ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 16

1 Տիրոջը օտար կրակ մատուցելիս Ահարոնի որդիների մեռնելուց յետոյ Տէրը խօսեց Մովսէսի հետ։
2 Տէրն ասաց Մովսէսին. Քո եղբայր Ահարոնին ասա՛. Թող ամէն վայրկեան վկայութեան տապանակի առաջ գտնուող վարագոյրից ներս անցնելով՝ սրբարան չմտնեն, որպէսզի չմեռնեն. ես տապանակի վրայ երեւալու եմ ամպի մէջ։
3 Եւ ապա Ահարոնը կը մտնի սրբարան մեղքերի քաւութեան համար նախրի մի զուարակով եւ ողջակէզի համար մի խոյով։
4 Նա սրբագործուած կտաւէ պատմուճանը թող հագնի, մարմնի վրայ՝ կտաւէ անդրավարտիքը, մէջքին կապի կտաւէ գօտին, գլխին դնի կտաւէ խոյրը, որովհետեւ դրանք սրբագործուած հանդերձանք են։ Իր ամբողջ մարմինը թող լուայ ջրով եւ թող հագնի դրանք։
5 Իսրայէլացիների հօտերի միջից նա մեղքերի քաւութեան համար երկու նոխազ թող առնի եւ մէկ խոյ էլ՝ ողջակէզի համար։
6 Ահարոնը մեղքերի քաւութեան համար պիտի զոհաբերի զուարակը եւ դրանով պիտի քաւի իր ու իր ընտանիքի մեղքերը։
7 Նա թող վերցնի երկու նոխազները, դրանք կանգնեցնի Տիրոջ առաջ՝ վկայութեան խորանի դռան մօտ։
8 Ահարոնը երկու նոխազների համար թող վիճակ գցի. մի վիճակը՝ Տիրոջը զոհաբերուելիք նոխազի համար, իսկ միւսը՝ ազատ արձակուելիք նոխազի համար։
9 Ահարոնը թող մօտեցնի իրեն այն նոխազը, որի վրայ արձակուելու վիճակ էր ընկել,
10 թող այն կենդանի կանգնեցնի Տիրոջ առաջ եւ այն արձակելով ու բաց թողնելով դէպի անապատ՝ նրան քաւութիւն թող անի։ Եւ թող նոխազն իր վրայ վերցնի նրանց անօրէնութիւնները։
11 Ապա Ահարոնը թող առնի զուարակը իր մեղքերի քաւութեան համար եւ թող քաւութիւն տայ իր եւ իր ընտանիքի մեղքերին։ Նա իր մեղքերի քաւութեան համար թող մորթի զուարակը։
12 Նա Տիրոջ առաջ գտնուող զոհասեղանի վրայից թող առնի վառուած ածուխներով լի բուրվառը, իր բուռը լցնի մանր աղացած խունկ եւ տանի վարագոյրից ներս։
13 Նա խունկը թող դնի կրակի վրայ, Տիրոջ առաջ. խնկի ծուխը կը ծածկի վկայութիւնների տապանակի վրայ գտնուող կափարիչը։ Եւ դուք չէք մեռնի։
14 Նա թող առնի զուարակի արիւնից եւ իր մատով ցանի քաւութեան արեւելեան կողմից, իսկ քաւութեան դէմ յանդիման այդ արիւնից իր մատով թող ցանի եօթն անգամ։
15 Տիրոջ առաջ նա թող մորթի ժողովրդի մեղքերի քաւութեան նոխազը եւ դրա արիւնից թող տանի վարագոյրից ներս։ Նա այդ արեան հետ թող վարուի այնպէս, ինչպէս վարուեց զուարակի արեան հետ. նա դրա արիւնը թող ցանի զոհասեղանի վրայ, քաւութեան դէմ յանդիման։
16 Նա այդ կերպ սրբարանը թող մաքրի իսրայէլացիների պղծութիւններից՝ նրանց կատարած անիրաւութիւններից ու գործած բոլոր մեղքերից։ Նոյն կերպ թող վարուի իրենց աղտեղութեամբ պղծուած վկայութեան խորանի հետ։
17 Երբ Ահարոնը վկայութեան խորան մտնի եւ քաւութիւն անի, ոչ ոք վկայութեան խորանում չպէտք է լինի, մինչեւ որ նա դուրս գայ։ Նա քաւութիւն թող անի իր, իր ընտանիքի եւ Իսրայէլի ամբողջ ժողովրդի համար։
18 Այնուհետեւ նա թող դուրս գայ եւ գնայ դէպի Տիրոջ առաջ գտնուող զոհասեղանը եւ քաւութեան ծէս կատարի դրա վրայ։ Նա թող առնի զուարակի արիւնից ու նոխազի արիւնից եւ շուրջանակի թող քսի զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին։
19 Նա այդ արիւնից իր մատով եօթն անգամ թող ցանի դրա վրայ եւ Իսրայէլի որդիների պղծութիւնից թող մաքրի այն ու սրբացնի։
20 Նա այսպիսով թող աւարտի վկայութեան խորանի ու զոհասեղանի սրբագործութիւնը։ Նա թող սրբագործի նաեւ քահանաներին։ Նա թող մօտ բերի կենդանի նոխազը։
21 Ահարոնն իր ձեռքերը թող դնի կենդանի նոխազի գլխին, խոստովանի Իսրայէլի որդիների գործած բոլոր անօրէնութիւնները, նրանց բոլոր յանցանքներն ու բոլոր մեղքերը։ Նա դրանք թող թափի կենդանի նոխազի գլխին եւ յարմար մի մարդու միջոցով այն ազատ արձակի դէպի անապատ։
22 Այս նոխազն իր վրայ պիտի վերցնի իսրայէլացիների գործած բոլոր մեղքերը անմարդաբնակ մի վայրում։ Ահարոնն այդ նոխազը պիտի արձակի դէպի անապատ։
23 Ահարոնն այնուհետեւ պիտի մտնի վկայութեան խորանը, պիտի հանի կտաւէ պատմուճանը, որը հագել էր սրբարան մտնելու ժամանակ, եւ այն պիտի թողնի այնտեղ։
24 Նա սրբարանում իր մարմինը պիտի լուայ ջրով, հագնի իր պատմուճանը եւ, դուրս գալով, զոհաբերի իր ողջակէզն ու ժողովրդի ողջակէզը, որով նա քաւած պիտի լինի իր, իր ընտանիքի եւ ժողովրդի, ինչպէս նաեւ քահանաների գործած մեղքերը։
25 Մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանիների ճարպը թող դնեն զոհասեղանի վրայ։
26 Մեղքերի քաւութեան համար նոխազն ազատ արձակողը թող լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով եւ ապա մտնի բանակատեղի։
27 Մեղքերի քաւութեան համար զոհաբերուած զուարակն ու նոխազը, որոնց արիւնը քաւութիւն անելու համար բերուած էր սրբարան, պէտք է հանեն բանակատեղիից դուրս եւ ամբողջութեամբ՝ մորթով, մսով ու կղկղանքով այրեն։
28 Դրանք այրողն այնուհետեւ պէտք է լուանայ իր զգեստները, իր մարմինը լուայ ջրով եւ ապա մտնի բանակատեղի։
29 Սա ձեզ համար յաւիտենական օրէնք թող լինի.Եօթներորդ ամսուայ տասներորդ օրը զրկանքի պիտի ենթարկէք ձեր մարմինը, այդ օրը ոչ մի գործ չպէտք է անէք։ Դա վերաբերում է ե՛ւ տեղաբնակ իսրայէլացուն, ե՛ւ դրսից եկած ու ձեր մէջ բնակութիւն հաստատած պանդխտին։
30 Այդ օրը ձեզ համար մեղքերի քաւութեան օր պիտի լինի, որպէսզի Տիրոջ առաջ մաքրուէք ձեր գործած բոլոր մեղքերից. արդարեւ պիտի մաքրուէք,
31 որովհետեւ դա շաբաթների Շաբաթ է։ Սա ձեզ համար պիտի լինի հանգստեան օր, եւ դուք զրկանքի պիտի ենթարկէք ձեր մարմինները։ Դա յաւիտենական օրէնք է։
32 Մեղքերի քաւութիւն կարող է տալ այն քահանան, որին օծել են եւ որին իր հօրից յետոյ քահանայագործելու կարո՛ղ կը համարեն։ Նա կը հագնի կտաւէ պատմուճանը՝ սուրբ պատմուճանը,
33 կը սրբագործի սրբութիւնների սրբութիւնը, վկայութեան խորանն ու զոհասեղանը, քաւութիւն կը տայ քահանաներին եւ ամբողջ իսրայէլացի ժողովրդին։
34 Իսրայէլի որդիների գործած բոլոր մեղքերի քաւութեան համար սա յաւիտենական օրէնք թող լինի ձեզ։ Այդ արարողութիւնը տարին մէկ անգամ թող կատարուի, ինչպէս Տէրը հրամայեց Մովսէսին։