ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 7

1 Յանցանքի համար խոյ զոհաբերելու կարգը հետեւեալն է. դա սրբութիւնների սրբութիւն է։
2 Այնտեղ, ուր ողջակէզներն են մորթում, Տիրոջ առաջ պէտք է մորթեն նաեւ յանցանքի համար զոհաբերուող խոյը։ Նրա արիւնը շուրջանակի թող թափեն ողջակէզների զոհասեղանի յատակին։
3 Քահանան թող առնի նրա ամբողջ ճարպը, դմակը, ճարպաթաղանթը, փորոտիքի ամբողջ ճարպը,
4 պոկի որովայնում գտնուող երկու երիկամները, դրանց վրայի ճարպն ու լեարդի բլթակը երիկամներով հանդերձ։
5 Քահանան այդ բոլորը թող դնի զոհասեղանին իբրեւ Տիրոջը մատուցուող զոհ, քանի որ դա յանցանքի քաւութեան համար է։
6 Քահանայի ընտանիքի բոլոր արու անդամները թող ուտեն դրանից. սուրբ վայրում թող ուտեն, քանի որ դա սրբութիւնների սրբութիւն է։
7 Յանցանքի համար զոհուող անասունի հետ թող վարուեն այնպէս, ինչպէս մեղքերի համար զոհուող անասունի։ Դրանց կատարման կարգը նոյնը թող լինի։ Զոհաբերուած անասունի մնացորդը թող պատկանի քահանային, որը դրանով քաւութիւն է տալիս։
8 Որեւէ մէկի ողջակէզը մատուցող քահանան թող ստանայ ողջակէզի մորթին։
9 Թոնրի, կասկարայի կամ տապակի մէջ պատրաստուած հացեղէնը, որ զոհաբերւում է, թող պատկանի այն քահանային, որ կատարում է զոհաբերումը,
10 իսկ իւղով հունցուած, ինչպէս նաեւ չհունցուած բոլոր զոհաբերումները պիտի հաւասարապէս պատկանեն Ահարոնի որդիներից իւրաքանչիւրին։
11 Փրկութեան համար Տիրոջը մատուցուելիք զոհաբերութեան կարգը այս է.
12 եթէ գոհութեան համար է մատուցւում այն, որպէս գոհութեան զոհաբերում թող մատուցեն իւղով հունցուած ընտիր ալիւրի բաղարջ կարկանդակ, վրան իւղ քսած բաղարջ հաց եւ իւղով հունցուած ընտիր ալիւր։
13 Փրկութեան համար գոհութեան այս զոհաբերութեան հետ ընծայ թող մատուցեն նաեւ բաղարջ կարկանդակներ։ Տիրոջը մատուցուող բոլոր զոհաբերութիւնների մի մասը
14 փրկութեան համար արիւն հոսեցնող քահանային թող պատկանի։ Նրան թող պատկանի նաեւ փրկութեան համար մատուցուող գոհութեան զոհի միսը,
15 որը պիտի ուտուի նույն օրը, երբ զոհ է մատուցւում. Յաջորդ օրուայ համար դրանից բան չպէտք է մնայ։
16 Եթէ մէկը կամովին է խոստանում Տիրոջ համար զոհ մատուցել, ապա զոհի միսը թող ուտուի զոհի մատուցման օրը եւ յաջորդ օրը, իսկ զոհի մսի այն մասը, որ կը մնայ
17 մինչեւ երրորդ օրը, կրակով թող այրուի։
18 Եթէ նա իր փրկութեան համար զոհաբերած անասունի մսից ուտի երրորդ օրը, մատուցուածը ընդունելի զոհաբերութիւն չի լինի, քանի որ դա ապօրինի է ու պիղծ։ Ով ուտի դրանից, մեղք գործած կը լինի։
19 Այն միսը, որ կը դիպչի որեւէ աղտեղութեան, թող չուտուի, այլ կրակով թող այրուի։ Միայն մաքուր մարդն իրաւունք ունի միս ուտելու։
20 Տիրոջը մատուցուած փրկութեան զոհից ճաշակած անմաքուր մարդը պիտի կորչի իր ժողովրդի միջից։
21 Նա, ով կը դիպչի որեւէ պիղծ բանի՝ մարդու պղծութեան կամ պիղծ անասունների եւ կամ ամէն մի գարշելի բանի, եւ ապա կ՚ուտի Տիրոջը մատուցուած փրկութեան զոհի մսից, այդ մարդը կը կորչի իր ժողովրդի միջից։
22 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
23 Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛. Արջառի, ոչխարի ու այծի ճարպ պիտի չուտէք։
24 Սատկած ու գազանի յօշոտած անասունների ճարպը թող օգտագործուի ամէն ինչի համար, բայց ոչ ուտելու համար։
25 Ով որ ուտի Տիրոջը զոհաբերուած անասունների ճարպից, կը կորչի իր ժողովրդի միջից։
26 Ձեր բոլոր բնակարաններում թռչունների եւ ամէն տեսակ անասունների արիւնը պիտի չուտէք։
27 Արիւն ուտող ամէն ոք կը կորչի իր ժողովրդի միջից։
28 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
29 Իսրայէլի որդիներին ասա՛. Ով որ փրկութեան զոհ կը մատուցի Տիրոջը, նա իր փրկութեան զոհից Տիրոջը մաս պիտի հանի։
30 Նա իր ձեռքով պիտի զոհը մատուցի Տիրոջը. կրծքի ճարպն ու լեարդի բլթակը պիտի դնի Տիրոջ առաջ,
31 իսկ քահանան այն պիտի հանի զոհասեղան, կուրծքը պիտի տրուի Ահարոնին ու նրա որդիներին։
32 Բացի այդ, ձեր փրկութեան զոհերի աջ թեւը որպէս հասանելի տուրք կը տաք քահանային։
33 Ահարոնի որդիներից ով որ փրկութեան արիւն ու ճարպ է մատուցում, նրան էլ բաժին թող հասնի աջ թեւը։
34 Որովհետեւ Իսրայէլի որդիներից ես առայ ձեր փրկութեան համար ինձ մատուցուած անասունների կուրծքն ու թեւը եւ դրանք տուեցի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա Իսրայէլի որդիների համար յաւիտենական կարգ թող լինի։
35 Ահարոնի ու նրա որդիների քահանայ օծուելու օրը Տիրոջը նուիրաբերուող ընծաներից իրենց հասանելիք բաժինը այս է։ Այս է պատուիրել Տէրը, որ տրուի նրանց,
36 երբ Իսրայէլի որդիների միջից քահանայ օծեց նրանց։ Դա նրանց մէջ յաւիտենական կարգ է սերնդից սերունդ։
37 Այս է ողջակէզների, մեղքերի, յանցանքների ու փրկութեան համար զոհեր մատուցելու կարգը։
38 Այսպէս պատուիրեց Տէրը Իսրայէլի որդիներին Սինա լերան վրայ այն օրը, երբ նա Սինայի անապատում կարգադրեց Տիրոջ համար զոհեր մատուցել։