ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 23

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2 Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. Տիրոջը նուիրուած այն տօները, որ սուրբ պիտի կոչէք, հետեւեալներն են.
3 Վեց օր պիտի աշխատես, իսկ եօթներորդ՝ շաբաթ օրը հանգստեան օր է եւ սուրբ՝ Տիրոջը նուիրուած։ Այդ օրը ոչ մի աշխատանք չէք կատարի, որովհետեւ այն Տիրոջը նուիրուած շաբաթ օրն է, երբ հանգստանում են բոլոր տներում։
4 Տիրոջը նուիրուած տօները, որոնք սուրբ են հռչակուած եւ որոնք պիտի նշէք, հետեւեալներն են.
5 Առաջին ամսի տասնչորսերորդ օրուայ երեկոյեան Տիրոջ Զատիկն է։
6 Նոյն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջը նուիրուած Բաղարջակերաց տօնն է. եօթը օր բաղարջ հաց պիտի ուտէք։
7 Նշուած առաջին օրը ձեզ համար սուրբ է։ Ոչ մի առտնին գործ չպիտի անէք։
8 Եօթը օր ողջակէզներ պիտի մատուցէք Տիրոջը, իսկ եօթներորդ օրը սուրբ պէտք է լինի ձեզ համար։ Ոչ մի առտնին գործ չպիտի անէք։
9 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
10 Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. Երբ կը մտնէք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, եւ կը հնձէք նրա հունձը, առաջին խուրձը՝ ձեր հնձի բերքը, կը բերէք քահանային։
11 Նա խուրձը պէտք է ընծայաբերի Տիրոջը իբրեւ ձեր կողմից արուած ընդունելի նուէր։ Քահանան այն պէտք է ընծայաբերի շաբաթին յաջորդող առաջին օրուայ առաւօտեան։
12 Խուրձը ընծայաբերելու օրը նաեւ մէկ տարեկան ոչ արատաւոր ոչխար պէտք է ողջակիզէք Տիրոջ համար։
13 Նաեւ զոհաբերուածը՝ իւղով հունցուած երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր պիտի մատուցէք։ Դա Տիրոջը մատուցուող զոհաբերութիւն է՝ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։ Իբրեւ նուէր՝ նաեւ մէկ քառորդ դորակ գինի։
14 Մինչեւ այդ նուէրները ձեր Աստծուն չընծայէք, բաղարջ կարկանդակ, աղացած աղանձ չուտէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ, ձեր բոլոր տներում։
15 Հաշուեցէ՛ք. ուխտի խուրձ մատուցելու շաբաթ օրուայ յաջորդ օրուանից ամբողջ եօթը շաբաթ,
16 մինչեւ վերջին շաբաթուայ յաջորդ օրն անում է յիսուն օր։ Այդ յաջորդ օրն էլ Տիրոջը նոր զոհ կը մատուցէք։
17 Ձեր տներից կ՚ընծայաբերէք ձեր նուէրը՝ երկու բաղարջ կարկանդակ։ Իւրաքանչիւր կարկանդակը պիտի հունցուած լինի երկու տասներորդական գրիւ ընտիր ալիւրով։ Թթխմորով պիտի եփուեն դրանք, Տիրոջը տրուող առաջին բերքից։
18 Հացերի հետ պիտի մատուցէք մէկ տարեկան ոչ արատաւոր եօթը գառ, նախրից՝ մէկ հորթ եւ ոչ արատաւոր երկու խոյ։ Դրանք ողջակէզ պիտի լինեն Տիրոջը։ Անարիւն զոհաբերութիւններն ու գինին Տիրոջը մատուցուած անուշահոտ բուրմունք են։
19 Առաջին հնձից պատրաստուած բաղարջ կարկանդակների հետ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար մէկ նոխազ եւ մէկ տարեկան երկու գառ՝ իբրեւ փրկութեան զոհաբերութիւն։
20 Քահանան դրանք առաջին բերքից պատրաստուած բաղարջ կարկանդակների հետ որպէս նուէր պիտի ընծայաբերի Տիրոջ առաջ։ Դրանք երկու գառների հետ պէտք է ընծայաբերուեն Տիրոջը եւ պատկանեն մատուցող քահանային։
21 Այդ օրը կը համարէք անուանի օր, դա սուրբ թող լինի ձեզ համար։ Այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ, ձեր բոլոր տներում։
22 Ձեր արտերը հնձելիս կրկին չվերադառնաք չհնձուածը հնձելու կամ հնձի ժամանակ ընկած հասկերը հաւաքելու համար, այլ դրանք աղքատին ու պանդխտին կը թողնէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։
23 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
24 Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛. Եօթներորդ ամսի առաջին օրը ձեզ համար հանգստեան օր թող լինի՝ Տիրոջը նուիրաբերուած մի սուրբ տօն, որ շեփորներով է ազդարարւում։
25 Այդ օրը ոչ մի առտնին գործ չպիտի անէք, այլ Տիրոջը ողջակէզ պիտի մատուցէք։
26 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
27 Եօթներորդ ամսի տասներորդ օրը Քաւութեան օր է։ Այն ձեզ համար անուանի եւ սուրբ օր թող լինի։ Ամսի իններորդ օրուայ երեկոյից սկսած ձեր անձը զրկեցէ՛ք եւ Տիրոջը ողջակէզներ մատուցեցէ՛ք։
28 Այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք, քանզի դա Քաւութեան օր է ձեզ համար, որպէսզի դուք ձեր մեղքերը քաւէք ձեր Տէր Աստծու առաջ։
29 Ով այդ օրը իր մարմինը չի զրկի, կը վերանայ իր ժողովրդի միջից։
30 Ով այդ օրը գործ կ՚անի, կը վերանայ իր ժողովրդի միջից։
31 Ոչ մի առտնին գործ չանէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ, ձեր բոլոր տներում։
32 Դա շաբաթների շաբաթ թող լինի ձեզ համար։ Ամսի իններորդ օրուայ երեկոյից մինչեւ յաջորդ օրուայ երեկոն զրկեցէ՛ք ձեր մարմինը եւ հանգստացէ՛ք։
33 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
34 Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. Եօթներորդ ամսի տասնհինգերորդ օրը ի պատիւ Տիրոջը եօթը օր պիտի նշէք Տաղաւարահարաց տօնը։
35 Առաջին օրը թող սուրբ համարուի, այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք։
36 Այդ եօթը օրերին ողջակէզներ պիտի մատուցէք Տիրոջը, իսկ եօթներորդ օրը ձեզ համար անուանի եւ սուրբ օր թող լինի։ Ողջակէզ կը մատուցէք Տիրոջը, որովհետեւ դա տօնի վերջին օրն է։ Այդ օրը ոչ մի առտնին գործ չանէ՛ք։
37 Սրանք են Տիրոջ պատուին կատարուող տօները, որ դուք պիտի նշէք եւ դրանք սուրբ պիտի համարէք, որպէսզի ամէն օր Տիրոջը ընծայ մատուցէք ձեր ողջակէզները, անարիւն զոհաբերութիւններն ու գինին։
38 Սրանք պիտի մատուցուեն բացի այն ընծաներից, որոնք ընծայաբերւում են Տիրոջը շաբաթ օրերը, բացի ձեր ուխտի ընծաներից եւ ձեր միւս կամաւոր զոհաբերութիւններից, որոնք մատուցւում են Տիրոջը։
39 Եօթներորդ ամսի տասնհինգերորդ օրը, երբ հաւաքէք արտերի բերքը, Տիրոջ պատուին եօթը օր տօն պիտի կատարէք։ Առաջին եւ ութերորդ օրը պիտի հանգստանաք։
40 Առաջին օրը կ՚առնէք ծառերի գեղեցիկ պտուղներ, արմաւենու ճիւղեր, տերեւախիտ ծառերի եւ ուռենիների ճիւղեր, ձորի բարդիների ճիւղեր, որպէսզի Տիրոջ առաջ եօթը օր ուրախանաք։
41 Տարուայ այդ եօթը օրը որպէս Տիրոջ տօն կը տօնէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ։ Եօթներորդ ամսին կը կատարէք այդ տօնը։
42 Եօթը օր վրանների մէջ կ՚ապրէք։ Իսրայէլացի բոլոր տեղաբնակները վրանների մէջ թող ապրեն,
43 որպէսզի ձեր բոլոր սերունդներն իմանան, որ, երբ ես իսրայէլացիներին հանում էի Եգիպտացիների երկրից, վրանների մէջ էի բնակեցրել նրանց։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։
44 Եւ Մովսէսը իսրայէլացիներին պատմեց Տիրոջ տօների մասին։