ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 22

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2 Ահարոնին ու նրա որդիներին ասա՛, որ զգուշութեամբ վարուեն իսրայէլացիների ինձ մատուցած սրբութիւնների հետ, որպէսզի իրենց մատուցած զոհերով չարատաւորեն իմ սուրբ անունը, քանզի ես եմ Տէրը։
3 Նրանց կ՚ասես. Ձեր յետնորդներից մի մարդ, ինչ սերնդի էլ պատկանի, եթէ անմաքուր վիճակում մօտենայ վկայութեան խորանին, որպէսզի զոհ մատուցի այն, ինչ իսրայէլացիներն են մատուցում Տիրոջը, ապա ես նրան կ՚ոչնչացնեմ, քանզի ես եմ Տէրը։
4 Եթէ Ահարոն քահանայի որդիներից մէկը բորոտ է կամ սերմնահոսութիւն ունի, իրաւունք չունի զոհաբերութիւնների մսից ուտելու, մինչեւ որ չմաքրուի։ Ով որ դիպչի մեռելից պղծուած որեւէ բանի, ով որ առնական սերմի կորուստ ունենայ,
5 ով որ մօտենայ մի պիղծ սողունի կամ մի մարդու, որը պղծուած է ամէն տեսակ պղծութիւններով,
6 ով որ դիպչի դրանց, թող անմաքուր համարուի մինչեւ երեկոյ։ Նա մատուցուած զոհաբերութիւններից չպէտք է ուտի, մինչեւ որ իր մարմինը չլուայ ջրով։
7 Արեւը մայր մտնելուց յետոյ նա մաքուր թող համարուի եւ դրանից յետոյ միայն նա կարող է ուտել մատուցուած սրբութիւններից, որովհետեւ դա է նրա ուտելիքը։
8 Քահանան սատկած կամ գազանից յօշոտուած կենդանու միս չպէտք է ուտի, որպէսզի անմաքուր չդառնայ։ Ես եմ Տէրը։
9 Նրանք պէտք է կատարեն իմ կարգադրութիւնները, որպէսզի մեղք գործած չլինեն եւ իմ պատգամները զանց առնելու պատճառով մահապատժի չենթարկուեն։ Ես եմ քահանաներին սրբագործող Տէրը։
10 Որեւէ օտարազգի այդ սրբագործուած ուտելիքից չպէտք է ուտի։ Ո՛չ քահանայի մօտ եկած պանդուխտը, ո՛չ էլ վարձկանը այդ սրբագործուած ուտելիքից չպէտք է ուտեն։
11 Իսկ եթէ քահանան դրամով մարդ է գնել, այդ մարդը կարող է ուտել այդ ուտելիքից։ Նրա աղախիններից ծնուածները եւս կարող են ուտել նրա ուտելիքից։
12 Եթէ քահանայի դուստրը ամուսնանայ քահանայական ընտանիքից չսերած մի տղամարդու հետ, ապա նա չի կարող ուտել սրբութիւններից։
13 Իսկ եթէ քահանայի դուստրը այրիանայ կամ ամուսնալուծուած լինի եւ առանց զաւակ ունենալու վերադառնայ հայրական տունը, ապա, ինչպէս իր մանկութեան օրերին, կարող է ուտել իր հօր ուտելիքներից։ Քահանայական ընտանիքին չպատկանող մարդը իրաւունք չունի դրանից ուտելու։
14 Եթէ որեւէ մէկն անգիտակցաբար ուտի սրբութիւններից, թող իր կերածի արժէքի վրայ աւելացնի դրա մէկ հինգերորդը եւ վերադարձնի քահանային։
15 Թող նրանք չպղծեն այն սրբութիւնների սրբութիւնները, որ Իսրայէլի որդիներն առանձնացրել են Տիրոջ համար։
16 Նրանք սրբութիւնների սրբութիւնն ուտելով՝ իրենց վրայ բերում են մեղքեր ու յանցանքներ։ Ես եմ դրանք սրբագործող Տէրը։
17 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
18 Խօսի՛ր Ահարոնի, նրա որդիների ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի հետ եւ ասա՛ նրանց. Եթէ Իսրայէլի որդիներից կամ իսրայէլացիների մէջ բնակութիւն հաստատած եկուորներից մէկը ըստ իր ուխտի կամ ըստ իր ցանկութեան բերի իր նուէրը, որ պիտի մատուցուի Տիրոջը որպէս ողջակէզ,
19 ապա դա թող ընդունելի լինի ձեր կողմից, եթէ այն նախրից բերուած արու եւ ոչ արատաւոր արջառ է, ոչխար կամ այծ։
20 Արատաւոր անասուն չմատուցէք Տիրոջը, որովհետեւ ձեր արածը ընդունելի չի լինի։
21 Եթէ որեւէ մէկը Տիրոջը փրկութեան զոհ մատուցի ըստ իր ուխտի կամ ըստ իր ցանկութեան, լինի դա արուած ուխտ թէ կամաւոր զոհաբերութիւն եւ կամ տօնի առթիւ արուած զոհաբերութիւն, ապա արջառների կամ ոչխարների նախրից բերուած կենդանին ընդունելի կը լինի, եթէ այն արատաւոր չէ։ Այն ոչ մի արատ չպէտք է ունենայ։
22 Կոյր, կաղ, ջարդուածք ունեցող, լեզուն կտրած կամ ուռուցք ունեցող, քոսոտ կամ քոր ունեցող անասուն թող չմատուցեն Տիրոջը. դրանցից Տիրոջ զոհասեղանին ողջակէզ չբերէք։
23 Ականջը կտրած կամ պոչատ արջառն ու ոչխարը կարող ես իբրեւ կամաւոր ընծայ մորթել, բայց դա քո արած ուխտի համար ընդունելի չէ։
24 Ամորձիքը ճմլուած, ճզմուած, կռտած կամ կտրած կենդանին Տիրոջը չմատուցէք եւ ձեր բնակած երկրում նման բաներ չանէք։
25 Այլազգի մարդուց նման կենդանիներ չառնէք ձեր Աստծուն զոհաբերելու համար, որովհետեւ դրանք թերութիւններ եւ արատներ ունեն։ Ձեր կողմից արուած այդ զոհերը ընդունելի չեն լինի ինձ համար։
26 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
27 Նորածին հորթը, գառը կամ ուլը եօթը օր պէտք է մնայ մօր մօտ։ Ութերորդ օրից սկսած եւ դրանից յետոյ այն կարող է ընդունելի լինել՝ Տիրոջը զոհաբերուելու համար։
28 Կովը, ոչխարը եւ դրանցից ծնուածները միեւնոյն օրը մի՛ մորթէք։
29 Եթէ Տիրոջը գոհութեան զոհ ես մատուցում, ապա այն մատուցի՛ր այնպէս, որ քո զոհածը ընդունելի լինի։
30 Զոհի միսը պէտք է ուտուի նոյն օրը. այդ մսից յաջորդ օրուան չթողնէք։ Ես եմ Տէրը։
31 Կը պահպանէք իմ պատուիրանները եւ կը կատարէք դրանք, քանզի ես եմ Տէրը։
32 Իմ սուրբ անունը մի՛ արատաւորէք, քանզի ես եմ Տէրը։ Ես սուրբ կը լինեմ Իսրայէլի որդիների մէջ։ Ես եմ ձեզ սրբագործող Տէրը,
33 որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեր Աստուածը լինի։ Ես եմ Տէրը։