ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 4

1 Եւ սրանից յետոյ տեսայ, որ ահա երկնքի դռները բացուած էին. եւ առաջին փողի ձայնը, որ լսեցի, խօսում էր ինձ հետ ու ասում. Ելի՛ր այստեղ, եւ քեզ ցոյց պիտի տամ, ինչ որ ապագայում լինելու է։
2 Եւ իսկոյն Հոգին բռնեց ինձ։ Եւ ահա տեսայ մի աթոռ այնտեղ, երկնքում.
3 եւ աթոռի վրայ նստել էր մէկը՝ յասպիս եւ սարդիոն քարերի տեսքով.
4 եւ քահանաներ աթոռի շուրջ՝ զմրուխտի տեսքով. եւ այդ աթոռի շուրջ՝ քսանչորս աթոռներ, իսկ աթոռների վրայ նստել էին քսանչորս երէցներ՝ սպիտակ զգեստներ հագած եւ իրենց գլուխների վրայ՝ ոսկէ պսակներ։
5 Եւ այդ աթոռից ելնում էին փայլատակումներ, ձայներ եւ որոտներ. եւ աթոռի առաջ կային բորբոքուած կրակի եօթը ջահեր, որ Աստծու եօթը Հոգիներն են։
6 Եւ աթոռի առաջ՝ ապակէ ծով, նման սպիտակ բիւրեղի, եւ աթոռի մէջտեղում ու աթոռի շուրջը՝ չորս կենդանիներ՝ առջեւից ու յետեւից աչքերով լի։
7 Եւ առաջին կենդանին նման էր առիւծի. եւ երկրորդ կենդանին՝ նման ցլի. եւ երրորդ կենդանին ունէր մարդու դէմք, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծուի։
8 Եւ չորս կենդանիները, որոնցից ամէն մէկը շուրջանակի ունէր վեց թեւ եւ ներսից լի էր աչքերով, զօր ու գիշեր չէին դադարում ասելուց. Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Սո՜ւրբ, Ամենակա՛լ Տէր Աստուած, դու, որ Է-ն ես եւ ես եւ որ գալու ես։
9 Եւ երբ կենդանիները փառք եւ պատիւ եւ գոհութիւն էին մատուցում աթոռի վրայ նստածին՝ յաւիտեանս յաւիտենից կենդանի եղողին,
10 քսանչորս երէցներն ընկնում էին աթոռի վրայ նստածի առաջ եւ երկրպագում յաւիտեանս յաւիտենից կենդանի եղողին եւ իրենց պսակները դնում էին աթոռի առաջ ու ասում.
11 Մեր սուրբ Տէ՛ր Աստուած, արժանի ես ընդունելու փառք եւ պատիւ եւ զօրութիւն, որովհետեւ դո՛ւ ստեղծեցիր բոլորը, եւ քո կամենալո՛վ ստեղծուեցին ու գոյութիւն ունեն։