ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 2

1 Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. Այսպէս է ասում նա, որ եօթը աստղեր ունի իր աջ ձեռքում եւ շրջում է եօթը ոսկէ աշտանակների միջեւ։
2 Գիտեմ քո գործերը, քո աշխատանքները, քո համբերութիւնը եւ որ չես կարող տանել չարերին. փորձեցիր նրանց, որ իրենք իրենց մասին ասում են, թէ առաքեալներ են, բայց չեն. եւ գտար, որ նրանք սուտ են խօսում։
3 Եւ համբերեցիր ու վշտացար իմ անուան համար եւ տանջուեցիր։
4 Բայց քո դէմ ասում եմ՝ թողեցիր քո առաջին սէրը։
5 Յիշի՛ր այժմ որտեղի՛ց որ ընկար, ապաշխարի՛ր եւ քո նախկին գործերն արա՛, ապա թէ ոչ ես իսկոյն կը գամ եւ կը շարժեմ քո աշտանակներն իրենց տեղերից, եթէ չապաշխարես։
6 Արդ, այս գործերն արա՛, որպէսզի ատես Նիկողայոսի գործերը, որին ատում եմ ես։
7 Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, ես նրան թոյլ կը տամ ուտելու կեանքի ծառից, որ գտնւում է Աստծու դրախտի մէջ։
8 Գրի՛ր նաեւ Զմիւռնիայի եկեղեցու հրեշտակին. Այսպէս է ասում Անսկիզբը եւ Անվախճանը, որ մեռաւ եւ կենդանացաւ.
9 տեսայ քո գործերը, նեղութիւնը եւ աղքատութիւնը (իսկ քո աղքատութիւնը հարստութիւն պիտի դառնայ), նաեւ հայհոյութիւնը նրանց, որ իրենք իրենց մասին ասում էին, թէ հրեաներ են, բայց այլ բան չէին, քան Սատանայի ժողովուրդ։
10 Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարուես. ահա բանսարկուն պատրաստ է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպէսզի փորձուէք եւ տասը օր նեղութիւն կրէք. եղի՛ր հաւատարիմ մինչեւ մահ, եւ ես քեզ կեանքի պսակը պիտի տամ։
11 Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Սուրբ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, չպիտի վնասուի երկրորդ մահից։
12 Գրի՛ր նաեւ Պերգամոնի եկեղեցու հրեշտակին. Այսպէս է ասում նա, ով սրած երկսայրի սուրն ունի.
13 տեսայ քո գործերը եւ գիտեմ, որ բնակւում ես այնտեղ, ուր Սատանայի աթոռն է. բայց պահում ես իմ անունը. նաեւ չուրացար իմ հաւատը այն օրը, երբ Անտիպաս անունով իմ վկան հաւատարիմ եղաւ ինձ. եւ որովհետեւ վկայ էր իմ հաւատարիմը, սպանուեց ձեր մէջ, այնտեղ, ուր Սատանան է բնակւում։
14 Բայց քո դէմ մի փոքր բան ունեմ ասելու. այն, որ քեզ մօտ կայ վարդապետութիւնը Բաղաամի, այն մարդու, որ Բաղակին սովորեցրեց գայթակղութիւն դնել իսրայէլացիների առաջ, որպէսզի նրանք ուտեն կուռքերին զոհուած միս եւ պոռնկանան։
15 Նոյնպէս եւ դու ունես նիկողայոսեանների վարդապետութիւնը, որ ես ատում եմ։
16 Արդ, ապաշխարի՛ր, ապա թէ ոչ իսկոյն կը գամ եւ կը մարտնչեմ նրանց դէմ իմ բերանի սրով։
17 Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, նրան թոյլ կը տամ, որ ուտի թաքցուած մանանայից, եւ կը տամ նրան սրբութեան գիրքը ու գրուած մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ընդունում է։
18 Գրի՛ր նաեւ Թիւատիրի եկեղեցու հրեշտակին. Այսպէս է ասում Աստծու Որդին, որի աչքերը նման են կրակի բոցի, եւ նրա ոտքերը՝ շիկացած պղնձի.
19 տեսայ քո գործերը, սէրը, հաւատը եւ քո ծառայութիւնը համբերութեամբ, քանի որ քո վերջին գործերն աւելի շատ են, քան առաջինները։
20 Բայց շատ բան ունեմ ասելու քո դէմ. այն, որ դու հանդուրժեցիր Յեզաբէլին՝ այդ կնոջը, որ ինքն իրեն մարգարէ է անուանում եւ մոլորութիւն ուսուցանում իմ ծառաներին, որ պոռնկանան եւ ո ւտեն կուռքերին զոհուածի միս։
21 Եւ նրանց ժամանակ տուի ապաշխարելու իրենց պոռնկութեան համար, բայց չապաշխարեցին։
22 Ահա՛ւասիկ, ես հնո՛ցն եմ գցում նրան, իսկ նրա գործակիցներին, որոնց հետ նա շնացաւ՝ մեծամեծ նեղութիւնների մէջ, եթէ չապաշխարեն իրենց գործերի համար։
23 Եւ պիտի կոտորեմ նրանց որդիներին, եւ բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ ե՛ս եմ, որ զննում եմ երիկամներն ու սրտերը եւ հատուցելու եմ ձեզ՝ իւրաքանչիւրիդ ըստ իր գործերի։
24 Բայց ասում եմ ձեզ, դուք, որ Թիւատիրում էք եւ չէք պահում այս վարդապետութիւնը, դուք, որ չիմացաք, - ինչպէս ասում են, - Սատանայի ծածուկ մտքերը. ձեր վրայ ուրիշ ծանրութիւն չպիտի դնեմ,
25 այլ, ինչ որ ունէք, պահեցէ՛ք, մինչեւ որ ես գամ։
26 Եւ ով յաղթի ու իմ գործերը պահի մինչեւ վերջ, նրան իշխանութիւն պիտի տամ ազգերի վրայ.
27 եւ նա նրանց պիտի հովուի երկաթէ գաւազանով ու նրանց պիտի փշրի ինչպէս բրուտի անօթ։
28 Նոյնպէս եւ ե՛ս ստացայ իշխանութիւնը իմ Հօրից։ Եւ նրանց պիտի տամ առաւօտեան աստղը։
29 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին։