ԵԶԵԿԻԷԼ. Chapter 12

1 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2 Մարդո՛ւ որդի, դրանց անօրէնութիւնների մէջ ես դու բնակւում. աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, քանի որ դառնացնողների տուն են։
3 Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քո գերութեան պատրաստութի՛ւնը տես, ցերեկը գերութեա՛ն գնա նրանց աչքի առաջ, քո տեղից ուրիշ տե՛ղ քոչիր նրանց աչքի առաջ, որ տեսնեն, քանի որ նրանք դառնացնողների տուն են։
4 Նրանց աչքի առաջ մէջտե՛ղ հանիր պատրաստութիւնդ, որ տեսել ես գերութեան համար։
5 Երեկոյեան նրանց առա՛ջ ելիր, ինչպէս գերին է ելնում, նրանց աչքի առաջ պատը ծակի՛ր ու դրա միջով սրանց առա՛ջ ելիր։
6 Կուզէկուզ կը գնաս ու գաղտագողի դուրս կ՚ելնես. գլխիդ շոր կը գցես, որ շուրջդ չտեսնես։ Քեզ խորհրդանշան դարձրի Իսրայէլի տան համար։
7 Եւ ամէն բան այնպէս արեցի, ինչպէս որ պատուիրել էր ինձ Տէրը. ցերեկը գերու հագուստ գցեցի վրաս, երեկոյեան իմ ձեռքով պատը փորեցի. ու նրանց աչքի առաջ գաղտագողի, կուզէկուզ էի գնում։
8 Իսկ առաւօտեան Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
9 Մարդո՛ւ որդի, Իսրայէլի տան՝ դառնացնողների տան զաւակները չասացի՞ն քեզ, թէ՝ Այդ ի՛նչ ես անում։
10 Արդ, ասա՛ նրանց. Այսպէս է ասում Տէր Աստուածը Երուսաղէմի իշխաններիդ ու առաջնորդներիդ, Իսրայէլի բոլոր զաւակներին, որ այնտեղ են բնակւում.
11 ես խորհրդանշան եմ ձեզ համար Երուսաղէմի մէջ. ինչպէս որ արել եմ քեզ՝ այնպէս էլ լինելու է նրանց հետ, որովհետեւ պանդխտութեան ու գերութեան են գնալու։
12 Իշխանն էլ նրանց մէջ կուզէկուզ է գնալու, գաղտագողի է շրջելու, պատը փորելով է դուրս գալու, դէմքը ծածկելով է գնալու եւ շուրջը չի տեսնելու։
13 Ցանցս գցելու եմ նրա շուրջ, եւ նա բռնուելու է ուռկանիս մէջ։ Տանելու եմ նրան Բաբելոն՝ քաղդէացիների երկիրը, բայց նա այդ երկիրը չի տեսնելու եւ այնտեղ էլ մեռնելու է։
14 Եւ նրա բոլոր օգնականներին, որոնք նրա շուրջն են, նրա բոլոր պաշտպաններին ցրելու եմ բոլոր հողմերին ու սուր եմ քաշելու նրանց յետեւից։
15 Եւ երբ ես նրանց ցրեմ ազգերի մէջ, սփռեմ երկրներով մէկ, պէտք է իմանան, որ ես եմ Տէրը։
16 Սակայն նրանցից սակաւաթիւ մարդկանց զերծ եմ թողնելու սովից, սրից ու համաճարակից, որպէսզի պատմեն իրենց բոլոր անօրէնութիւնները ա՛յն ազգերի մէջ, ուր որ մտնեն։ Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը։
17 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
18 Մարդո՛ւ որդի, հացդ կարօտութեա՛մբ կեր եւ ջուրդ տանջանքներո՛վ ու նեղութեա՛մբ խմիր։
19 Եւ ասա՛ այդ երկրի ժողովրդին. Այսպէս է ասում Ամենակալ Տէրը Երուսաղէմի բնակիչներին. Իսրայէլի երկրում իրենց հացը կարօտութեամբ են ուտելու, իրենց ջուրը գարշանքով են խմելու, որպէսզի իրենց երկիրն ամբողջութեամբ կործանուի, որովհետեւ նրա բոլոր բնակիչներն ամբարշտութեան մէջ են։
20 Նրանց մարդաբնակ քաղաքներն էլ աւերուելու են, նրանց երկիրն էլ ապականութեան մէջ է լինելու։ Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը։
21 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
22 Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ ասացուածք է, որ ասւում է Իսրայէլի այդ երկրում, թէ՝ Հեռու են օրերը, ու չքացել են բոլոր տեսիլքները։
23 Ուստի ասա՛ նրանց. Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. խափանելու եմ այդ առակը, եւ Իսրայէլի զաւակներն այլեւս այդ առակը չեն արտասանելու, որովհետեւ պիտի ասես նրանց, որ մօտ են օրերն ու կատարուելու են բոլոր տեսիլքների պատգամները։
24 Այլեւս ոչ մի սուտ տեսիլք չի լինելու Իսրայէլում, ոչ էլ հաճոյական գուշակութիւններ՝ Իսրայէլի զաւակների համար։
25 Արդարեւ, ես՝ Տէրս ասացի այս խօսքերը, ասացի ու իրագործելու եմ դրանք, չեմ յետաձգելու, որովհետեւ, ո՛վ դառնացնողների տուն, ձեր օրերին է, որ ասել եմ այդ խօսքերը եւ իրագործելու եմ դրանք, - ասում է Ամենակալ Տէրը։
26 Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
27 Մարդո՛ւ որդի, ահա Իսրայէլի այդ տունը՝ դառնացնողների տունն ասում է. Դրա՝ Եզեկիէլի տեսած տեսիլքը, ինչ որ դա մարգարէանում է, բազմաթիւ օրեր յետոյ, հեռաւոր ժամանակներում է կատարուելու։
28 Դրա համար էլ ասա՛ դրանց. Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. իմ ասած խօսքերից շատ չի անցնելու, եւ ինչ որ ասել եմ՝ իրագործելու եմ, - ասում է Ամենակալ Տէրը։