ԵԶԵԿԻԷԼ. Chapter 32

1 Տասներկուերորդ տարում, տասներկուերորդ ամսին, ամսի առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2 Մարդո՛ւ որդի, ողբա՛ եգիպտացիների արքայ Փարաւոնի վրայ ու ասա՛ նրան. Առիւծացար ազգերի մէջ եւ վիշապի նմանուեցիր ծովում։ Մարտնչում էիր քո գետերի դէմ, սմբակիդ տակ պղտորում էիր ջրերը, ոտնակոխ էիր անում գետերը։
3 Այսպէս է ասում Տէր Աստուած. Քեզ շրջապատելու եմ իմ թակարդներով ու հաւաքուած բազմաթիւ զօրքերով։ Քեզ դուրս եմ հանելու իմ կարթով, գետնահար փռելու եմ քեզ երկրի երեսին,
4 քեզնով լցուելու են դաշտերը։ Քեզ վրայ եմ իջեցնելու երկնքի բոլոր թռչուններին, քեզնով յագեցնելու՝ երկրի բոլոր գազաններին։
5 Մարմինդ գցելու եմ լեռների վրայ ու ձորերը լցնելու եմ քո արիւնով։
6 Երկիրը ողողուելու է քո աղտեղութեամբ՝ լեռների վրայ քո զօրքերի բազմութեան պատճառով։ Ձորերը լցուելու են քեզանով։
7 Երբ քո լոյսը հանգչի, երկինքը քօղով եմ ծածկելու, խաւարեցնելու եմ նրա աստղերը, արեգակը ծածկելու եմ ամպերով, եւ լուսինն իր լոյսը չի տալու։
8 Քո վերեւում խաւարեցնելու եմ բոլոր լուսատուները եւ քեզ վրայ խաւար եմ բերելու, - ասում է Տէր Աստուած։ -
9 Բազմաթիւ ժողովուրդների սիրտն եմ զայրացնելու քո դէմ այն ժամանակ, երբ ազգերի հետ քեզ գերութիւնից դուրս բերեմ դէպի այն երկիրը, որ դու չգիտես։
10 Քո պատճառով տրտմելու են բազմաթիւ ազգեր, իսկ նրանց թագաւորները սաստիկ զարհուրելու են, երբ սուրս թռչի նրանց դիմաց, ու քո կործանման օրից նրանք սպասելու են իրենց կործանման։
11 Ահա այսպէս է ասում Տէր Աստուած.
12 Բաբելացիների արքայի սուրը հսկաների սրով հանդերձ գալու է քեզ վրայ, եւ խորտակելու եմ քո զօրութիւնը։ Ազգերի բոլոր չարագործները գալու են ջնջելու եգիպտացիների ամբարտաւանութիւնը. խորտակուելու է նրանց ամբողջ զօրութիւնը։
13 Ոչնչացնելու եմ նրա բոլոր կենդանիներին առատ ջրերի մէջ, եւ դրանք չի պղտորելու մարդու ոտքը, ոչ էլ կոխոտելու է անասունի կճղակը։
14 Ապա կանգ են առնելու նրա ջրերը, իսկ գետերը իւղի պէս են հոսելու, - ասում է Ամենակալ Տէրը։ -
15 Երբ Եգիպտոսը կորստեան մատնեմ, երկիրն էլ է ամբողջովին աւերուելու։ Երբ այնտեղից ցրեմ բոլոր բնակիչներին, պիտի իմանան, որ ես եմ Տէր Աստուածը։
16 Ողբ է սա, եւ ողբալու են նրան. ազգերի դուստրերն են ողբալու նրան, ողբալու են Եգիպտոսի ու նրա ամբողջ զօրութեան վրայ, - ասում է Տէր Աստուած։
17 Ողբ Փարաւոնի ու Եգիպտոսի վրայ։ Տասներկուերորդ տարում, առաջին ամսին, ամսուայ տասնհինգերորդ օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
18 Մարդո՛ւ որդի, ողբա՛ Եգիպտոսի զօրութեան վրայ։ Ազգերը նրա դուստրերին, երկրի խորքում մեռածներին
19 վայելչութեան ջրերից իջեցնելու են խորխորատ իջածների մօտ։
20 Իջի՛ր, ննջի՛ր անթլփատների հետ, սպանուածների մէջ։ Սրով ընկնելու են նրա հետ, եւ վերջ է գտնելու նրա ամբողջ զօրութիւնը։
21 Եւ հսկաներն ասելու են քեզ. Ե՛կ, իջի՛ր անդունդների խորքերը. ումի՞ց էիր դու լաւ։ Իջի՛ր եւ հանգրուանի՛ր անթլփատների հետ, սրից սպանուածների մէջ։
22 Այնտեղ են Ասուրը եւ նրա ողջ ամբոխը, բոլորն էլ սպանուածներ։
23 Այնտեղ՝ խորխորատի խորքերում է նրանց գերեզման տրուել, ու բոլորը հաւաքուել են նրա շիրիմների շուրջը։ Սրից էին ընկել բոլոր սպանուածներն էլ, որոնք անդունդների խորքերը դարձրին իրենց գերեզման։ Բոլորը հաւաքուել են նրա շիրիմների շուրջը։ Սրից էին ընկել բոլոր սպանուածներն էլ, որոնք իրենց սարսափն էին տարածել ողջերի աշխարհի վրայ։
24 Այնտեղ էր Եղամը, նրա ողջ զօրքը նրա գերեզմանի շուրջն էր։ Երկրի խորքերն անթլփատ են իջել բոլոր սրով սպանուածներն էլ, որոնք իրենց սարսափն էին տարածել ողջերի աշխարհի վրայ։ Նրանք իրենց տանջանքներն ստացել են խորխորատ իջածների հետ, սպանուածների մէջ։
25 Այնտեղ, նրա գերեզմանի շուրջն են գցուել Մոսոքն ու Թոբէլը
26 ու նրանց ամբողջ զօրքը՝ նրա բոլոր սպանուածները (բոլորն էլ անթլփատներ, սրով սպանուած ընկածներ), որոնք իրենց սարսաափն էին տարածել ողջերի աշխարհի վրայ։
27 Նրանք ննջել են յաւիտենապէս ընկած հսկաների հետ, որոնք գերեզման էին իջել իրենց պատերազմական զէնքերով. նրանց անիրաւութիւններն էլ դրուել են նրանց ոսկորների վրայ, որովհետեւ զարհուրեցրել էին հսկաներին իրենց կենդանութեան ժամանակ։
28 Դու էլ ես անթլփատների մէջ գլորուել ու ննջելու ես սրով սպանուածների մէջ։
29 Այնտեղ են Եդոմը, նրա բոլոր թագաւորներն ու իշխանները, որոնք իրենց զօրութեամբ հանդերձ ընկան սրի հարուածներից։ Նրանք էլ են ննջել խորխորատ իջած սպանուածների հետ։
30 Այնտեղ են հիւսիսի բոլոր իշխանները (բոլորն էլ՝ Ասորեստանի զօրավարներ), որոնք, սպանուած, գերեզման են իջել իրենց ահաւոր զօրութեամբ հանդերձ։ Նրանք եւս ամօթահար եւ անթլփատ ննջել են սրով սպանուածների հետ, կրել իրենց տանջանքները խորխորատ իջածների հետ։
31 Փարաւոնը տեսնելու է նրանց եւ մխիթարուելու է ի տես իր այն ողջ զօրքի, որ սպանուել է սրից. այդպէս էլ կը լինի փարաւոնի եւ ամբողջ զօրքի հետ, - ասում է Տէր Աստուած, -
32 քանզի նա իր սարսափն էր տարածել ողջերի աշխարհի վրայ։ Եւ փարաւոնը, նրա ողջ բազմութիւնն էլ իր հետ, ննջելու է սրով սպանուած անթլփատների մէջ, - ասում է Տէր Աստուած։
33 Յակոբի որդիներին