ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 12

1 Եւ երկնքում մեծ նշան երեւաց. մի կին՝ արեգակն իր վրայ առած, լուսինն իր ոտքերի տակ եւ իր գլխի վրայ մի պսակ՝ տասներկու աստղերից։
2 Նա յղի էր ու ճչում էր երկունքի մէջ եւ բազում ցաւերով մօտ էր ծնելու։
3 Եւ երկնքում երեւաց մի այլ նշան. ահա հրակարմիր մի մեծ վիշապ, որ ունէր եօթը գլուխ եւ տասը եղջիւր. նրա գլուխների վրայ կար եօթը խոյր։
4 Եւ նրա պոչը քաշում տանում էր երկնքի աստղերի մէկ երրորդ մասը. ու դրանք գցեց երկրի վրայ։ Վիշապը կանգնած էր այն կնոջ առաջ, որ ծնելու վրայ էր, որպէսզի, երբ կինն իր որդուն ծնի, կուլ տայ նրան։
5 Եւ կինը ծնեց մի արու զաւակ, որ իշխելու էր բոլոր ազգերի վրայ երկաթէ գաւազանով։ Եւ նրա որդին յափշտակուեց տարուեց Աստծու եւ նրա գահի մօտ։
6 Եւ կինը փախաւ դէպի անապատ, ուր նրան տեղ էր պատրաստուել Աստծու կողմից, որպէսզի այնտեղ կերակրուի հազար երկու հարիւր վաթսուն օր։
7 Եւ երկնքում պատերազմ եղաւ։ Միքայէլը եւ իր հրեշտակները կռւում էին վիշապի դէմ. վիշապը կռւում էր իր զօրքերով,
8 բայց նրանք չկարողացան դիմադրել. եւ երկնքում նրանց համար տեղ չգտնուեց։
9 Եւ ընկաւ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչւում է Բէեղզեբուղ եւ Սատանայ եւ որ մոլորեցրեց ամբողջ աշխարհը. եւ նրա հետ ընկան նաեւ նրա հրեշտակները։
10 Եւ երկնքից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. Այժմ եկաւ մեր Աստծու զօրութիւնը, փրկութիւնն ու արքայութիւնը եւ նրա Օծեալի իշխանութիւնը, որովհետեւ ընկաւ մեր եղբայրների դէմ չարախօսողը, նա, ով Աստծու առաջ նրանց մասին չարախօսում էր գիշեր-ցերեկ։
11 Մեր եղբայրները յաղթեցին նրան Գառան արիւնով եւ նրա վկայութեան խօսքով։ Եւ չհամաձայնեցին վիշապի հետ նոյնիսկ ի գին իրենց մահուան։
12 Դրա համար թող ուրախ լինի երկինքը եւ բոլոր նրանք, որ բնակւում են նրա մէջ. վա՜յ ձեզ, երկի՛ր եւ ծո՛վ, որովհետեւ ձեր մէջ ընկաւ բանսարկուն մեծ ցասումով, քանի որ նա քիչ ժամանակ ունի ապրելու։
13 Եւ երբ վիշապը տեսաւ, թէ ինքը երկիր ընկաւ, հետապնդեց այն կնոջը, որ արու զաւակ էր ծնել։
14 Եւ կնոջը տրուեց մեծ արծուի երկու թեւ, որպէսզի թռչի անապատ, իր տեղը, այնտեղ, ուր, հեռու օձից, կերակրւում էր երեք եւ կէս տարի։
15 Ապա օձը իր բերանից հեղեղի պէս ջուր թափեց կնոջ յետեւից, որպէսզի նրան ընկղմի։
16 Եւ երկիրն օգնեց կնոջը. բացեց իր բերանը եւ կուլ տուեց այն ջուրը, որը վիշապը թափել էր իր բերանից։
17 Եւ վիշապը զայրացաւ կնոջ դէմ ու գնաց պատերազմելու ընդդէմ նրա միւս զաւակների, որոնք պահում էին Աստծու պատուիրանները եւ վկայում էին Յիսուսին։
18 Եւ նա կանգնեց ծովի աւազի վրայ։