ՂԵՒՏԱԿԱՆ. Chapter 9

1 Ութերորդ օրը Մովսէսը կանչեց Ահարոնին, նրա որդիներին ու Իսրայէլի մեծերին։ Մովսէսն ասաց Ահարոնին.
2 Քեզ համար նախրից, մեղքերի քաւութեան համար, ոչ արատաւոր մի զուարակ ու ողջակէզի համար ոչ արատաւոր մի խոյ վերցրո՛ւ եւ դրանք զո՛հ մատուցիր Տիրոջ առաջ։
3 Դիմի՛ր Իսրայէլի մեծերին ու նրանց ասա՛. Այծերի միջից վերցրէ՛ք մեղքերի քաւութեան համար մի նոխազ, ինչպէս եւ ողջակէզի համար մէկ տարեկան ոչ արատաւոր խոյ, զուարակ եւ գառ։
4 Նաեւ զուարակ ու խոյ՝ Տիրոջ առաջ փրկութեան ողջակէզ մատուցելու համար, ինչպէս եւ նուիրաբերման համար իւղով հունցուած ընտիր ալիւր, որովհետեւ այսօր Տէրը պիտի երեւայ ձեր մէջ։
5 Նրանք առան ու վկայութեան խորանի առաջ բերեցին, այն ամէնը, ինչ որ Մովսէսն էր հրամայել։ Ամբողջ ժողովուրդը մօտեցաւ ու կանգնեց Տիրոջ առաջ։
6 Մովսէսն ասաց. Տէրը հրամայեց, որ ա՛յս բանը պէտք է կատարէք. եւ Տիրոջ փառքը պիտի երեւայ ձեզ։
7 Իսկ Ահարոնին Մովսէսն ասաց. Մօտեցի՛ր զոհասեղանին եւ քո ողջակէ՛զն արա քո մեղքերի համար, որպէսզի քաւութիւն լինի քեզ եւ քո տան համար։ Ապա մատուցի՛ր քո ժողովրդի ընծաները եւ քաւութի՛ւն արա նրանց, ինչպէս Տէրն է պատուիրել ինձ՝ Մովսէսիս։
8 Ահարոնը մօտեցաւ զոհասեղանին եւ մորթեց իր մեղքերի քաւութեան զուարակը։
9 Ահարոնի որդիները արիւնը բերեցին նրա մօտ, նա իր մատը թացացրեց արեան մէջ, քսեց զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին, իսկ մնացած արիւնը թափեց զոհասեղանի յատակին։
10 Մեղքերի քաւութեան զոհի ճարպը, երիկամները եւ լեարդի բլթակը դրեց զոհասեղանին, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։
11 Միսն ու մորթին կրակով այրեցին բանակատեղիից դուրս։
12 Ապա մորթեց ողջակէզի համար նախատեսուած անասունը, Ահարոնի որդիները արիւնը բերեցին նրա մօտ, եւ նա այն թափեց զոհասեղանի շուրջը։
13 Ողջակէզը նրա մօտ բերեցին կտոր-կտոր արած։ Մովսէսը դա, ինչպէս նաեւ գլուխը, դրեց զոհասեղանին։
14 Փորոտիքն ու ոտքերը նա լուաց ջրով եւ դրեց զոհասեղանին, ողջակէզի վրայ։
15 Դրանից յետոյ մատուցեցին ժողովրդի ընծաները։ Նա առաւ ժողովրդի մեղքերի քաւութեան համար սահմանուած նոխազը եւ այն մորթեց նախորդի նման։
16 Նա մատուցեց նաեւ ողջակիզուելիք անասունը։
17 Նա արեց այնպէս, ինչպէս կարգն էր։ Նա մօտեցրեց ողջակէզը, մի բուռ վերցրեց դրանից եւ դրեց զոհասեղանին, որպէս յաւելում առաւօտուայ ողջակէզի։
18 Նա մորթեց ժողովրդի փրկութեան համար զոհուելիք զուարակն ու խոյը։ Ահարոնի որդիները արիւնը բերեցին նրա մօտ, եւ նա այն թափեց զոհասեղանի շուրջը։
19 Բերեցին նաեւ զուարակի ճարպը, խոյի ճարպն ու դմակը, ճարպաթաղանթը, երկու երիկամները ճարպով հանդերձ, լեարդի բլթակը
20 եւ ճարպերը դրեցին անասունների կրծքերի վրայ։ Ապա կտրեցին հանեցին ճարպը կրծքերի հետ միասին։ Ճարպը դրեցին զոհասեղանի վրայ։
21 Նա կրծքերը եւ աջ թեւերը նուիրաբերեց Տիրոջ առաջ, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։
22 Ահարոնն իր ձեռքերը բարձրացնելով՝ օրհնեց ժողովրդին եւ ներքեւ իջաւ մեղքերի քաւութեան, ողջակէզի ու փրկութեան համար զոհեր կատարելուց յետոյ։
23 Մովսէսն ու Ահարոնը մտան վկայութեան խորանը եւ այնտեղից դուրս գալով՝ օրհնեցին ամբողջ ժողովրդին։ Եւ Տիրոջ փառքը երեւաց համայն ժողովրդին։
24 Կրակ բխեց Տիրոջից եւ այրեց այն ամէնը, ինչ կար զոհասեղանի վրայ՝ ողջակէզներն ու ճարպը։ Ամբողջ ժողովուրդը տեսաւ դա, սարսափեց ու ընկաւ երեսի վրայ։