ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 11

1 Այնուհետեւ ինձ տրուեց չափելու մի եղէգ, որ նման էր գաւազանի. եւ հրեշտակը կանգնած էր ու ասում էր ինձ. Վե՛ր կաց եւ չափի՛ր Աստծու տաճարն ու զոհասեղանը եւ հաշուի՛ր այն երկրպագողներին, որ նրա մէջ են։
2 Իսկ այն գաւիթը, որ տաճարից դուրս է, թո՛ղ այն եւ մի՛ չափիր, քանի որ այն տրուել է հեթանոսներին։ Նրանք քառասուներկու ամիս սուրբ քաղաքը ոտքի կոխան պիտի դարձնեն։
3 Եւ իմ երկու վկաներին պիտի պատուիրեմ, որ մարգարէանան հազար երկու հարիւր վաթսուն օրեր՝ քուրձ հագած։
4 Սրանք երկու ձիթենիներն ու երկու ճրագներն են, որ կան Աստծու առաջ՝ երկրի վրայ։
5 Եւ ովքեր ուզենան նրանց վնասել, կրակ պիտի ելնի նրանց բերանից եւ պիտի լափի իրենց թշնամիներին։ Եւ ովքեր ուզենան նրանց վնասել, այսպէ՛ս պիտի կործանուեն։
6 Երկու վկաներն իշխանութիւն ունեն փակելու երկինքը, որպէսզի իրենց մարգարէութեան օրերում անձրեւ չտեղայ. իշխանութիւն ունեն եւ ջրերի վրայ՝ դրանք արիւն դարձնելու, ինչպէս նաեւ հարուածելու երկրին բոլոր հարուածներով, քանի անգամ որ կամենան։
7 Եւ երբ նրանք աւարտեն իրենց վկայութեան բոլոր օրերը, այն ժամանակ անդունդներից ելնող գազանը պիտի պատերազմի նրանց դէմ, պիտի յաղթի եւ պիտի սպանի նրանց։
8 Եւ նրանց դիակը ընկած պիտի մնայ իրենց մեծ քաղաքի հրապարակների մէջ, որ խորհրդանշականօրէն կոչւում է Սոդոմ եւ Եգիպտոս, ուր եւ խաչուեց նրանց Տէրը։
9 Եւ նրանց պիտի տեսնեն բոլոր ցեղերն ու ժողովուրդները եւ բոլոր լեզուներն ու ազգերը, որովհետեւ նրանց դիակը ընկած պիտի մնայ երեք օր. եւ թոյլ չպիտի տան, որ նրանց ոսկորները թաղեն գերեզմաններում։
10 Եւ երկրի վրայ բնակուողները պիտի ուրախանան ու ցնծան նրանց մահուան վրայ, նոյնիսկ ընծաներ եւ նուէրներ պիտի տանեն միմեանց, որովհետեւ այս երկու մարգարէները երկրի բնակիչներին պիտի չարչարեն։
11 Երեքուկէս օր յետոյ կենդանութեան հոգին Աստծուց պիտի մտնի նրանց մէջ, եւ նրանք պիտի վեր կենան կանգնեն իրենց ոտքերի վրայ։ Եւ ահ ու մեծ երկիւղ ընկաւ բոլոր նրանց վրայ, ովքեր տեսան նրանց։
12 Եւ լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր նրանց. Վե՛ր ելէք, եկէ՛ք այստեղ։ Եւ նրանք ելան երկինք՝ ամպերով. եւ իրենց թշնամիները տեսան նրանց։
13 Այդ իսկ ժամին մեծ երկրաշարժ եղաւ, եւ քաղաքի մէկ տասներորդ մասը գետնի տակ թաղուեց. երկրաշարժից մեռաւ եօթը հազար մարդ։ Դրանից յետոյ բոլորի մէջ մեծ ահ առաջացաւ. եւ փառք էին տալիս երկնաւոր Աստծուն։
14 Ահա՛ւասիկ անցաւ երկրորդ վայը, եւ երրորդ վայը գալու է շուտով։
15 Եւ երբ եօթներորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսուեց մի ձայն, որն ասաց. Ամբողջ տիեզերքի թագաւորութիւնը եղաւ մեր Տիրոջը եւ իր Օծեալինը. եւ նա պիտի թագաւորի բոլորի վրայ յաւիտեանս յաւիտենից։
16 Եւ քսանչորս երէցները, որ նստած էին իրենց գահերին, Աստծու առաջ, ընկան իրենց երեսների վրայ, երկրպագեցին Տէր Աստծուն ու ասացին.
17 Գոհութիւն ենք մատուցում քեզ, Ամենակա՛լ Տէր Աստուած, դու, որ Է-ն ես եւ ես, ձեռքդ առար քո մեծ զօրութիւնը եւ թագաւորեցիր։
18 Հեթանոսները զայրացան. բայց հասաւ քո բարկութիւնը, ժամանակը՝ դատելու մեռելներին, տալու վարձը քո ծառաներին՝ մարգարէներին եւ սրբերին, քո անունից վախեցողներին, փոքրերին ու մեծերին եւ ոչնչացնելու երկրի կործանիչներին։
19 Եւ երկնքում բացուեց Աստծու տաճարը, ու երեւաց Աստծու տապանակը իր տաճարի մէջ. եւ եղան փայլատակումներ, ձայներ, որոտներ, երկրաշարժներ եւ՝ ուժեղ կարկուտ։