ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 16

1 Եւ տաճարից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր եօթը հրեշտակներին. Գնացէ՛ք, Աստծու ցասման եօթը սկաւառակները թափեցէ՛ք երկրի վրայ։
2 Առաջին հրեշտակը գնաց եւ իր սկաւառակի պարունակութիւնը թափեց երկրի վրայ. եւ չար պալարներ գոյացան այն մարդկանց վրայ, որ ունէին գազանի դրոշմը ու երկրպագում էին նրա արձանին։
3 Երկրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց ծովի մէջ. եւ ջրերը փոխուեցին ու դարձան ինչպէս մեռելի արիւն։ Եւ ծովի մէջ եղած ամէն կենդանի արարած սատկեց։
4 Երրորդ հրեշտակն իր սկաւառակը թափեց գետերի եւ ջրերի աղբիւրների մէջ. եւ նրանք արիւն դարձան։
5 Եւ լսեցի հրեշտակից, որ ասում էր. Արդար է նա, որ Է-ն է եւ է եւ սուրբ է իր գործերում, քանի որ այսպէ՛ս դատաստան արեց.
6 որովհետեւ սրբերի արիւնը եւ մարգարէների արիւնը թափեցին ամբարիշտները, դրա համար էլ արիւն խմել տուեց նրանց, մի բան, որին արժանի էին։
7 Ապա լսեցի այդ զոհասեղանից մի ձայն, որ ասում էր. Այո՛, Տէ՛ր Աստուած Ամենակալ, արդար ու ճշմարիտ են քո դատաստանները։
8 Չորրորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց արեւի վրայ։
9 Եւ նրան թոյլատրուեց մարդկանց խորշակահար անել կրակով. եւ մարդիկ այրուեցին սաստիկ տապից։ Նրանք հայհոյեցին Աստծուն, որ իշխանութիւն ունի այս պատուհասների վրայ, եւ սակայն չապաշխարեցին, չփառաբանեցին Աստծուն։
10 Հինգերորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց գազանի գահի վրայ. եւ գազանի թագաւորութիւնը խաւար դարձաւ. մարդիկ ցաւից իրենց լեզուներն էին կծոտում։
11 Եւ իրենց ցաւերի ու դառն ախտի պատճառով հայհոյեցին երկնքի Աստծուն, եւ սակայն չապաշխարեցին իրենց գործերից։
12 Վեցերորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց մեծ Եփրատ գետի վրայ. եւ ցամաքեցին նրա ջրերը, որպէսզի ճանապարհ պատրաստուի Արեւելքի թագաւորին։
13 Եւ տեսայ, որ վիշապի բերանից, գազանի բերանից եւ սուտ մարգարէի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ՝ նման գորտերի.
14 քանզի նրանք դիւական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագաւորների մօտ՝ նրանց պատերազմի հաւաքելու Ամենակալ Տիրոջ մեծ օրուայ համար (քանզի այսպէս ասաց Տէրը.
15 Ահա՛ գալիս եմ ինչպէս գող. երանի՜ նրանց, որ արթուն են եւ պահում են իրենց զգեստները, որպէսզի մերկ ման չգան, եւ իրենց ամօթոյքները չերեւան )։
16 Ապա ոգիները թագաւորներին հաւաքեցին մի տեղ, որ եբրայերէն կոչւում է Արմագեդոն։
17 Եօթներորդ հրեշտակն իր սկաւառակից թափեց օդի մէջ. եւ երկնքից ու գահից ելաւ մի բարձր ձայն, որ ասում էր. Եղա՛ւ։
18 Եւ իսկոյն եղան փայլատակումներ, ձայներ եւ որոտներ. եւ եղաւ մի մեծ երկրաշարժ, որպիսին չի եղել մարդու ստեղծուելուց ի վեր։
19 Եւ մեծ քաղաքը երեք մասի բաժանուեց. եւ ընկան ազգերի քաղաքները. եւ Աստուած յիշեց մեծ Բաբելոնը եւ դրան տուեց իր սաստիկ բարկութեան գինու բաժակը։
20 Եւ բոլոր կղզիները հեռու փախան, ու մէջտեղից վերացան լեռները։
21 Մարդկանց վրայ երկնքից թափուեց խոշոր կարկուտ՝ յիսուն կիլոգրամ կշռով։ Եւ մարդիկ հայհոյեցին Աստծուն, - որ երկնքում է, - կարկուտի պատուհասի համար, քանի որ պատուհասը մեծ էր եւ սաստիկ։