ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 11

1 Տէրը խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ ու ասաց.
2 Դիմեցէ՛ք Իսրայէլի որդիներին եւ ասացէ՛ք. Սրանք են երկրի վրայ եղած այն անասունները, որ կարող էք ուտել։
3 Կ՚ուտէք բոլոր կճղակաբաշխ՝ թաթերը երկուսի բաժանուած եւ որոճացող կենդանիները։
4 Մի՛ կերէք այն կենդանիները, որոնք թէեւ որոճում են, բայց կճղակաբաշխ չեն, ինչպէս ուղտը, որը թէեւ որոճում է, բայց երկկճղակ չէ, ուրեմն նա ձեզ համար պիղծ է,
5 նապաստակը, որը թէեւ որոճում է, բայց երկկճղակ չէ, ուրեմն նա ձեզ համար պիղծ է,
6 ճագարը, որը թէեւ որոճում է, բայց երկկճղակ չէ, ուրեմն նա ձեզ համար պիղծ է,
7 խոզը, որը թէեւ կճղակաբաշխ է՝ կճղակներ ունի, բայց չի որոճում, ուրեմն նա ձեզ համար պիղծ է։
8 Ո՛չ դրանց միսը կերէք, ո՛չ էլ դրանց դիակին մօտեցէք, քանի որ դրանք ձեզ համար պիղծ են։
9 Ահա թէ ինչ պիտի ուտէք ջրերի մէջ եղած կենդանիներից. նրանք, որ ունեն լողակներ ու թեփուկ եւ ապրում են ջրերում, ծովերում եւ վտակներում։
10 Ջրերում, ծովերում ու վտակներում ապրող, բայց լողակներ ու թեփուկ չունեցող կենդանիներ մի՛ կերէք, նոյնպէս եւ՝ այն կենդանիները, որ ջրերից են բխում եւ կամ կենդանի շունչ ունեն ջրերում, քանի որ դրանք պիղծ են եւ պիղծ կը լինեն ձեզ համար։
11 Դրանց միսը չուտէք եւ դրանց դիակներից գարշեցէ՛ք,
12 որովհետեւ ջրի մէջ եղած բոլոր այն կենդանիները, որոնք լողակներ ու թեփուկ չունեն, թող ձեզ համար պիղծ համարուեն։
13 Սրանք են այն թռչունները, որոնցից պէտք է գարշէք եւ որոնց միսը պիտի չուտէք, որովհետեւ ձեզ համար պիղծ են. արծիւ, պասկուճ, գետարծիւ,
14 անգղ, ցին եւ այն, ինչ սրանց նման է։
15 Նաեւ ագռաւ եւ այն, ինչ սրա նման է,
16 ջայլամ, բու, որոր եւ այն, ինչ սրանց նման է,
17 բազէ եւ այն, ինչ սրա նման է, հաւապատիր, հողամաղ,
18 քաջահաւ, սոխակ, հաւալուսն, կարապ,
19 արագիլ, քարադր՚ եւ այն, ինչ սրանց նման է, այլեւ՝ յոպոպ եւ չղջիկ։
20 Չորս ոտքով քայլող ամէն մի թռչնազգի զեռուն թող պիղծ համարուի ձեզ համար։
21 Թռչնազգի զեռուններից կ՚ուտէք դրանք, որոնք քայլում են չորս ոտքով, որոնց ոտքերը գետնի վրայ ոստոստելու համար սրունք ունեն։
22 Կ՚ուտէք հետեւեալները. ջորեակ եւ այն, ինչ սրա նման է, խարագուլ եւ այն, ինչ սրա նման է, մորեխ եւ այն, ինչ սրա նման է, օձամարտ մորեխ եւ այն, ինչ սրա նման է։
23 Թռչնազգի ամէն մի այլ զեռուն, որ չորս ոտք ունի, պիղծ է ձեզ համար. դրանցով չպղծուէք։
24 Դրանց դիակին դիպչող ամէն ոք մինչեւ երեկոյ թող պիղծ համարուի։
25 Ամէն ոք, ով ձեռք կը տայ դրանց դիակին, պէտք է լուանայ իր հագուստները եւ պիղծ համարուի մինչեւ երեկոյ։
26 Կճղակաւոր այն բոլոր անասունները, որոնց կճղակը կիսուած չէ, եւ չեն որոճում, ձեզ համար թող պիղծ համարուեն։ Ով որ դիպչի դրանց դիակին, մինչեւ երեկոյ թող պիղծ համարուի։
27 Չորքոտանի բոլոր այն կենդանիները, որոնք միայն առջեւի թաթերի վրայ են քայլում, ձեզ համար թող պիղծ համարուեն։ Ով դիպչի դրանց դիակին, մինչեւ երեկոյ թող պիղծ համարուի։
28 Ով ձեռք տայ դրանց դիակին, պէտք է լուանայ իր հագուստները. նա պիղծ պէտք է համարուի մինչեւ երեկոյ, որովհետեւ այդ բոլորը ձեզ համար պիղծ է։
29 Երկրի վրայ փորսող գնացող բոլոր կենդանիներից ձեզ համար պիղծ են. աքիսը, մուկը, տիտեռը,
30 առնէտը, քամելէոնը, բծաւոր մողէսը, մողէսն ու խլուրդը։
31 Երկրի վրայ փորսող գնացող այս բոլոր կենդանիները պիղծ են ձեզ համար։ Ով որ դիպչի դրանց դիակին, թող պիղծ համարուի մինչեւ երեկոյ։
32 Ինչի վրայ որ ընկնի դրանց դիակը, թող պիղծ համարուի, լինի դա փայտից պատրաստուած ամէն տեսակի անօթ, զգեստ, կաշի կամ քուրձ. ամէն մի անօթ, որն ինչ-որ բանի համար կը գործածուի, թող լուացուի ջրով։ Այդ անօթը թող պիղծ համարուի մինչեւ երեկոյ, որից յետոյ այն թող մաքուր համարուի։
33 Եթէ խեցէ որեւէ անօթի մէջ դրանցից ընկնի, անօթի մէջ եղածը թող պիղծ համարուի, իսկ անօթը թող ջարդեն։
34 Ամէն մի կերակուր, որի վրայ կ՚ընկնի այդպիսի պղծուած անօթի ջուրը, թող պիղծ համարուի։ Այդպիսի անօթի մէջ գտնուող ամէն մի խմիչք թող պիղծ համարուի։
35 Ինչի վրայ որ ընկնի դրանց դիակը, թող պիղծ համարուի։ Թոնիրներն ու կասկարաները թող ջարդուեն, քանի որ պղծուած են լինում, եւ պիղծ թող համարուեն ձեզ համար։
36 Ջրի աղբիւրները, ջրհորներն ու ջրակոյտերը թող մաքուր համարուեն ձեզ համար։ Ով որ դիպչի դրանց մէջ ընկած դիակին, թող պիղծ համարուի։
37 Եթէ դրանց դիակն ընկնի ցանելու սերմացուի վրայ, ապա սերմացուն մաքուր թող համարուի,
38 իսկ եթէ սերմացուի վրայ ջուր թափելուց յետոյ դրա վրայ ընկնեն պիղծ կենդանիների դիակներ, ապա այդ սերմացուն թող անմաքուր համարուի ձեզ համար։
39 Եթէ ձեզ համար ուտելու ենթակայ անասուններից որեւէ մէկը սատկի, ապա դրա դիակին դիպչողը թող մինչեւ երեկոյ պիղծ համարուի։
40 Ով ձեռք տայ դրա դիակին, նա պէտք է լուանայ իր զգեստները. նա պիղծ պէտք է համարուի մինչեւ երեկոյ։
41 Երկրի վրայ փորսող գնացող ամէն մի կենդանի թող պիղծ համարուի ձեզ համար, ուրեմն եւ թող չուտուի։
42 Մի՛ կերէք բոլոր այն կենդանիները, որոնք սողում են իրենց որովայնի վրայ, բոլոր այն կենդանիները, որոնք սողում են չորս ոտքով, նաեւ բազմոտանիները, երկրի վրայ սողացող բոլոր զեռունները, քանի որ դրանք ձեզ համար պիղծ են։
43 Մի՛ ապականէք ձեզ երկրի վրայ սողացող սողուններով, դրանցով մի՛ պղծուէք եւ դրանց պատճառով անմաքուր մի՛ դարձէք։
44 Ե՛ս եմ ձեր Տէր Աստուածը։ Սրբուեցէ՛ք եւ սո՛ւրբ եղէք, որովհետեւ ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։ Դուք ձեզ մի՛ պղծէք երկրի վրայ սողացող զեռուններով։
45 Ե՛ս եմ, Տէր Աստուածը, որ ձեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեզ համար Աստուած լինեմ։ Դուք սուրբ եղէք, որովհետեւ ես սուրբ եմ։
46 Ահա այս է անասունների եւ թռչունների, ջրերում եւ ցամաքում շարժուող բոլոր շնչաւորների վերաբերեալ օրէնքը,
47 որպէսզի դուք կարողանաք զանազանութիւն դնել մաքուրի եւ անմաքուրի միջեւ, եւ որպէսզի Իսրայէլի որդիներին սովորեցնէք, թէ որոնք են ուտելի կենդանիները, եւ որոնք են ոչ ուտելի անասունները։