ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 25

1 Տէրը Սինա լերան վրայ խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2 Իսրայէլի որդիներին ասա՛. Եթէ մտնէք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, թող հանգստանայ նաեւ այդ հողը, քանի որ Տիրոջ շաբաթն է։
3 Վեց տարի կը մշակես քո արտը, վեց տարի կ՚էտես քո այգին եւ կը հաւաքես դրանց բերքը։
4 Եօթներորդ տարին հանգստեան շաբաթ թող լինի այդ հողի համար, քանի որ շաբաթը Տիրոջն է պատկանում։ Քո արտը չես մշակի, քո այգին չես էտի։
5 Քո արտում ինքն իրեն աճած բոյսը չես հնձի, Տիրոջը նուիրաբերուելիք խաղողը չես քաղի, քանի որ այդ հողի հանգստեան տարին է։
6 Հանգստեան տարուայ ինքնաբոյս բերքը կերակուր թող լինի ձեզ՝ քո ծառայի, քո աղախնու, քո վարձկանի, քեզ մօտ բնակութիւն հաստատած օտարականի,
7 քո անասունի եւ քո երկրի գազանների համար։ Նրա տուած ամբողջ բերքը թող կերակուր լինի նրանց համար։
8 Հանգստեան տարուց սկսած՝ կը հաշուես եօթն անգամ եօթը տարի, եւ եօթն անգամ եօթը տարին կը լինի քառասունինը տարի։
9 Յիսուներորդ տարուայ եօթներորդ ամսի տասներորդ օրը շեփոր հնչեցնելով կ՚ազդարարէք ձեր ամբողջ երկրին։ Քաւութեան օրը ձեր ամբողջ երկրում շեփոր կը հնչեցնէք։
10 Կը սրբագործէք յիսուներորդ տարին եւ ձեր երկրի բոլոր բնակիչների համար ազատագրում կը յայտարարէք։ Դա ազատագրման տարի ազդարարելու նշան թող լինի։ Իւրաքանչիւր ոք պէտք է վերադառնայ իր կալուածքը, իւրաքանչիւր ոք պէտք է գնայ իր ազգատոհմին,
11 որովհետեւ դա ազատագրման ազդարարն է։ Յիսուներորդ տարին թող ձեզ համար յոբելեանական տարի լինի։ Չպէտք է ցանէք, չպէտք է հնձէք ինքն իրեն աճած բոյսը, Տիրոջն ընծայուած խաղողը չպէտք է քաղէք,
12 քանզի այդ տարին ազատագրում ազդարարող յոբելեանական տարի է։ Այն թող սուրբ լինի ձեզ համար։ Արտում ինքն իրեն բուսած եւ աճած բերքը կերէ՛ք։
13 Ազատագրում հռչակուած յոբելեանական տարում իւրաքանչիւր ոք թող վերադառնայ իր կալուածքը։
14 Եթէ որեւէ մէկը իր մերձաւորին որեւէ բան է վաճառում կամ իր մերձաւորից որեւէ բան է գնում, թող նրան չխաբի։
15 Յոբելեանական տարուց յետոյ եղած տարիների հաշուով պիտի գնես քո մերձաւորից, եւ նա էլ հնձի տարիների հաշուով պիտի վաճառի քեզ։
16 Ինչքան շատ են լինում մինչեւ ազատագրման տարին ընկած տարիները, այդքան թանկ պիտի գնես, եւ ինչքան քիչ լինեն տարիները՝ այդքան էժան, որովհետեւ արդիւնքի քանակով է, որ նա վաճառելու է քեզ։
17 Եւ ոչ ոք իր մերձաւորին չպէտք է խաբի։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց. ես եմ ձեր Տէր Աստուածը։
18 Կը կատարէք իմ բոլոր պատգամներն ու վճիռները։ Կը պահպանէք ու կը կատարէք դրանք եւ երկրում կ՚ապրէք ապահով.
19 հողը կը տայ իր բերքը, դուք կուշտ կ՚ուտէք եւ երկրում կ՚ապրէք ապահով։
20 Իսկ եթէ ասէք, թէ՝ ի՞նչ պիտի ուտենք այդ եօթներորդ տարում, եթէ չցանենք եւ մեր բերքը չհաւաքենք,
21 ապա իմացէ՛ք, որ վեցերորդ տարում ես ձեզ կ՚ուղարկեմ իմ օրհնութիւնը, եւ հողը երեք տարուայ չափ բերք կը տայ։
22 Ութերորդ տարում կը ցանէք, իսկ հին բերքը կ՚ուտէք մինչեւ իններորդ տարին։ Մինչեւ իններորդ տարուայ բերքը հասնելը կ՚ուտէք հին բերքը։
23 Հողը վերջնականապէս չպէտք է վաճառուի, քանզի հողը իմն է, իսկ դուք ինձ մօտ պանդուխտ ու նժդեհ էք։
24 Ձեր կալուածքը եղող ամբողջ հողի համար փրկագին պիտի տաք։
25 Եթէ աղքատանայ քեզ մօտ ապրող եղբայրդ եւ վաճառի իր կալուածքի մի մասը, ապա իր մօտիկ ազգականը կարող է գալ ու վերստին գնելով փրկել իր եղբօր վաճառած արտը։
26 Իսկ եթէ արտ վաճառողը ունեւոր ազգական չունենայ, ու ինքը յետոյ ի վիճակի լինելու գնելու, ապա կարող է իր արտը յետ գնելով փրկել։
27 Նա պէտք է հաշուի եւ հանի վաճառքից յետոյ անցած տարիները եւ մնացածը վճարի նրան, ով գնել էր այն, որից յետոյ արտը նորից կը պատկանի իրեն։
28 Իսկ եթէ նա այդքան կարողութիւն չունենայ, որ կարողանայ հողի տիրոջը հատուցել փոխարժէքը, ապա վաճառուածը մինչեւ ազատագրման տարին թող պատկանի նրան, ով այն գնել էր։ Ազատագրման տարում արտը պէտք է վերադարձուի նախկին տիրոջը։
29 Եթէ որեւէ մէկը վաճառի պարսպապատ քաղաքում գտնուող մի բնակելի տուն, ապա նա կարող է այն յետ գնել վաճառքի օրուանից յետոյ մէկ տարուայ ընթացքում։ Մէկ տարուայ ընթացքում պէտք է լինի յետգնումը։
30 Իսկ եթէ վաճառողը մէկ տարուայ ընթացքում ի վիճակի չլինի այն յետ գնելու, ապա պարսպապատ քաղաքի մէջ եղած տունը թող առյաւէտ պատկանի գնողին՝ իբրեւ իր ու իր սերունդների սեփականութիւն։ Դա յետ գնելու ենթակայ չէ անգամ ազատագրման տարում։
31 Պարիսպ չունեցող աւաններում գտնուող տները թող ագարակներ համարուեն։ Դրանք միշտ ենթակայ են յետգնման, եւ այնտեղ բնակուողները ազատագրման տարում պէտք է դուրս գան։
32 Ղեւտացիների քաղաքներում գտնուող տները, որոնք նրանց կալուածքներն են այդ քաղաքում, կարող են միշտ յետ գնուել ղեւտացիների կողմից։
33 Եթէ որեւէ մէկը ղեւտացու տուն է գնում, ապա ազատագրման տարում նա նրանց քաղաքներում գտնուող կալուածքների տներից դուրս պէտք է գայ, որովհետեւ ղեւտացիների քաղաքներում գտնուող կալուածքների տները նրանց ժառանգական սեփականութիւնն են Իսրայէլի որդիների մէջ։
34 Ղեւտացիների ագարակները, որոնք քաղաքների շուրջն են գտնւում, վաճառքի ենթակայ չեն, որովհետեւ դրանք նրանց յաւիտենական կալուածքներն են։
35 Եթէ եղբայրդ աղքատանայ եւ ի վիճակի չլինի աշխատելու, նրան պիտի պատսպարես իբրեւ եկուորի ու պանդխտի։ Նա քեզ մօտ պիտի մնայ ու ապրի։
36 Նրանից վաշխ ու տոկոս չպիտի վերցնես։ Վախեցի՛ր քո Տէր Աստծուց, քանզի ես եմ Տէրը։ Քո եղբայրը թող քեզ մօտ ապրի։
37 Նրան տոկոսով դրամ չպիտի տաս եւ աւելին ստանալու ակնկալութեամբ չէ, որ նրան պիտի կերակրես։
38 Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեզ տայ Քանանացիների երկիրը եւ լինի ձեր Աստուածը։
39 Եթէ քեզ մօտ ապրող եղբայրդ աղքատանայ եւ քեզ վաճառուի որպէս ծառայ, ապա թող քեզ ստրուկի ծառայութեամբ չծառայի։
40 Նա իբրեւ վարձկան, իբրեւ պանդուխտ թող լինի քեզ մօտ եւ աշխատի մինչեւ ազատագրման տարին։
41 Ազատագրման տարում ինքն իր երեխաների հետ թող ազատ արձակուի եւ վերադառնայ իր ցեղի մօտ, թող գնայ իր հայրենի կալուածքը։
42 Իմ ծառաներն են նրանք, որոնց ես հանել եմ Եգիպտացիների երկրից։ Դրա համար էլ նրանք իբրեւ ստրուկ չեն վաճառուելու։
43 Չարչարանքով չպիտի տանջես նրան։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց։
44 Ինչ ծառայ կամ աղախին էլ որ ուզենաս ունենալ, քո շուրջը եղող ազգերից կը վերցնես,
45 ինչպէս եւ ձեր մէջ ապրող օտարականների զաւակներից ու նրանց ազգականներից։ Որքան զաւակ ունենան ձեր երկրում, բոլորը թող դառնան ձեր սեփականութիւնը։
46 Նրանց իբրեւ ժառանգութիւն կը յանձնէք ձեր գալիք սերունդներին, նրանք առյաւէտ ձեր ստրուկները թող լինեն։ Ձեզնից ոչ ոք իր եղբայրներին՝ իսրայէլացիներին, չարչարանքով թող չտանջի։
47 Եթէ հարստանայ քեզ մօտ հաստատուած եկուորը կամ պանդուխտը, եւ քո աղքատացած եղբայրը վաճառուի քեզ մօտ հաստատուած այդ եկուորին կամ պանդուխտին կամ վերջիններիս ընտանիքներում ծնուածին,
48 ապա վաճառուելուց յետոյ նա պէտք է յետ գնուի. նրա եղբայրներից մէկնումէկը փրկավճարով թող գնի նրան։
49 Նրան փրկավճարով պէտք է գնի նրա հօրեղբայրը, հօրեղբօր որդին կամ իր ցեղի արիւնակից ազգականներից մէկը։ Իսկ եթէ ինքը հարստանայ, թող փրկավճարով գնի ինքն իրեն։
50 Նա, սկսած իր վաճառուելու տարուանից մինչեւ ազատագրման տարին, թող հաշուի այն պարտքը, որ ինքն ունի իրեն գնած մարդուն։ Պարտքի գումարը թող հաշուուի վարձու աշխատողի վարձի չափով, նրա մօտ աշխատած տարիների քանակով։
51 Եթէ դեռ շատ ժամանակ կայ մինչեւ ազատագրման տարին, որպէս փրկագին թող հատուցի իր անձի վաճառքի գնի մէկ մասը։
52 Իսկ եթէ մինչեւ ազատագրման տարին քիչ ժամանակ է մնացել, թող հաշուի եւ ըստ մնացած տարիների տայ իր փրկագինը։
53 Նա վարձկան պիտի համարուի այնքան ժամանակ, որքան տարի որ եղել է նրա մօտ։ Չարչարանքով չպիտի տանջես նրան։
54 Իսկ եթէ այս ձեւերից որեւէ մէկով չի փրկագնուած, ապա ազատագրման տարում թող ազատ արձակուեն ինքն ու իր զաւակները,
55 քանզի իսրայէլացիներն իմ ստրուկներն են, իմ ծառաները, որոնց ես հանել եմ Եգիպտացիների երկրից։