ԵԶԵԿԻԷԼ. Chapter 15

1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2 Մարդո՛ւ որդի, ինչի՞ կը ծառայի որթատունկի փայտը այն բոլոր ծառերի ու ճիւղերի մէջ, որ կան անտառում։
3 Միթէ նրանից մի փայտ կ՚առնե՞ն՝ որեւէ գործիք սարքելու համար, կամ նրանից մի ցից կ՚առնե՞ն՝ դրանից մի աման կախելու համար։
4 Բայց քանի որ այն հրոյ ճարակ է դառնում, քանի որ տարէցտարի կրակը նրա արգատն սպառում է, եւ որթատունկն իսպառ վերանում է, - մի՞թէ այն որեւէ գործի համար պիտանի կը լինի։
5 Թէկուզ եթէ որթատունկը ձեռք չտուած՝ ամբողջական լինի, դարձեալ ոչ մի բանի պիտանի չէ, ուր մնաց երբ իսպառ հրոյ ճարակ է դառնում. բոլորովին ոչ մի բանի պիտանի չէ։
6 Ուստի ասա՛. Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ինչպէս որ անտառի փայտերի միջից որթատունկի փայտը հրոյ ճարակ եմ դարձրել, այնպէս էլ Երուսաղէմի բնակիչներիդ հետ եմ վարուելու։
7 Երեսս ուղղելու եմ նրանց դէմ։ Կրակից դուրս են գալու, բայց ուրիշ կրակի ճարակ են դառնալու։ Ու երբ երեսս ուղղեմ նրանց դէմ, պէտք է իմանան, որ ես եմ Տէրը։
8 Եւ երկիրը կործանման եմ ենթարկելու այն բանի համար, որ յանցանքներ գործեցին, - ասում է Ամենակալ Տէրը։