ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 20

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2 Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու նրանց ասա՛. Եթէ որեւէ իսրայէլացի կամ իսրայէլացիների մէջ բնակութիւն հաստատած որեւէ պանդուխտ իր զաւակներից որեւէ մէկին ծառայութեան տայ կռապաշտ իշխանի, նա պէտք է մահապատժի ենթարկուի։ Այդ երկրի մարդիկ թող քարկոծեն նրան։
3 Ես իմ հայեացքը կը սեւեռեմ նրա վրայ եւ նրան կը վերացնեմ իմ ժողովրդի միջից, քանի որ նա իր զաւակներից մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնելով՝ պղծել է իմ սրբարանը եւ անարգել իմ սուրբ անունը։
4 Եթէ տեղացի բնակիչները անուշադրութեան մատնեն իր զաւակներից որեւէ մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնած մարդու արարքն ու չսպանեն նրան,
5 ապա ես իմ հայեացքը կը սեւեռեմ այդ մարդու եւ նրա ցեղի վրայ, իր ժողովրդի միջից կը վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր միաբանածներին, ովքեր կռապաշտ իշխանի հետ պոռնկանալու պատճառ դարձան։
6 Վհուկներին ու ոգեհմաներին հետեւելով՝ նրանց հետ պոռնկացող մարդկանց պիտի հետապնդեմ ու վերացնեմ նրանց իրենց ժողովրդի միջից։
7 Սրբագործուեցէ՛ք ու սո՛ւրբ եղէք, քանզի ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։
8 Պահպանեցէ՛ք ու կատարեցէ՛ք իմ հրամանները։ Ես ձեզ սրբագործող Տէր Աստուածն եմ։
9 Եթէ որեւէ մէկը անիծի իր հօրը կամ իր մօրը, նա մահապատժի թող ենթարկուի։ Եթէ նա բամբասել է իր հօրը կամ իր մօրը, մահապարտ է։
10 Եթէ որեւէ տղամարդ շնանայ ամուսնացած մի կնոջ կամ իր ընկերոջ կնոջ հետ, մահապատժի թող ենթարկուեն ե՛ւ շնացողը, ե՛ւ շնացեալը։
11 Այն տղամարդը, որ կը պառկի իր հօր կնոջ հետ, ուրեմն նա բացած է լինում իր հօրը ամօթոյքը։ Երկուսն էլ թող մահուան դատապարտուեն, քանի որ նրանք ամբարշտացել են եւ մահապարտ են։
12 Եթէ որեւէ մէկը պառկի իր հարսի հետ, թող երկուսն էլ մահուն դատապարտուեն, քանի որ նրանք ամբարշտացել են եւ մահապարտ են։
13 Եթէ որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն։ Երկուսն էլ մահուան թող դատապարտուեն, որովհետեւ մահապարտ են։
14 Եթէ որեւէ տղամարդ կին առնի մի աղջկայ ու նրա մօրը, դա անօրէնութիւն է։ Կրակի մէջ թող այրուեն նա եւ աղջիկն ու նրա մայրը, որպէսզի ձեր մէջ անօրէնութիւն չլինի։
15 Կենդանու հետ կենակցող տղամարդը թող մահապատժի ենթարկուի, իսկ կենդանուն պէտք է սատկեցնել։
16 Խառնակուելու նպատակով որեւէ կենդանու մերձեցող կնոջն ու կենդանուն սպանեցէ՛ք։ Նրանք թող սպանուեն, քանի որ մահապարտ են։
17 Եթէ տղամարդն ամուսնանայ իր հօրից կամ մօրից ծնուած խորթ քրոջ հետ եւ տեսնի նրա ամօթոյքը, իսկ խորթ քոյրն էլ տեսնի նրա ամօթոյքը, ապա դա նախատինք է. նրանք պէտք է վերանան իրենց ժողովրդի միջից, որովհետեւ նա իր խորթ քրոջ ամօթոյքն է բացած լինում։ Նրանք պիտի ընդունեն իրենց մեղքերի հատուցումը։
18 Եթէ տղամարդը պառկի դաշտանի մէջ գտնուող կնոջ հետ եւ բանայ նրա ամօթոյքը, քանի որ բացել է նրա արեան աղբիւրը, իսկ սա էլ նրան ցոյց է տուել իր արեան աղբիւրը, ուրեմն երկուսն էլ թող վերանան իրենց ժողովրդի միջից։
19 Քո հօրաքրոջ եւ մօրաքրոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ բացած ես լինում մերձաւորներիդ ամօթոյքները։ Նրանք իրենց գործած մեղքի համար պատիժ թող կրեն եւ անժառանգ մեռնեն։
20 Եթէ որեւէ տղամարդ պառկի իր քեռու կնոջ հետ, ուրեմն նա բացած է լինում իր քեռուն պատկանող ամօթոյքը։ Նրանք իրենց գործած մեղքի համար պատիժ թող կրեն եւ անժառանգ մեռնեն։
21 Եթէ որեւէ տղամարդ պառկի իր եղբօր կնոջ հետ, դա պղծութիւն է. նա բացած է լինում իր եղբօրը պատկանող ամօթոյքը, ուրեմն նրանք անժառանգ թող մեռնեն։
22 Կը պահպանէք իմ բոլոր հրամաններն ու իմ բոլոր պատուիրանները եւ կը կատարէք դրանք։ Թող ձեզ չմերժի այն երկիրը, ուր ես տանելու եմ ձեզ՝ այնտեղ բնակուելու համար։
23 Մի՛ հետեւէք այն ժողովուրդների օրէնքներին, որոնց ես վանելու եմ ձեր միջից, որովհետեւ նրանք կատարեցին բոլոր այդ վատ արարքները, եւ ես նողկանք զգացի նրանց հանդէպ։
24 Ես ձեզ ասացի. Դուք կը ժառանգէք այդ երկիրը, եւ ես ձեզ այն կը տամ իբրեւ սեփականութիւն, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։ Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ առանձնացրեց բոլոր ժողովուրդներից։
25 Ինքնե՛րդ տարբերակեցէք մաքուր եւ անմաքուր անասունները, մաքուր եւ անմաքուր թռչունները, ձեզ մի՛ պղծէք անմաքուր անասուններով, թռչուններով ու երկրի ամէն տեսակ սողուններով, որոնց ես առանձնացրել եմ ձեզ համար իբրեւ անմաքուրների։
26 Ինձ համար սուրբ եղէք, որովհետեւ ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։ Ես ձեզ առանձնացրի բոլոր ժողովուրդներից, որպէսզի իմը լինէք։
27 Եթէ որեւէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհմայ լինի, թող մահապատժի ենթարկուի. թող նրանց քարկոծեն, որովհետեւ մահապարտ են։