներ՝ հիւսիսահայեաց միջանցքներով ու խորշերով,
2 հարիւր կանգուն երկարութեամբ ու յիսուն կանգուն լայնութեամբ,
3 նկարազարդուած ըստ ներքին սրահի դռան օրինակի։ Դրանք չորս կողմը սիւներ ունեցող արտաքին բակի նման էին՝ երեք յարկերը դէմ առ դէմ դասաւորուած։
4 Պատշգամբների դէմ-յանդիման տասը կանգուն լայնութեամբ ու հարիւր կանգուն երկարութեամբ մի անցուղի կար, ճանապարհից մէկ կանգուն աւելի ներս. դրանց դռները դէպի հիւսիս էին նայում։
5 Անցուղիներ կային նաեւ վերնատներում, որովհետեւ սիւները չորս կողմում, ներքեւից վերեւ, խառն էին։ Խառն էին նաեւ անջրպետները եւ շրջանաձեւ սիւները, անջրպետներն ու յենափայտերը, որովհետեւ եռայարկ էին։
6 Եւ պատշգամբների սիւների պէս սիւներ չկային. դրա համար ներքեւի կողմից միջանցքներ կային։ Միջնայարկերն էլ գետնից յիսուն կանգուն բարձր էին։
7 Դրսից լոյս ունէին, ինչպէս որ արտաքին բակի պատշգամբները, որոնք նայում էին հիւսիսային պատշգամբների ճիշտ դիմացը, յիսուն կանգուն երկարութեամբ։
8 Արտաքին բակին նայող պատշգամբների երկարութիւնը յիսուն կանգուն էր, եւ դրանք իրար դիմաց էին, բոլորը միասին հարիւր կանգուն։
9 Արեւելեան մուտքի պատշգամբների դռները, որոնք արտաքին բակից մտնելու համար էին,
10 շինուած էին հարաւային կողմում առաջին անցուղու լուսամուտի համեմատ, հարաւին դէմ-յանդիման, միջանցքների ու հատուածների դիմաց։
11 Պատշգամբներն ու դրանց դիմացի անցուղիները հիւսիս տանող ճանապարհի պատշգամբի չափով էին, դրանց լայնութեամբ ու դրանց երկարութեամբ, դրանց ելքերի ու շրջանակների չափով,
12 նաեւ հիւսիսահայեաց պատշգամբների մուտքերի չափով, նաեւ հարաւահայեաց պատշգամբների մուտքերի չափով, նաեւ առաջին անցուղու մուտքի չափով, որպէսզի միջանցքներին ուղիղ լոյս տային, եւ հնարաւոր լինէր դրանց միջոցով գնալ դէպի արեւելք։
13 Նա ասաց ինձ. Այն պատշգամբները, որ հիւսիս են նայում, նաեւ այն պատշգամբները, որ հարաւ՝ բաց տարածութեան կողմն են նայում, - դրանք սուրբ պատշգամբներ են, ուր ուտում էին Սադոկի քահանայ որդիները, որոնք կարող են մերձենալ Տիրոջ ամենասուրբ տեղերին։ Այնտեղ են դնում սրբութիւն սրբոցը, մատուցում զոհերը՝ իրենց մեղքերի ու յանցանքների համար, որովհետեւ սուրբ է այդ տեղը,
14 ու ոչ ոք, բացի քահանաներից, չի մտնելու այնտեղ։ Սրանք էլ այն սուրբ տեղից պէտք չէ որ դուրս գան արտաքին գաւիթը, որպէսզի ամէն անգամ որ Տիրոջ մերձենան՝ սուրբ մնան, ժողովրդին մօտենան իրենց պատմուճաններով, որոնցով պաշտամունք են մատուցում, որովհետեւ սուրբ են դրանք, այլ ժողովրդին մօտենալիս ուրիշ հանդերձներ հագնեն։
15 Այսպէս աւարտուեց տաճարի ներսի չափումը։ Նա հանեց ինձ արեւելք նայող դռնով, չափեց տաճարի շուրջբոլորը։
16 Եկաւ կանգ առաւ հարաւային դռան մօտ, որ արեւելք էր նայում, չափեց հինգ հարիւր ձողաչափ։
17 Դարձաւ հիւսիսային կողմը, հիւսիսի դիմաց, չափեց հինգ հարիւր ձողաչափ։
18 Դարձաւ արեւմուտք, ծովի դիմաց, չափեց հինգ հարիւր ձողաչափ։
19 Դարձաւ հարաւային կողմը, հարաւի դիմաց, չափեց հինգ հարիւր ձողաչափ։
20 Չափեց տաճարի չորս կողմերի եւ պարիսպների արանքը նոյն չափով։ Տաճարը սրբավայրերից եւ պարիսպներից անջրպետելու համար թողեց մի արանք, որ հինգ հարիւր կանգուն էր դէպի արեւելք եւ ունէր հինգ հարիւր կանգուն լայնութիւն