ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 17

1 Եւ եկաւ մէկը եօթը հրեշտակներից, որոնք եօթը սկաւառակներ ունէին, խօսեց ինձ հետ եւ ասաց. Ե՛կ այստեղ, եւ քեզ ցոյց պիտի տամ դատաստանը այն մեծ պոռնկի, որ նստում է շատ ջրերի վրայ.
2 նրա հետ պոռնկութիւն արեցին երկրի թագաւորները, եւ նրա պոռնկութեան գինուց հարբեցին երկրի բնակիչները։
3 Եւ հրեշտակը առաւ տարաւ ինձ անապատ՝ Հոգով. եւ տեսայ մի կին, որ նստել էր մի կարմիր գազանի վրայ, որի մարմինը ծածկուած էր հայհոյալից գրութիւններով։ Եւ այն գազանը, որին տեսայ, ունէր եօթը գլուխ եւ տասը եղջիւր։
4 Կինը հագել էր ծիրանի ու կարմիր հագուստ եւ զարդարուած էր ոսկով, մարգարտով եւ թանկագին քարերով. նա իր ձեռքին բռնել էր ոսկէ բաժակ, որը լի էր իր գարշելի եւ անմաքուր պոռնկութեամբ։
5 Եւ նրա ճակատին կար գրուած խորհրդաւոր մի անուն. Մեծն Բաբելոն, մա՛յր երկրի պոռնիկների եւ գարշելիների։
6 Եւ տեսայ այդ կնոջը՝ հարբած սրբերի արիւնից եւ բոլոր վկաների արիւնից։ Եւ տեսնելով նրան՝ մեծապէս զարմացայ։
7 Հրեշտակն ինձ ասաց. Ինչո՞ւ զարմացար, ես քեզ կ՚ասեմ իմաստը կնոջ եւ այդ գազանի, որը կրում է նրան եւ որն ունի եօթը գլուխ եւ տասը եղջիւր։
8 Եւ այդ գազանը, որին տեսար, որ կար, բայց այլեւս չկայ, պատրաստ է ելնելու անդնդից՝ գնալու համար դէպի կորուստ։ Եւ բոլոր նրանք, որոնք բնակւում են երկրի վրայ, եւ որոնց անունները գրուած չէին կեանքի գրքում աշխարհի սկզբից, զարմացան, որ դու տեսնում էիր գազանին, որ կար, այլեւս չկայ, բայց վերստին գալը մօտ է։
9 Այստե՛ղ է ահա, որ պէտք է իմաստութիւն ունեցող միտք ունենալ։ Եօթը գլուխները եօթը լեռներն են, որոնց վրայ նստել էր կինը։ Նրանք նաեւ եօթը թագաւորներն են.
10 թագաւորները, որոնք եօթն էին, նրանցից հինգը ընկան, մէկը ապրեց, մէկն էլ դեռ չի եկել. եւ երբ գայ, մնալու կարճ ժամանակ կ՚ունենայ։
11 Եւ այն գազանը, որ կար, բայց այլեւս չկայ, նա էլ ութերորդ թագաւորն է. բայց նա այն եօթից մէկն է եւ դէպի կորուստ է գնալու։
12 Եւ այն տասը եղջիւրները, որ տեսար, տասը թագաւորներ են, որոնք դեռեւս թագաւորութիւն չեն ստացել, բայց կը ստանան եւ մի ժամով իշխան կը լինեն. նրանք իշխանութիւն կը ստանան գազանի հետ։
13 Սրանք միակամ են եւ իրենց զօրութիւնն ու իշխանութիւնը տալիս են գազանին։
14 Եւ սրանք պատերազմելու են Գառան դէմ, եւ Գառը նրանց յաղթելու է, քանի որ նա Տէրն է տէրերի եւ Թագաւորը՝ թագաւորների. եւ ովքեր նրա հետ են, կանչուածներ են, ընտրեալներ եւ հաւատարիմներ։
15 Նաեւ հրեշտակն ասաց ինձ. Եւ այն ջրերը, որ տեսար, եւ ուր նստած էր պոռնիկը, ժողովուրդներ են, բազմութիւններ, ազգեր եւ լեզուներ։
16 Եւ գազանի տասը եղջիւրները, որ տեսար, դրանք պիտի տեսնեն պոռնկին, պիտի ատեն նրան, պիտի ուտեն նրա մարմինը եւ պիտի այրեն նրան կրակով.
17 քանզի Աստուած այս բանը դրեց նրանց սրտում. որ նրանք լինեն միակամ եւ թագաւորութիւնը տան գազանին, մինչեւ որ կատարուի Աստծու խօսքը։
18 Եւ այն կինը, որին տեսար, մեծ քաղաքն է, որ թագաւորում է երկրի թագաւորների վրայ։