ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 18

1 Այնուհետեւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից եւ ունէր մեծ իշխանութիւն. եւ նրա փառքից երկիրը լուսաւորուեց։
2 Նա աղաղակեց բարձր ձայնով եւ ասաց. Ընկա՜ւ մեծն Բաբելոնը, որ եղել էր բնակավայր դեւերի, արգելանոց ամէն տեսակ պիղծ ոգիների ու ամուր բանտ ամէն տեսակ անմաքուր եւ ատելի ոգիների,
3 քանի որ նրա կատաղի պոռնկութեան գինուց հարբեցին բոլոր ազգերը եւ երկրի թագաւորները, որոնք պոռնկութիւն արեցին նրա հետ։ Եւ երկրի վաճառականները հարստացան նրա անչափ զեխութիւնից։
4 Ապա երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. Ելէ՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպէսզի մասնակից չլինէք դրա մեղքերին եւ չընդունէք դրա պատուհասները,
5 քանի որ դրա մեղքերը դիզուեցին հասան մինչեւ երկինք։ Աստուած յիշեց դրա ամբարիշտ արարքները։
6 Եւ նա պիտի հատուցի դրան, ինչպէս որ մեզ հատուցեց։ Եւ դա կրկնակին պիտի ստանայ իր գործերի փոխարէն։ Եւ դուք կրկնակի՛ խառնեցէք նրա համար այն բաժակը, որի մէջ դա խառնեց ձեզ համար։
7 Որչափ փառաւորեց ինքն իրեն եւ ապրեց զեխութեամբ, այդչափ դրան սո՛ւգ հատուցեցէք, քանի որ իր սրտում ասում էր. Միշտ նստած եմ որպէս թագուհի եւ երբեք այրի չեմ։
8 Դրա համար միայն մէկ օրում դրա վրայ պիտի հասնեն պատուհասներ՝ մահ, սուգ եւ սով. եւ դա պիտի այրուի կրակով, քանզի հզօր է Տէր Աստուածը, որ դատապարտեց դրան։
9 Եւ դրա վրայ պիտի լան ու պիտի ողբան երկրի թագաւորները, որոնք պոռնկացան եւ զուարճացան դրա հետ. նրանք պիտի հեծեծեն, երբ տեսնեն դրա տանջանքների այրման ծուխը.
10 դրա տանջանքների երկիւղից հեռու պիտի կանգնեն եւ ասեն. Վա՜յ քեզ, մեծ քաղաք Բաբելոն, հզօ՛ր քաղաք, մէկ ժամում եկաւ հասաւ քո դատաստանը։
11 Եւ երկրի վաճառականները պիտի ողբան ու սգան քո վրայ, քանի որ նրանց ապրանքների հակերը ոչ ոք չի գնում։
12 Եւ չեն լինելու քեզնից ստացուող շահերը ոսկու, արծաթի, թանկարժէք քարերի, մարգարտի, բեհեզի, ծիրանու, ոսկեթել կերպասի եւ որդան կարմրի. ոչ ոք չի գնելու խնկի ամէն փայտ, փղոսկրեայ ամէն անօթ, ազնիւ փայտից, պղնձից, երկաթից եւ մարմարից ամէն անօթ,
13 կինամոն, ամէն տեսակ խունկ եւ անուշահոտ իւղ, կնդրուկ, գինի, ձէթ, ազնիւ ալիւր եւ ցորեն, եւ ամէն ունեցուածք՝ արջառ ու ոչխար, երիվարներ ու կառքեր, որ վայել են մարդկանց մարմիններին եւ հոգիներին։
14 Եւ քո մարմնին ցանկալի ամէն բան գնա՜ց քեզնից, նաեւ՝ ամէն լուսափայլ վայելչութիւն. պարարտութիւնը, գիրութիւնը եւ փառաւորութիւնը գնաց քեզնից. եւ այլեւս չես գտնելու դրանք։
15 Եւ այս բոլորով հարստացած բոլոր վաճառականները քո տանջանքների երկիւղից հեռու պիտի կանգնեն քեզնից եւ լալով ու սուգ անելով պիտի ասեն.
16 Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք, որ հագել էիր բեհեզ, ծիրանի եւ որդան կարմիր ու կրում էիր ոսկէ զարդարանքներ, թանկարժէք քարեր եւ մարգարիտներ,
17 մէկ ժամում քո այնչափ հարստութիւնը վատնուեց։
18 Եւ ամէն նաւավար ու բոլոր նրանք, որ նաւարկում են տարբեր տեղեր, ամէն նաւաստի եւ բոլոր ձկնորսները, որ ուռկան են գցում, հեռու պիտի կանգնեն լալով,
19 պիտի աղաղակեն՝ տեսնելով նրա այրման ծուխը, ու ասեն. Ո՞ր քաղաքն էր նման այս մեծ քաղաքին։
20 Եւ հող պիտի ցանեն իրենց գլուխներին, գուժկանի բարձր ձայնով, լալով ու սգալով պիտի ասեն. Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք, որով հարստանում էինք ամէնքս, նաւեր ունէինք ծովերում շնորհիւ քո ճոխութեան. ինչպէ՞ս կործանուեցիր մէկ ժամում։
21 Երկի՛նք, սո՛ւրբ առաքեալներ եւ մարգարէնե՛ր, ուրախացէ՛ք դրա վրայ, քանի որ Աստուած դրա հանդէպ ձեր դատաստանը տեսաւ։
22 Ապա մի հզօր հրեշտակ առաւ մի քար, նման մի մեծ երկանաքարի, ու գցեց ծովի մէջ՝ ասելով. Այսպէս, արձակուելով պիտի ընկնի մեծ քաղաք Բաբելոնը եւ այլեւս գոյութիւն չպիտի ունենայ։
23 Եւ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների եւ փողհարների ու թմբկի ձայն այլեւս երբեք չպիտի լսուի քո մէջ.
24 եւ ճրագի լոյս այլեւս երբեք չպիտի երեւայ քո մէջ. եւ երկանքի ձայն, փեսայի ձայն ու հարսի ձայն այլեւս երբեք չպիտի լսուի քո մէջ, ոչ էլ ձայնը քո վաճառականների, որոնք երկրի փառաւորներն ու մեծամեծներն էին եւ որոնք զուարճանում էին քո մէջ, քանի որ բոլոր ազգերը մոլորուեցին քո թունաւոր կախարդութեամբ։
25 Եւ քո մէջ գտնուեց ամբողջ արիւնը մարգարէների, սրբերի, ինչպէս նաեւ երկրի վրայ սպանուած բոլոր մարդկանց։