ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 6

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2 Ով մեղք գործի, ով արհամարհելով խախտի Տիրոջ պատուիրանները, ով իր մերձաւորին խաբի նրա տուած աւանդի, իրեն ի պահ տրուած կամ իր յափշտակած որեւէ իրի համար, կամ որեւէ վնաս հասցնի իր մերձաւորին եւ
3 կամ կորած մի բան գտնի, բայց ուրանայ, որ գտել է, եւ դրա համար սուտ երդում տայ, այսինքն՝ անի այն ամէնը,
4 որոնցով նա մեղք է գործած լինում, բայց գիտակցի, որ մեղանչել, յանցանք է գործել, նա պէտք է հատուցի իր կատարած յափշտակութեան համար,
5 իր հասցրած վնասի համար, իրեն ի պահ տրուած աւանդը կորցնելու համար, կորած բանը գտնելը ուրանալու եւ սուտ երդում տալու համար։ Իր հասցրած ամէն մի վնաս նա պէտք է հատուցի ամբողջութեամբ, դրան աւելացրած նաեւ վնասուած իրի արժէքի մէկ հինգերորդը։ Նա տիրոջը թող հատուցի հէնց իր մեղքը գիտակցած օրը։
6 Իր գործած մեղքի համար նա Տիրոջը զոհ պէտք է մատուցի մէկ արծաթ արժողութեամբ ոչ արատաւոր մի խոյ, քանի որ մեղք գործեց։
7 Քահանան Տիրոջ առաջ քաւութիւն եւ թողութիւն թող տայ նրան այն մեղքերի համար, որ նա գործել է։
8 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. Կարգադրի՛ր Ահարոնին ու նրա որդիներին եւ ասա՛.
9 Այս է ողջակէզի կարգը. զոհասեղանի վրայ այն պէտք է մնայ ամբողջ գիշեր՝ մինչեւ առաւօտ, եւ զոհասեղանի վրայ այրուող կրակը չպէտք է հանգի։
10 Քահանան կտաւէ պատմուճան պիտի հագնի եւ կտաւէ անդրավարտիք՝ իր մարմնի վրայ։ Կրակից առաջացած ողջակէզի ճարպամոխիրը նա պիտի վերցնի զոհասեղանի վրայից ու դնի զոհասեղանի մօտ։
11 Նա պիտի հանի իր պատմուճանը, պիտի հագնի մի այլ պատմուճան ու ողջակէզը պիտի տանի բանակատեղիից դուրս, մի մաքուր տեղ։
12 Զոհասեղանի վրայ վառուող կրակը պիտի չհանգի։ Դրա համար քահանան առաւօտները դրա վրայ փայտ պիտի աւելացնի, դրա վրայ պիտի այրի ողջակէզները, իսկ դրանց վրայ էլ՝ փրկութեան զոհի ճարպը։
13 Կրակը միշտ պիտի վառուի զոհասեղանի վրայ ու երբեք չհանգի։
14 Այս է Տիրոջ առաջ, զոհասեղանի վրայ Ահարոնի որդիների՝ քահանաների զոհ մատուցելու կարգը.
15 քահանան իբրեւ յիշատակ մի բուռ պիտի առնի նուիրաբերուող ընտիր ալիւրից՝ նրա վրայ դրուած իւղով ու կնդրուկով հանդերձ, եւ ընծան դնի զոհասեղանին իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։
16 Մնացած ալիւրը պիտի ճաշակեն Ահարոնն ու նրա որդիները։ Բաղարջը պիտի ուտուի մի սուրբ վայրում, այն պիտի ուտեն վկայութեան խորանի բակում։
17 Թթխմորով պիտի չեփուի այն. դա Տիրոջը մատուցուող ընծաների մի մասն է կազմում։ Դրանք սրբութիւնների սրբութիւն են։ Նոյն կերպ պէտք է վարուել մեղքերի ու յանցանքների զոհաբերումների դէպքում։
18 Քահանաների ընտանիքների բոլոր արու անդամները թող ուտեն դրանից։ Այս թող լինի ձեր սերունդների մէջ Տիրոջը մատուցուելիք նուիրաբերութեան յաւիտենական կարգը։ Եւ ինչ որ դիպչի դրանց, կը սրբանայ։
19 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
20 Այս է Ահարոնի եւ նրա որդիների ընծան, որ նրանց օծուելու օրը պիտի մատուցուի Տիրոջը։ Մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր՝ իբրեւ հանապազօրեայ հացի ընծայ. դրա կէսը՝ առաւօտեան, իսկ միւս կէսը՝ երեկոյեան։
21 Իւղով հունցելուց յետոյ տապակի մէջ պիտի պատրաստուի այն։ Դա կտրտուած, մաքուր վիճակում պիտի մատուցուի իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։
22 Այս բանը պիտի կատարի այն քահանան, որն Ահարոնի որդիներից է եւ օծուել է նրա փոխարէն։ Տիրոջ հաստատած այս յաւիտենական օրէնքը պէտք է կատարուի ամբողջութեամբ։
23 Քահանայի բոլոր զոհաբերութիւնները ողջակէզ պէտք է լինեն, դրանցից ոչ մի բան չպիտի ուտուի։
24 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
25 Դիմի՛ր Ահարոնին ու նրա որդիներին եւ ասա՛. Մեղքերի թողութեան համար զոհ մատուցելու կարգը այս է. մեղքերի թողութեան համար Տիրոջ առաջ մորթուելիք անասունները պէտք է մորթուեն այնտեղ, որտեղ ողջակիզուող անասուններն են մորթում։ Դա սրբութիւնների սրբութիւն է։
26 Զոհ մատուցող քահանան դրանից պէտք է ուտի։ Թող նա ուտի սուրբ վայրում՝ վկայութեան խորանի բակում։
27 Ով որ ձեռք տայ դրա մսին, կը սրբանայ, եւ ում զգեստի վրայ ցանեն դրա արիւնից, նա պէտք է լուացուի սուրբ վայրում։
28 Կաւէ այն անօթը, որի մէջ կ՚եփուի միսը, պէտք է ջարդել, իսկ եթէ պղնձէ անօթի մէջ եփուի, պէտք է այն քերել ու ջրով ողողել։
29 Քահանաների ընտանիքների բոլոր արու անդամները թող ուտեն դրանից, որովհետեւ դա Տիրոջը մատուցուող սրբութիւնների սրբութիւն է։
30 Այն ամէնը, ինչ զոհ է մատուցւում մեղքերի քաւութեան համար, նոյնպէս անասունների արիւնը, որ վկայութեան խորան է բերւում, չպէտք է ուտուի, այլ կրակով պէտք է այրուի։