ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 5

1 Տեսայ նաեւ աթոռի վրայ նստողի աջ ձեռքում մի գիրք՝ գրուած ներսից եւ դրսից ու կնքուած եօթը կնիքով։
2 Եւ տեսայ մի զօրաւոր հրեշտակ, որ կանչում էր բարձր ձայնով. Ո՞վ է արժանի բաց անելու գիրքը եւ քանդելու նրա կնիքները։
3 Եւ ոչ ոք կար, ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրայ, ո՛չ էլ երկրի տակ, որ կարողանար բանալ գիրքը, որովհետեւ չէին տեսել այն։
4 Եւ ես ուժգին լաց էի լինում, քանի որ չգտնուեց մէկը, որ արժանի լինէր բաց անելու գիրքը եւ նայելու նրա մէջ։
5 Եւ երէցներից մէկն ինձ ասաց. Լաց մի՛ եղիր. ահա՛ յաղթեց առիւծը, որ Յուդայի ցեղից է, Դաւթի արմատից, որ բաց է անելու գիրքը եւ քանդելու է նրա եօթը կնիքները։
6 Եւ տեսայ, որ աթոռի եւ չորս կենդանիների ու երէցների միջեւ կար մի Գառ՝ մորթուած. նա ունէր եօթը եղջիւր եւ եօթը աչք, որ Աստծու եօթը Հոգիներն են՝ ուղարկուած ամբողջ երկրով մէկ։
7 Եւ նա եկաւ վերցրեց գիրքը աթոռի վրայ նստողի աջ ձեռքից։
8 Եւ երբ առաւ գիրքը, չորս կենդանիներն ու քսանչորս երէցներն ընկան Գառան առաջ. եւ իւրաքանչիւրն ունէր քնար եւ խնկով լի ոսկէ բուրվառ, որ սրբերի աղօթքներն են։
9 Եւ նոր երգեր էին երգում ու ասում. Արժանի ես առնելու այդ գիրքը եւ բաց անելու դրա կնիքները, քանի որ մորթուեցիր եւ գնեցիր մեզ Աստծու համար, քո արիւնով, բոլոր ցեղերից եւ լեզուներից ու հեթանոսների բազմութիւններից։
10 Եւ նրանց թագաւորներ ու քահանաներ դարձրիր մեր Աստծուն, որպէսզի թագաւորեն երկրի վրայ։
11 Տեսայ նաեւ ու լսեցի ձայնը բազում հրեշտակների, որոնք կանգնած էին աթոռի եւ չորս կենդանիների ու քահանաների շուրջը. եւ նրանց թիւը բիւր բիւրաւոր եւ հազար հազարաւոր էր։
12 Նրանք ասում էին բարձր ձայնով. Արժանի է այդ մորթուած Գառը ընդունելու մեծութիւն, իմաստութիւն, զօրութիւն, պատիւ, փառք եւ օրհնութիւն։
13 Լսեցի նաեւ, որ երկնքում, երկրի վրայ եւ ծովում եղած բոլոր արարածները, ինչպէս նաեւ դրանց մէջ եղած ամէն ինչ ասում էին. Նա, որ նստած է աթոռի վրայ, ինչպէս եւ Գառը, թող օրհնեալ, բարձրացեալ եւ փառաւորեալ լինի յաւիտեանս յաւիտենից։
14 Եւ չորս կենդանիներն ասում էին՝ Ամէն։ Եւ երէցներն ընկնում էին նրա առաջ ու երկրպագում։