ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 9

1 Փող հնչեցրեց նաեւ հինգերորդ հրեշտակը. եւ տեսայ, որ մի աստղ ընկաւ երկնքից։ Եւ նրան տրուեց անդունդների գբի բանալին։
2 Գբից ծուխ էր բարձրանում, ինչպէս մեծ հնոցի ծուխը։ Խաւարեց արեգակը, ինչպէս նաեւ՝ օդը։
3 Գբից մորեխ էր դուրս գալիս երկրի վրայ. եւ նրանց տրուեց զօրութիւն՝ նման կարիճի խայթոցների զօրութեան.
4 եւ նրանց ասուեց, որ չվնասեն երկրի խոտին, ոչ էլ ծառերին, այլ միայն՝ երկրային այն մարդկանց, որոնք իրենց ճակատի վրայ չունեն Աստծու կնիքը։
5 Եւ նրանց հրաման տրուեց, որ չսպանեն նրանց, այլ հինգ ամիս չարչարեն. եւ նրանց չարչարանքը նման էր կարիճի խայթոցների, երբ նա խայթում է մարդուն։
6 Եւ այն օրերին մարդիկ մահը պիտի փնտռեն, բայց չպիտի գտնեն, պիտի ուզենան մեռնել, բայց մահը պիտի փախչի նրանցից։
7 Եւ մորեխը նման էր պատերազմի պատրաստուող ձիուն. եւ նրանց գլուխների վրայ կարծես ոսկէ պսակ կար. նրանց երեսները նման էին մարդու երեսների,
8 եւ նրանց մազերը՝ կնոջ մազերի, եւ նրանց ատամները՝ առիւծի ատամների։
9 Եւ նրանք ունէին զրահներ, որոնք նման էին երկաթէ զրահների. եւ նրանց թեւերի ձայնը նման էր կառք քաշող բազում ձիերի ձայնին, որոնք արշաւում են պատերազմի։
10 Նրանք ունէին պոչեր՝ նման կարիճների պոչերի, եւ խայթոցներ՝ իրենց պոչերին. եւ իշխանութիւն ունէին հինգ ամիս չարչարելու մարդկանց։
11 Եւ իրենց վրայ որպէս թագաւոր ունէին դժոխքի հրեշտակին. եւ նրա անունը եբրայերէն Աղբադոն էր, որ հայերէն լեզուով կոչւում է՝ Կորուստ։
12 Ահա՛ւասիկ անցաւ մէկ վայը, եւ գալու են դեռ երկու վայեր։
13 Փող հնչեցրեց նաեւ վեցերորդ հրեշտակը. եւ այն չորս կենդանիներից, որ Աստծու խորանի առաջ էին, լսեցի մի ձայն,
14 որ ասում էր վեցերորդ հրեշտակին, որը փող ունէր. Եփրատ գետի վրայ կապուած չորս հրեշտակներին արձակի՛ր։
15 Եւ արձակուեցին չորս հրեշտակները, որոնք պատրաստ կանգնած էին ժամուայ, օրուայ, ամսուայ եւ տարուայ համար, որպէսզի սպանեն մարդկութեան մէկ երրորդ մասը։
16 Եւ նրանց հեծեալ զօրքերի քանակը բիւր բիւրաւոր եւ հազար հազարաւոր էր. իմացայ նրանց թիւը։
17 Եւ տեսիլքում տեսայ ձիեր ու նրանց վրայ՝ հեծեալներ, որոնք ունէին հրէ զրահներ եւ ծծմբով հրդեհուած յակինթներ. եւ ձիերի գլուխները նման էին առիւծների գլուխների. եւ նրանց բերանից ելնում էր կրակ, ծուխ եւ ծծումբ։
18 Եւ մարդկութեան մէկ երրորդ մասը կոտորուեց այս հարուածներից՝ այն կրակից, ծխից եւ ծծմբից, որ ելնում էին նրանց բերանից.
19 որովհետեւ ձիերի զօրութիւնը իրենց բերաններում է եւ իրենց պոչերի վրայ. եւ նրանց պոչերը նման էին օձի. եւ ունէին գլուխներ, որոնցով սպանում էին անիրաւներին։
20 Եւ մարդկութեան մնացած մասը, որ չմեռաւ այս հարուածներից, չապաշխարեց, ոչ էլ յետ կանգնեց իր ձեռքի գործերից՝ դեւերին եւ ոսկէ, արծաթէ, պղնձէ, քարէ եւ փայտէ կուռքերին երկրպագելուց, կուռքեր, որոնք ոչ տեսնել կարող են, ո՛չ լսել եւ ո՛չ էլ քայլել։
21 Եւ նրանք չապաշխարեցին իրենց մարդասպանութիւնից, կախարդութիւնից, պոռնկութիւնից եւ գողութիւնից։