ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 6

1 Տեսայ նաեւ, որ Գառը բացեց եօթը կնիքներից մէկը. եւ չորս կենդանիներից մէկից լսեցի մի ձայն, նման որոտի ձայնի, որ ասում էր՝ գալիս եմ։
2 Եւ ահա տեսայ մի սպիտակ ձի. եւ նա, ով հեծել էր նրա վրայ, աղեղ ունէր. եւ նրան պսակ տրուեց. եւ եկաւ յաղթողը, որ յաղթի։
3 Եւ երբ բացեց երկրորդ կնիքը, մի ձայն լսեցի երկրորդ կենդանուց, որ ասում էր՝ գալիս եմ։
4 Եւ ելաւ ուրիշ, մի կարմիր ձի. եւ ով հեծել էր նրա վրայ, նրան արտօնուած էր վերացնել խաղաղութիւնը երկրից, որպէսզի միմեանց սպանեն։ Եւ նրան տրուեց մի մեծ սուր։
5 Եւ երբ բացեց երրորդ կնիքը, մի ձայն լսեցի երրորդ կենդանուց, որ ասում էր՝ գալիս եմ։ Եւ տեսայ ահա մի սեւ ձի. եւ ով նստել էր նրա վրայ, իր ձեռքին կշեռք ունէր։
6 Եւ չորս կենդանիների միջից ձայն լսեցի. Մի կապիճ ցորեն՝ մէկ դենարի, եւ երեք կապիճ գարի՝ մէկ դենարի. եւ ձէթ ու գինուն վնաս չտաս։
7 Եւ երբ բացեց չորրորդ կնիքը, չորրորդ կենդանուց լսեցի մի ձայն, որ ասում էր՝ գալիս եմ։
8 Եւ տեսայ ահա դեղնաւուն մի ձի. եւ ով նստել էր նրա վրայ, ունէր Մահը. եւ Դժոխքը գնում էր նրա յետեւից։ Եւ նրան իշխանութիւն տրուեց աշխարհի մէկ չորրորդ մասի վրայ կոտորած անելու սրով, սովով, մահով եւ երկրի գազաններով։
9 Եւ երբ բացեց հինգերորդ կնիքը, խորանի տակ տեսայ հոգիներն այն բոլոր մարդկանց, որոնք սպանուել էին Աստծու խօսքի եւ այն վկայութեան համար, որ պահում էին։
10 Նրանք ասում էին բարձր ձայնով. Սո՛ւրբ եւ ճշմարի՛տ Տէր, մինչեւ ե՞րբ պիտի չդատես եւ մեր արեան վրէժը չլուծես երկրի բնակիչներից։
11 Եւ նրանց տրուեցին սպիտակ զգեստներ. եւ ասուեց նրանց, որ մի փոքր ժամանակ հանգստանան, մինչեւ որ ամբողջանան իրենց ծառայակիցներն ու իրենց եղբայրները, որոնք շուտով մահուան պիտի ենթարկուեն, ինչպէս իրենք։
12 Եւ երբ բացեց վեցերորդ կնիքը, տեսայ, որ մեծ երկրաշարժ եղաւ. եւ արեգակը սեւ դարձաւ ինչպէս այծի մազից հիւսուած կարպետը, եւ լուսինն ամբողջովին դարձաւ ինչպէս արիւն։
13 Եւ երկնքի աստղերը թափուեցին երկրի վրայ ինչպէս տերեւը թզենու, որ ուժգին շարժւում է հողմից.
14 եւ երկինքը գալարուեց ինչպէս մագաղաթեայ գիրք. եւ բոլոր լեռներն ու կղզիները շարժուեցին իրենց տեղից։
15 Եւ երկրի թագաւորներն ու իշխանները, հազարապետներն ու մեծամեծները, հզօրներն ու բոլոր ծառաները ու բոլոր ազատները թաքնուեցին քարայրներում եւ ժայռերի ծերպերում։
16 Եւ լեռներին ասում էին՝ ընկէ՛ք մեր վրայ, եւ բլուրներին, թէ՝ ծածկեցէ՛ք մեզ.
17 որովհետեւ եկաւ նրա բարկութեան մեծ օրը. եւ ո՞վ կարող է կանգնել նրա առաջ։